ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

27.03.2018 20:15 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Այն, որ «Ելքը» քայքայվում է, թերեւս ոչ ոքի համար գաղտնիք չէ: Բայց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացնող «Ելք» խմբակցության քարտուղար ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆԸ զարմանալի անկեղծությամբ բացեիբաց խոստովանում է. «Այն ճանապարհային քարտեզին, որը մեզ ներկայացվել է ժամանակին, համաձայն չէինք: Հիմա փոփոխությունների է ենթարկվել, դրանցից մենք տեղյակ չենք, չենք էլ կարող կարծիք հայտնել: Այս պահին չենք պատրաստվում միանալ: Մեր գործընկերները ամբողջ սրտով հավատում են, որ կարող են փոխել, բայց մենք չենք հավատում այն քարտեզին, որը մեզ ներկայացվել էր ի սկզբանե»: Բայց սա դեռ ամբողջը չէ, զարմանալիորեն պարզվում է, որ բացառված չէ` «Ելքը» առաջադրի միանգամից վարչապետի երկու թեկնածու` մեկը Նիկոլ Փաշինյանը, իսկ մյուսը` դաշինքի մյուս երկու կուսակցությունների կողմից.  «Դեռ կքննարկենք, քանի որ համատեղ «Ելք»-ի ծրագրերն են եղել: Հիմա, քանի դեռ կա առանձին «Քաղաքացիական պայմանագրի» գործունեությունը, մենք մտադրություն ունենք չխանգարել: Զուգահեռաբար հիմա չենք ծավալի: Վարչապետի թեկնածու առաջադրելուն ժամանակ կա, բայց չենք էլ քննարկել այս իրավիճակում: Տեսնենք` զարգացումներն ինչպիսին են լինելու, կորոշենք»:

ԶԱՐՄԱՆՔ

Մենք արդեն առիթ ունեցել էինք անդրադառնալու ՖԵՅՍԲՈՒՔԻ արած սրիկայությանը` 50 միլիոն օգտատերերի տվյալների արտահոսքին, որի շուրջ հետաքննություն է անցկացվում Իսրայելում: Եվ ահա ԱՄՆ-ի Առեւտրի դաշնային հանձնաժողովը մարտի 26-ին հաստատել է, որ  Facebook-ի օգտատերերի տվյալների արտահոսքի առիթով հետաքննություն է սկսել: «Առեւտրի դաշնային հանձնաժողովը շատ լուրջ է վերաբերվում ԶԼՄ-ների վերջին տեղեկություններին, որոնք մտահոգություն են հայտնել Facebook-ի գաղտնիության կանոնների վերաբերյալ»: Դե ինչ ասես, նրանց տեղն է, որ նորանոր երկրներ հետաքննում են իրենց գործունեությունը, եւ իրենք էլ մեկ շաբաթում 58 միլիարդ դոլար են կորցրել: Առավել եւս, որ ՏՏ մասնագետները նաեւ հայտնաբերել են, որ հեռախոսների ֆեյսբուքյան հավելվածները թռցնում են հեռախոսազանգերի եւ SMS-ների պատմությունը: Հավանաբար մեր ընթերցողներից շատերը, կամ նրանց երեխաները, սիրում են Հարրի Փոթերի մասին գրքերը եւ ֆիլմերը: Եվ ահա, ինչ զարմանալի փորձանք է եկել այդ կերպարը ստեղծած բրիտանուհի գրող ՋՈԱՆ ՌՈՈՒԼԻՆԳԻ գլխին: Թվիթեր սոցիալական ցանցում նա հավանության նշան էր դրել մի գրառման, ուր տրանսգենդերները համեմատվել են կնոջ զգեստ հագած տղամարդկանց հետ: Ու սկսվեց` այսպես կոչված, ԼԳԲՏ հանրությունը, բառիս բուն իմաստով, սկսեցին քրքրել գրողին ու մեղադրանքների տարափ լցնել նրա գլխին: Այդքանից հետո զարմանալի է, թե ինչպես են դեռ խոսում  Բրիտանիայում խոսքի ազատության առկայության մասին:

Մենք քանիցս առիթ ունեցել ենք մատնանշելու, որ ծնողներն իրենց երեխաներին պետք է սովորեցնեն համացանցում անվտանգ «երթեւեկելու» կանոնները ճիշտ այնպես, ինչպես սովորեցնում են ճանապարհային երթեւեկության անվտանգությունը: Բայց զարմանալիորեն պարզվում է, որ շատերը նույնիսկ փողոց անցնելը չեն սովորեցնում: ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ տվյալներով` 2017-ին արձանագրվել է անչափահասների մասնակցությամբ 177 վրաերթ, 2 երեխա է զոհվել, 150-ից ավելի էլ` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ընդ որում, դեպքերի 70 տոկոսը եղել է հենց փողոցը սխալ հատող անչափահասների մեղքով: Դե ինչ, լավ է, որ ՃՈ-ն որոշել է առաջարկել դպրոցներում ավելի շատ ժամանակ հատկացնել ճանապարհային երթեւեկության կանոնների ուսուցմանը:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА