КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 07. 12. 2019 : :
Ամանորն ավարտվել է, սակայն մինչ օրս սպառողները շարունակում են բողոքել՝ տոնական օրերին Հայաստանի սպառողական շուկայում գրանցված խախտումներից, որոնք հիմնականում կապված են եղել ժամկետանց ապրանքների, կրկնապիտակի հետ: Օգտվելով խառնաշփոթ վիճակից` երբ սպառողները տոնական օրերին «ինքնամոռաց» գնումներ էին կատարում եւ այդքան էլ ուշադրություն չէին դարձնում մակնշմանը, որոշ տնտեսվարողներ հին ու նոր ապրանքն իրար են խառնել ու վաճառել:
Այսպես, օրերս «Իրավունքի» խմբագրություն էր դիմել Սոնա Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ Ամանորի նախօրեին մտել է Ավան-Առինջում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետ գնումների եւ... «Դեկտեմբերի 30-ին գնացի գնումների ու պանրի բաժնում նկատեցի, որ պանրի վրա կա կրկնապիտակ: Աշխատակցուհուն կանչեցի ու ասացի, որ սա խախտում է, նա էլ սկսեց ինձ բացատրել, թե պիտակներից մեկը կոդ է, որով ապրանքն անցկացնում են դրամարկղում: Սուպերմարկետի աշխատակիցը երեւի կարծեց, թե օրենքներից տեղյակ չեմ, եւ ամեն ինչ այդպես կանցնի, կգնա: Մի կրկնապիտակը հանեցի պանրի վրայից, պարզվեց` այնտեղ երեք մակնշում կա, երեքն էլ՝ տարբեր»,- պատմեց Ս. Հակոբյանը:
Դեպքից անմիջապես հետո, ինչպես պատմեց Սոնան, դիմել է ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը` ՍԱՊԾ, որը սկսել է ուսումնասիրել գործը, եւ վաճառքից հանվել է տվյալ պանրի խմբաքանակը: Բայց ամեն ինչ այսքանով չի ավարտվել: Դեկտեմբերի 31-ի գիշերը Սոնան կրկին մտել է սուպերմարկետ... «Ի զարմանս ինձ, նույն պանիրը նույն կրկնապիտակով կրկին դրված էր վաճառքում: Բացի այդ, տեսա, որ լավաշի վրա չկա մակնշում, աշխատակցուհուն ասացի, որ կրկին խախտում են օրենքը: Նա էլ ինձ համոզում էր, թե լավաշը թարմ է, մակնշումն այդքան էլ էական չէ: Իհարկե, կրկին զանգահարեցի ՍԱՊԾ, եւ այս անգամ եւս ծառայության աշխատակիցները սկսեցին ուսումնասիրություն»,- պատմեց մեր զրուցակիցը եւ փաստեց, որ սուպերմարկետից ստիպված է օգտվում, քանի որ տարածքում, որտեղ ինքն է բնակվում, այլ խանութներ գրեթե չկան:
Սոնան սպառողներին հորդորում է ինքնամոռաց չդատարկեն խանութները, ստուգեն մակնշումները եւ եթե ժամկետանց սննդամթերք նկատեն` չգնեն. «Ուշադիր եղեք, հնարավոր է՝ արտադրողի եւ խանութի ժամկետները չհամապատասխանեն իրար, կամ կրկնապիտակներով լինեն: Իսկ եթե մակնշումը բացակայում է, ընդհանրապես մի գնեք: Վաճառողի «ազնիվ խոսքով» մի առաջնորդվեք»:
«Իրավունքը» փորձեց պարզաբանման համար կապ հաստատել նաեւ սուպերմարկետի պատասխանատուների հետ: Ավան-Առինջում գտնվող «Զովք» սուպերմարկետից մեզ հետ զրույցում անձը, որը այդպես էլ չներկայացավ, նշեց, թե տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը. «Նույն հեռախոսահամարով զանգահարեք, ձեզ հետ վերեւից կխոսեն»: Փորձեցինք զանգահարել կրկին նույն համարով, սակայն «վերեւներից» մեր զանգերին պատասխանող չեղավ:
Իսկ Սոնա Հակոբյանը նաեւ տեղեկացրեց, որ դեպքից հետո հաճախ է մտնում սուպերմարկետ, նույնիսկ այն ժամանակ, երբ գնումների նպատակ չունի, որպեսզի հասկանա, թե տնտեսվարողը շարունակում է խախտել օրենքը, թե` ոչ. «Քանի որ այս շրջանում վերահսկողություն կա, որեւէ խախտում դեռ չկա: Այլ հարց է, թե ինչ կլինի, եթե վերահսկողությունը չլինի»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ