ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՏՃԱՌՈ՞Վ ԱԼԻԵՎՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՋ ԲԵՐԵՑ

14.02.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՏՃԱՌՈ՞Վ ԱԼԻԵՎՆ  ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՋ ԲԵՐԵՑ

Այն բանից հետո, ինչ Ալիեւն Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարեց, Արցախի շուրջ իրավիճակն ակնհայտորեն տեղափոխվել է քաղաքական փոխհրաձգության հարթություն: Ընդ որում, անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը ալիեւյան հիստերիայի դեմը չառավ:

Առաջիկա ամիսները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներ կբացեն. Թրամփ

 

ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ

Նախ հիշեցնենք վերջին օրերի անցուդարձը: Այսպես, անցած շաբաթվա կեսերին, երբ համանախագահները հանդիպեցին Ալիեւի հետ, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւը հայտարարեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ղարաբաղյան կարգավորման ինտենսիվ բանակցությունները շարունակել Ադրբեջանում եւ Հայաստանում նախագահական ընտրություններից հետո, այսինքն՝ մայիս-հունիսին: Ու սրա հետ միաժամանակ, համանախագահները նաեւ ակնարկեցին, որ իրենց այս այցի հիմնական նպատակներից էր հրադադարի պահպանման վերահսկողական մեխանիզմները, այն է՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայտնի ապայմանավորվածությունները վերջապես կյանքի կոչելը: Հաշվի առնելով նաեւ, որ այդ մասին անգամ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը հայտարարություն արեց ՀՀ ԱԳ նախարարի հետ վերջին՝ Կրակովում կայացած հանդիպումից հետո: Իսկ ահա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այդ մասին խոսեց ուղիղ տեքստով. «Ըստ իս, ներկայումս կողմերը մոտ են այդ պայմանավորվածությունների կոնկրետ պարամետրերը իրականացնելուն: Մենք հույս ունենք, որ ԵԱՀԿ-ն կկարողանա օպերատիվ կերպով դրանք կիրառման մեջ դնել: Հույս ունենք, որ այն, ինչի մասին պայմանավորվել են Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները եւ ինչին ակտիվորեն աջակցել է ՄԽ-ն, կիրականացվի»:

Նկատենք, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հիշատակված հայտարարությունը միանգամայն տեղավորվում էր սահմանային վերահսկողության մեխանիզմների հետ կապված ՄԽ-ի եւ Լավրովի հայտարարությունների հետ: Այն է, այդ մեխանիզմների ներդրումը «ինտենսիվ բանակցությունների» առաջ միանգամից կանաչ լույս է վառում: Եվ ահա, այս ամենից հետո Մամեդյարովը կտրուկ շուռ տվեց իրավիճակը, հայտարարելով, թե ՄԽ-ն պետք է առաջնորդվի բացառապես 1993թ.-ի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այն 4 բանաձեւերով, որից ամեն անգամ կառչում է Բաքուն, երբ փորձում է հրաժարվել ընթացիկ բանակցային պայմանավորվածություններից: Մամեդյարովի ասածն էլ, երբ համանախագահները արդեն Հայաստանում էին, «պեչատեց» Ալիեւը՝ «Ենի մուսաֆաթի» համագումարում հայտարարելով, որ ոչ միայն Ղարաբաղն է իրենցը, այլ նաեւ՝ Զանգեզուրը եւ Երեւանը, եւ որ դրանք վերցնելն Ադրբեջանի ռազմավարական ծրագրերի հիմնասյուներն են: Ասել, թե Ալիեւը կատարյալ հիմար է եւ դրանից ելնելով էլ՝ նման կոպիտ քաղաքական սխալ թույլ տվեց, միամտություն կլիներ: Բայց որ նման հայտարարությունն իրոք կոպիտ սխալ էր, քանի որ այդ կերպ նա, ըստ էության, ապտակեց ոչ թե Հայաստանին, այլ ՄԽ համանախագահ երկրներին, թերեւս ուշացումով, բայց Բաքվում էլ հասկացան: Եվ երկրորդ սխալը. փորձելով ցույց տալ, թե հայերն են, որ խախտում են հրադադարը, մի փչացած «Վիլիս» վառեցին, թե, տեսեք, դիվերսիա է: Միայն թե, այդ ո՞ր մի նորմալ մարդը կհավատար, որ հայկական ուժերը կարող են «Վիլիսով», այն էլ՝ համարները վրան, սահմանից, այսինքն՝ ականապատ տարածքից եւ մյուս պաշտպանական օբյեկտներից այն կողմ անցնել, թե՝ դիվերսիա են անում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Սերժ Սարգսյանին մնում էր միայն մեր երկրի ստանձնած բանակցային պարտավորությունները վերահաստատելով, միաժամանակ համանախագահների ուշադրությունը հրավիրել Երեւանի մասին Ալիեւի հայտարարության վրա ու, թերեւս, նաեւ հռետորական հարց ուղղել՝ այսպե՞ս է Բաքուն արձագանքում հասարակությունները խաղաղության պատրաստելու եւ առարկայական բանակցություններ վարելու մշտական հորդորներին: Այնուհետեւ, ՀՀ նախագահը նույն իրավիճակը ներկայացրեց նաեւ Հայաստան այցելած ԱՄՆ ներկայացուցչին՝ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկը հոմոսեքսուալ է

 

ԱԼԻԵՎԸ ՍՏԻՊՎԱԾ ԷՐ

Այսպիսով, այդ ի՞նչ փոխվեց Բաքվում, որ եթե մինչ ՄԽ-ի այցը հանգիստ ինչ-որ բաներ էին պայմանավորվում, հետո միանգամից կատաղեցին: Չնայած, հարցադրումը պետք է մի քիչ այլ կերպ հնչեցնել: Այսինքն, Բաքուն ամենեւին էլ հանգիստ չէր բանակցում: Հիշեցնենք, հիմնական թեման սահմանային վերահսկողության մեխանիզմների մասին է, որը Բաքվի համար մղձավանջների ցանկում երկրորդ տեղում է՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս ճանաչելուց հետո: Նկատի ունենք, որ այդ մեխանիզմների ներդրումը, ըստ էության, ակնարկ է համանախագահող պետությունների կողմից, որ առկա ստատուս-քվոն կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի ընդունում հակամարտության կարգավորման առաջարկվող հայտնի տարբերակը: Համենայնդեպս այն, որ Ալիեւն ամեն կերպ փորձում է խուսափել այդ մեխանիզմների ներդրումից, արդեն իսկ խոսում է Բաքվի համար դրանց անցանկալիության մասին: Եվ ահա, երբ Մամեդյարովը ստիպված էր Նալբանդյանի հետ անցած հանդիպումից հետո հաստատել, որ պատրաստ են այդ մեխանիզմների կիրառմանը, հասկանալի է, ոչ թե բարի կամքի դրսեւորում էր, այլ՝ պարտադրանք: Ալիեւն էլ իր հերթին, ՄԽ-ի հետ հանդիպման ժամանակ, ելնելով համանախագահների տոնայնությունից, զգացվում է, որ ստիպված է եղել վերահաստատել Մամեդյարովի պայմանավորվածությունները: Ընդ որում, եթե կարողանար ճնշմանը դիմակայել, հաստատ չէր անի: Եվ ահա, այսքանից հետո ասել, թե համանախագահների հեռանալուց հետո Ալիեւը ճնշմանը դիմակայելու ինչ-որ նոր տարբերակներ է մտածել կամ՝ այդ ճնշումն առաջ բերող մեխանիզմներն ինչ-որ կերպ փոխվել են, միամտություն կլիներ: Այսինքն, ըստ ամենայնի, հենց առաջին իսկ կուլուարային առիթով համանախագահ երկրներին կփորձի համոզել, թե, գիտեք ինչ, Երեւանը գրավելու մասին ասածս նախընտրական քարոզ էր, լուրջ մի վերաբերվեք:

 

ԲԱՔՎԻ ՆՈՐ ԱՂՎԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Կարճ ասած, առաջին հայացքից այն տպավորությունն է, որ ավելի լուրջ պետք է վերաբերվել սպասվող ակտիվ բանակցությունների մասին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հիշատակված հայտարարությունից բխող տրամաբանությանը: Բայց մեդալին փորձենք նաեւ մյուս երեսից նայել: Այն, որ Ալիեւն ամենեւին էլ պատահականորեն ընտրություններն առաջ չբերեց, հասկանալի է: Թե որն է դրա իրական իմաստը, ժամանակի ընթացքում կտեսնենք: Բայց ահա դրա հետեւանքներից մեկը կարող է լինել սա: Ալիեւը, հայտարարելով ընտրություններից հետո Արցախի հետ կապված ակտիվ բանակցությունների հեռանկարի մասին, ըստ էության՝ «բազար» է սկսում համանախագահ երկրների հետ: Այն է. «Եթե ես հանգիստ ընտրվեմ, կկարողանամ խոստացածս անել: Ուրեմն պետք է թույլ տաք, որ հանգիստ ընտրվեմ»:

Դանիայի ներգաղթի նախարարը մուսուլմաններին առաջարկել է արձակուրդ գնալ Ռամադան ամսին

Իհարկե, Ալիեւն առանց դրսից թույլ տալ-չտալու էլ ունի վերարտադրության համար անհրաժեշտ ուժային ռեսուրսը: Բայց Ղարաբաղի հետ կապված ճնշումներն առանձնահատուկ են, դրանք միաժամանակ գալիս են երեք ուժային կենտրոններից՝ ՌԴ-ից, Եվրոպայից եւ ԱՄՆ-ից, որոնք, որքան էլ ժամանակակից աշխարհում տարօրինակ է, թերեւս, որպես սիմվոլ, արցախյան թեմայով ունեն նույն մոտեցումը: Եվ կբավարարի՞ Ալիեւի ռեսուրսները, եթե ճնշումները գան այդ երեք կենտրոններից: Նաեւ հաշվի առնելով, որ նախագահական ընտրությունները ճնշումային լավագույն գործիքներից մեկն են, որը հազիվ թե չկիրառվեր, երբ Ալիեւից պահանջում են՝ համաձայնել սահմանային վերահսկողության մեխանիզմների ներդրման հետ: Նկատենք, որ եթե ընտրությունները լինեին աշնանը, ինչպես որ նախատեսված էր, ապա այդ մեխանիզմների ներդրման հարցում Ալիեւին պարտադրելու բավականաչափ ժամանակ կլիներ: Առաջ բերելով ընտրությունները` Ալիեւը հենց այդ ժամանակն է կրճատում: Մնում է միայն հիշատակված ուժային կենտրոններին համոզել, թե ոչինչ չի փոխվել, եւ որ այս ընթացքում կտրուկ քայլերի չգնան: Իրականում ա՞յս մեխանիզմն է գործում: Միանգամայն հնարավոր է՝ ելնելով նրանից, որ արտահերթ ընտրությունների որոշումը եղավ այն պահին, երբ կրակովյան հանդիպումից հետո ակտիվ փուլ էր անցել սահմանային մեխանիզմների կիրառման ծրագիրը, իսկ Ալիեւը պետք է վերջնական պատասխաններ տար ՄԽ-ի այս այցի ժամանակ: Իսկ այն, որ Ալիեւի առաջադրվելու մասին պաշտոնապես հայտարարվեց համանախագահների հետ հանդիպմանը զուգահեռ, միգուցե ակնարկ է, որ հանգիստ ընտրվելու հարցում կան որոշ նախնական պայմանավորվածություններ: Բայց այն, որ ընտրվելուց հետո Ալիեւին ճնշելու այդ գործոնն արդեն չի աշխատի, դա էլ է հասկանալի: Այսինքն, նա հանգիստ կարող է հրաժարվել ամեն մի պայմանավորվածությունից: Բայց հերթական անգամ երեք առանցքային ուժերին խաբելը նա կարո՞ղ է մարսել: Չնայած, աշխարհն այնքան անկանխատեսելի է, որ ինչ իմանաս՝ վաղն ի՞նչ կտրուկ փոփոխություններ կլինեն:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА