ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ-ում եւս կընտրեն ՌԴ նախագահի, անգամ եթե Վրաստանից են եկել ընտրության

14.03.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ՀՀ-ում եւս կընտրեն ՌԴ նախագահի, անգամ եթե Վրաստանից են եկել ընտրության

Մարտի 18-ին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններին Ռուսաստանի քաղաքացիները կարող են մասնակցել նաեւ Հայաստանում: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոս ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՊՆԻՆԸ:

«Համենայնդեպս, որպես քաղաքական ուժ, կլինենք առաջին գծում»

- Շիրակում մենք կունենանք չորս ընտրական տեղամաս` Գյումրիի ռուսական 102 ռազմաբազայում եւ ՌԴ հյուպատոսությունում: Ընտրություններին կարող են մասնակցել 18 տարին լրացած ՌԴ բոլոր քաղաքացիներն` առանց բացառության: Նրանք կարող են գալ հենց ընտրության օրը` առանց ինչ-որ հավելյալ գրանցման, իսկ եթե ինչ-որ մեկն ուզում է նախօրոք գալ, որպեսզի իրեն գրանցեն նախընտրական ցուցակում, կարող է եւ այդպես անել, ում ինչպես որ հարմար կլինի: Այնպես որ, եթե ինչ-ինչ պատճառներով չի կարող գալ նախօրոք գրանցման, դա կարող է անել հենց ընտրության օրը` ժամը 8-ից մինչեւ 20:00-ն: Ասեմ, որ ընտրական հանձնաժողովն արդեն ձեւավորվել է: Մենք այս մասին տեղեկացնում ենք ՌԴ քաղաքացիներին` ե՛ւ նրանց, ովքեր ժամանակավորապես գտնվում են Երեւանում, ե՛ւ նրանց, ովքեր միշտ այստեղ են ապրում: Անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքացիներն ունենան անհրաժեշտ տեղեկատվություն: Իսկ ընտրությունների օրվան նախորդող երկու օրերին հյուպատոսությունում կլինեն ընտրական հանձնաժողովից ներկայացուցիչներ, որպեսզի եթե ընտրության հետ կապված հարցեր ծագեն, կարողանան դիմել նրանց: Այնպես որ, կանենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք  ընտրողների հարմարավետությունը: Առիթից օգտվելով` եւս մեկ անգամ ուզում եմ հրավիրել մեր քաղաքացիներին մասնակցել ընտրություններին:

– Նախկինում ընտրություններին մասնակցելու համար այստեղ գալիս էին նաեւ Վրաստանում բնակվող ՌԴ քաղաքացիները: Արդյոք այս անգամ եւս նման հնարավորություն կտրվի նրանց:

– Մեզ մոտ կարող են գալ բոլոր ՌԴ քաղաքացիները` առանց բացառության, եւ սա կապված չէ իրենց բնակության վայրից: Մենք չենք առանձնացում մեր քաղաքացիներին` անկախ նրանից, որտեղ են ապրում, եւ ընտրություններին մասնակցելու հրավիրում ենք բոլորին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ի դեպ, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը եւս հաղորդագրություն է տարածել, որում ասված է, որ ընտրական տեղամաս կգործի նաեւ Երեւանում` ՌԴ դեսպանատանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА