ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՅՍ ԱՆԳԱ՞Մ ՈՐՆ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՓՈՐԱՑԱՎԸ

09.03.2018 21:50 ԶԱՐԿԵՐԱԿ
ԱՅՍ ԱՆԳԱ՞Մ ՈՐՆ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՓՈՐԱՑԱՎԸ

Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը կրկին խոսել է Հայաստանում կոռուպցիայի բարձր մակարդակի մասին: Նրա խոսքով` Հայաստանում ազդեցիկ մարդիկ օգտագործում են իրենց կապերը բիզնեսն առաջ տանելու համար, որի հետեւանքով առաջանում է անառողջ մրցակցություն: Այն, ինչ ասաց դեսպանը, նոր բան չէ. Հայաստանում ո՞վ չգիտի կոռուպցիայի առկայության մասին: Այլ բան, որ մի կողմից դա որեւէ օտարերկրյա դեսպանի գործը չէ: Եվ երկրորդը. կարելի է բազում օրինակներ բերել, թե ինչպես է արեւմտյան այս կամ այն դեսպանը հայաստանյան կոռուպցիայի մասին խոսել՝ ինչ-ինչ այլ նպատակներից ելնելով: Այսինքն, միանգամայն տեղին կլիներ այս հարցադրումը՝ ինչ նպատակ է հետապնդում ԱՄՆ դեսպանը՝ հերթական անգամ խոսելով այդ մասին: Թեմայի վերաբերյալ «Իրավունքը» լսեց տարբեր կարծիքներ:

«Սա այն իրավիճակը չէ, որ ԱՄՆ-ն ճանաչի Ցեղասպանությունը»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ.

- Ամերիկացի ներդրողների Հայաստան չգալու պատճառը ոչ թե կոռուպցիան է, այլ այն, որ մեր երկիրն անընդհատ գտնվում է չավարտված պատերազմի մեջ: Այս դեպքում ներդրումներ կատարելը ռիսկային է: ԱՄՆ դեսպանը թող մատնանշի ամերիկացի մեկ ներդրողի, որ եկել է Հայաստան եւ իշխանությունների պատճառով ներդրումներ չի արել եւ հեռացել է: Եթե ԱՄՆ դեսպանը կամ որեւէ մեկը կոռուպցիայի տեղը գիտի, թող ասի, ես տեղյակ չեմ, թե այդ կոռուպցիան որտեղ է կամ ով է դրանով զբաղվում: Մեր պետությունը, չասեմ մեծ պատերազմների, սակայն անընդհատ պատերազմի վտանգի տակ է գտնվում, այս պարագայում պետք չէ կարծել, որ ամերիկացին կգա ու այստեղ ներդրումներ կանի:

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ.

- Այս հայտարարությունը նշանակում է փաստերի արձանագրում: Իհարկե, ԱՄՆ-ն կցանկանար, որ Հայաստանում լիներ մրցակցային միջավայր ներդրումների համար, որի շնորհիվ Հայաստանը կզարգանար: Ասածիս ապացույցն այն է, որ ԱՄՆ-ի համար կարեւոր է Կովկասում ուժերին պահել հավասար վիճակում, ինչը մեր դեպքում հնարավոր կլինի, եթե տեսանելի լինի մեր երկրի տնտեսության զարգացման տեսլականը: Այն կետերը, որոնք նշել է Միլսը, իրոք մեր տնտեսությունում առկա են, եւ դրանց վերացումը մեզ համար պետք է լինի առաջնային խնդիր:

«Կոռուպցիայի հակազդման ասոցացիա» ՀԿ նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆ.

- Իհարկե, Հայաստանում կոռուպցիա կա, սակայն այն մեծ չափերի չի հասնում, ինչ-որ դեսպանը ներկայացնում է. տարիներ առաջ կոռուպցիոն դեպքերն ավելի շատ էին: Մեզանում կոռուպցիոն ռիսկեր կան տարբեր ոլորտներում , այս խնդիրը միշտ եղել է եւ կմնա: Այսօր այն մեծ խնդիր է տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար կտրուկ գործողություններ պետք է արվեն: Բայց հարկ է նկատել, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունն արվում է այն ժամանակ, երբ քաղաքական որոշ իրադարձություններ են տեղի ունենում: Սովորաբար մեզ մոտ գրանտակերները նման իրավիճակներում հայտարարում են, թե կոռուպցիան մեծ չափերի է հասել, խնդիրները շատացել են եւ այլն:

Ի՞ՆՉ ԻՄԱՍՏ ՈՒՆԻ ԵՄ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ ԱՅՍ ԲԱԽՈՒՄԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА