ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թուրքիայի հետ պետք է միշտ զգոն լինել». Ռ. Սաֆրաստյան

21.02.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Թուրքիայի հետ պետք է միշտ զգոն լինել». Ռ. Սաֆրաստյան

Օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Մյունխենի անվտանգության համաժողովում պատասխանելով «Եվրասիա խմբի» նախագահ եւ հիմնադիր Յան Բրեմերի հարցին, մասնավորապես նշել էր. «Մեր խնդիրը միայն Ադրբեջանը չէ` մեր խնդիրը Թուրքիայի աներկբա սատարումն է Ադրբեջանին»: Հիշեցնենք, որ դրանից առաջ էլ, ԵԽԽՎ լիագումար նիստում ՀՀ նախագահը ընդգծել էր, որ 2016 թվականի ռազմական գործողությունների ժամանակ Թուրքիան միակ պետությունն էր աշխարհի, ով սատարեց այդ ռազմական գործողությունները, եւ նախագահի ու վարչապետի մակարդակով չորս օրում հինգ հայտարարություն ընդունվեց` ի պաշտպանություն Ադրբեջանի. «Այդպիսի պարագաներում ի՞նչ քայլեր մենք կարող ենք ձեռնարկել: Դա մեր ժողովրդի համար վիրավորական կլինի: Հարաբերություններ հաստատելու համար գնալ միակողմանի զիջումների»: Անդրադառնալով միջազգային բարձր ամբիոններից ՀՀ նախագահի կողմից հնչեցված գնահատականներին` ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում այն որակեց ոչ թե կոշտ, այլ օբյեկտիվ:

Ու՞մ է իր հետ բերել երգչուհի Էմմին Հայաստան

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԶԻՋԵԼՈՒ ՈՒ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԻՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻՑ»

- Միանգամայն դրական եմ գնահատում ՀՀ նախագահի այդ գնահատականները եւ կարծում եմ, որ այն բխում էր իրադրության ճիշտ վերլուծությունից: Դրանք ելնում են այն պարզ փաստից, որ Թուրքիայի ղեկավարությունը, վերնախավը, ինչ կուսակցության էլ պատկանի, դեմ է Հայաստանի հետ երկկողմանի, միջպետական հարաբերությունների կարգավորմանը: Եվ շատ ճիշտ նշվեց ՀՀ նախագահի կողմից, որ այդ որոշումն ընդունում է Թուրքիայի ղեկավարությունը, իսկ Ադրբեջանի դիրքորոշումն օգտագործում են որպես պատրվակ` իրենց որոշումը քողարկելու համար:

– Պարոն Սաֆրաստյան, ըստ Ձեզ, այս ելույթներն ի՞նչ արձագանք կարող են ունենալ թե՛ Թուրքիայից, թե՛ միջազգային հանրության կողմից:

– Թուրքիայից ոչ մի արձագանք էլ չեմ ակնկալում: Չեմ տեսնում, որ իրենց վերնախավի մոտ որեւիցե ցանկություն կարող է առաջանալ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու` դրա համար ո՛չ նշան կա, ո՛չ էլ նույնիսկ նախանշան: Այսինքն` Թուրքիան շարունակելու է իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, որի էությունը հետեւյալն է` օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանի աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական դիրքն անբարենպաստ է, չունի ելք դեպի ծով, չորս սահմաններից երկուսը փակ են եւ այլն, ուրեմն` Թուրքիան կարող է Հայաստանի վրա ճնշում գործադրել` պարտադրելով ինչ-որ որոշումներ` կապված Արցախի, Ցեղասպանության, Կարսի պայմանագրի հետ, որպեսզի Հայաստանն իր դիրքորոշումից, իր մոտեցումներից հրաժարվի: Բայց տասնյակ տարիները ցույց տվեցին, որ Հայաստանը չի զիջելու ու չի հրաժարվելու իր մոտեցումներից: Դրա համար Թուրքիան էլ շարունակում է իր այդ քաղաքականությունը, որը միջազգային հարաբերությունների բնագավառում բնութագրվում է` որպես հարկադրման քաղաքականություն:

«ԻՆՉՔԱՆ ՇՈՒՏ ԱԶԱՏՎԵՆՔ ԱՅԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ»

–ՀՀ նախագահի կողմից կոնկրետ ժամկետ էր նախանշվել, որ մինչեւ գարուն հայ-թուրքական արձանագրություններն առոչինչ են ճանաչվելու: Այսօր արդեն կարելի՞ է ասել, որ զուտ թղթաբանություն է մնացել դրա համար:

– Այդ արձանագրություններն արդեն իրենց դերը խաղացել են, եւ դրանք այսօր մեռած փաստաթղթեր են ու ոչ մի նշանակություն չունեն: Ինչպես ՀՀ նախագահը ճիշտ նշեց, այդ արձանագրությունները որոշակի պայմաններում, որոշակի իրադրության արդյունք էին, որ ստեղծվել էին այն ժամանակ, բայց Թուրքիան չցանկացավ ստորագրել: Իսկ հիմա իրադրությունը փոխվել է, դրա համար էլ այդ արձանագրությունները բացարձակ ոչ մի արժեք չունեն: Ինչքան շուտ ազատվենք այդ արձանագրություններից, այնքան լավ:

Այսօր Նադեժդա Սարգսյանը կդառնար 64 տարեկան

– Ի դեպ, այս օրերին Թուրքիան շարունակում է իր առաջխաղացումը սիրիական Աֆրին շրջանում ու փաստացի որեւէ գերտերություն այս անգամ չի պատրաստվում բռնել նրա ձեռքը: Ի՞նչ կարելի է եզրակացնել այս ամենից:

– Սա ոչ թե Թուրքիայի առաջխաղացումն է, այլ փաստորեն, Թուրքիան օկուպացրել է այդ քրդաբնակ մասը եւ շարունակում է իր գրաված տարածքներն ընդլայնել: Դուք ճիշտ նշեցիք, որ աշխարհի ուժեղ կենտրոններից ոչ մեկը Թուրքիային լուրջ քննադատության չենթարկեց, էլ չեմ ասում, որ չդատապարտեց` այդ գործողությունները բնութագրելով ագրեսիա սուվերեն Սիրիա պետության դեմ: Նույնիսկ միջազգային կազմակերպությունները, այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը լռությամբ շրջանցեցին այն: Այսինքն` սրանից ենթադրում եմ, որ Թուրքիային թույլ է տրվել որոշակի գործողություններ իրականացնել Աֆրինի շրջանում:

«ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ՇԱՏ ԼԱՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

–Իսկ ի՞նչ վտանգներով է հղի Սիրիայի ուղղությամբ թուրքական զորքերի ագրեսիան մեզ համար:

– Մեզ համար ռեալ վտանգ չեմ տեսնում, բայց եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Թուրքիան կարողանում է շատ լավ օգտագործել մեծ տերություններին, այսպես ասած` աչք փակել, բնականաբար, Թուրքիան նաեւ վտանգ է մեզ համար: Այն մի կողմից` չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, մյուս կողմից` կարողանում է դիվանագիտական հնարքներ օգտագործելով` հասնել նրան, որ իր ագրեսիան անուշադրության են մատնում: Այնպես որ,   Թուրքիայի հետ պետք է միշտ զգոն լինել: Այս առումով` շատ կարեւորում եմ, որ մեր դիվանագիտությունը կարողանա Թուրքիայի իրական պատկերը ներկայացնել` ցույց տալով, թե ինչ վտանգավոր եւ ագրեսիվ պետություն է: Պետք է աշխատել ամենատարբեր միջազգային ատյաններում, հարթակներում բարձրացնել այս հարցը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА