ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՎ ԻՆՉՊԵՍ ՀԱՍՑՐԵՑ ՏՈՆԵԼ ԱՄԱՆՈՐԸ

12.01.2018 22:00 ՄՇԱԿՈՒՅԹ
ՈՎ ԻՆՉՊԵՍ ՀԱՍՑՐԵՑ ՏՈՆԵԼ ԱՄԱՆՈՐԸ

Լավ թե վատ իրադարձություններով 2017 թվականն արդեն անցյալում է, 2018-ը հավակնում է լինել տարվա խորհրդանիշի նման հավատարիմ ու նպատակասլաց տարի: Ինչեւէ, տոնական օրերին բոլորը փորձեցին հնարավորինս հետաքրքիր դիմավորել Նոր տարին՝ մի մասն իրեն շռայլություն թույլ տվեց արտերկիր մեկնել, մյուսներն էլ շռայլություն համարեցին տարվա ընթացքում գոնե մի քանի օր տոնական օրերն անցկացնել ընտանիքի հետ: Շոուբիզնեսյան աստղիկիները, մշակույթի եւ հանրային ոլորտի ներկայացուցիչները հիմնականում իրենց հեքիաթային Ամանորը պատկերացրին եւ մեկնեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Արաբական Միացյալ Էմիրություններ, ոմանք էլ՝ Եվրոպա, եւ ոչ բոլորն էն դեռ վերադարձել հայրենիք, հուսանք՝ հին Նոր տարին նրանց կվերադարձնի:
Այդուհանդերձ, այս տոնական օրերը Հայաստանում էլ վատ չանցավ՝ «Իրավունքն» արձանագրել է տոնական օրերին մի քանիսի հետաքրքիր ձեռքբերումները:

«ԻՆՉՊԵՍ ԱՊՐՈՒՄ ԷՐ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՖԻԼՄԵՐ ԷՐ ՆԿԱՐՈՒՄ»

ՆԱԴԵԺԴԱ ԲԱԲԿԻՆԱՆ ԱՄԱՆՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ
Մինչ հայ հանրային դեմքերը նախընտրել էին տոնական օրերն անցկացնել արտերկրում, այդ օրերին Ամանորը Հայաստանում անցկացնելու նպատակով Երեւանում էր ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, «Ռուսկայա պեսնյա» թատրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար ՆԱԴԵԺԴԱ ԲԱԲԿԻՆԱՆ: 
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի, տնօրենի տեղակալ Կարեն Փահլեւանյանի ուղեկցությամբ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստը իրեն ուղեկցող անձանց՝ թատրոնի գործադիր տնօրեն Անդրեյ Սոբյանինի եւ ՌԴ Կեմորովոյի մարզի փոխմարզպետ Ելենա Պախոմովայի հետ եղավ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում: Հյուրերը շրջել են հուշարձանի տարածքում՝ ծանոթացել մեր մշակութային ժառանգության գոհարներից մեկի պատմությանը, ապա տաճարի ներսում ունկնդրել դուդուկի անզուգական հնչյունները: Հայկական հոգեւոր երաժշտությամբ տպավորված ՀԽՍՀ ժողովրդական  արտիստուհի Նադեժդա Բաբկինան էլ է հանդես եկել կատարումով:
ՌԴ արտիստուհին նշել է, որ առաջին անգամ է Գառնիում, եւ ստացած տեղեկատվությունն այնքան բովանդակալից է, որ դժվարանում է խոսել տպավորությունների մասին. «Ինձ դուր է գալիս, որ դուք այստեղ ապրում ու այս ամենի մասին պատմում եք սիրով ու հուզմունքով: Իմ ամենագլխավոր տպավորությունը, որ Ամանորը անցկացնում եմ Հայաստանում, որտեղ մարդիկ այն նշում են ուրախ, երգում են, ուրախանում»:

2018-Ի ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԵՐԳԻՉԸ ՀԱՅՐԻԿ ԴԱՐՁԱՎ
2018-ը առանձնահատուկ տարի է երգիչ ՎԻԳԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ համար, որը հանրությանը հայտնի է ինչպես հայկական ժողովրդական երգերի ուրույն կատարումներով, այնպես էլ իսպանական երգերով: Երգչի առաջին ու կարեւոր անակնկալը եղավ հենց 2018-ի առաջին օրը՝ հունվարի 1-ին. «Այս տարին իմ կյանքում կլինի միակն ու ամենակարեւորը, քանի որ 01.01.2018-ին, ժամը՝ 01:00-ի սահմաններում, լույս աշխարհ եկավ իմ առաջնեկը՝ Արթուր Հովսեփյանը, իմ կյանքի ամենալավ նվերը»,- գրել է երջանիկ հայրիկը, ապա նաեւ իր շնորհավորանքները հղել Նոր տարվա կապակցությամբ. «Շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարին, թող այս տարին հաջողություններով լի տարի լինի հայ ազգիս համար, եւ թող սերը դեպի հայրենիքն ու հայկականը ավելի արմատավորվի մեր մեջ, քանի որ դրանով կարելի կլինի ունենալ մեր երազանքների Հայաստանը»: 
Հավելենք, որ հայրիկ դարձած երգչին հաջողությունները սկսեցին ուղեկցել դեռեւս նախորդ տարվա վերջից, որովհետեւ նրա կողմից նորովի մատուցված «Գուլո» երգը  ընդգրկվել էր New York Music Daily-ի տարվա 100 լավագույն երգերի ցանկում: Իսկ մեզ մնում է փոքրիկ Արթուրին, որը, ի դեպ, կրում է պապիկի անունը, մաղթել անհոգ մանկություն եւ անսահման երջանկություն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Մանկական Եվրատեսիլ 2017» մրցույթի օնլայն քվեարկության առաջին փուլը սկսված է. ինչպես քվեարկել Միշայի օգտին (տեսանյութ)

ՍԵԲՈՒՀ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՆԱԽԸՆՏՐԵԼ ԷՐ ԱՄԱՆՈՐՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՇՈՒՇԻՈՒՄ
Հայտնի երգիչ ՍԵԲՈՒՀ ՍԻՄՈՆՅԱՆԸ նախընտրել էր Ամանորն անցկացնել Շուշիում: Հունվարի 1-ին «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղում երգիչն իր գեղեցիկ կատարումներով ողջունեց եւ շնորհավորեց շուշեցիների Ամանորն ու Սուրբ ծնունդը: Շուշեցիներն էլ հետ չմնացին երգչից, իրենք էլ երգ ու պարով միացան Սեբուհին: Հանդիպման ավարտին «Նարեկացի» արվեստի միությունը Սեբուհ Սիմոնյանին նվիրեց «Արցախյան երիտասարդ եւ մանուկ կարպետագործներ» ծրագրի շրջանակում գործած կարպետներից մեկը՝ ի նշան բարեկամության:

ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴՆ ՈՒ ՈՐԴՈՒ ԾՆՈՒՆԴԸ ՆՇԵԼ Է ԱՐՑԱԽՈՒՄ
ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ Սուրբ ծնունդն անցկացրեց Արցախում. «Ինձ համար երազանք էր Ծննդյան տոնը Արցախում անցկացնել: 2016-ի ապրիլից հետո միշտ տոնական Ստեփանակերտը, համառ-մարտական Մարտակերտը լուռ էին՝ ոչ տոնական: Էն մեր դիրքապահ արծիվներին, որ ողջ տարին տեսնում եմ այսքա՛ն ուժեղ, կամային, ժպիտները դեմքներին, հասկացա, որ պարտավոր եմ երազանքս իրականացնել: Ստեփանակերտում Ծննդյան տոնին նվիրված համերգ էր, ուրախ ու գունեղ տոն: Որդիս, ընկերներս ինձ հետ կիսում էին այս ուրախությունը»,- երջանիկ արձանագրում է երգչուհին: Ի դեպ, ոչ միայն Սուրբ ծնունդը, այլ նաեւ կրտսեր որդու՝ Գագիկի ծննդյան տարեդարձը՝ հունվարի 6-ին,  երգչուհին նշել է հենց Արցախում:

«ԵՐԲ ՄԵԾԱՑԱՆՔ, ՏՈՆՆ ԱՆՀԱՄԱՑԱՎ»
Մինչ Հայաստանում մեծամասնությունը ուտելիքներից ճկվող սեղանների շուրջ բաժակ բարձրացնելով կենացներ էր շռայլում ու տարվա խորհրդանիշ շունիկից խնդրում կատարել նյութական ու անձնական երազանքներ, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, բեմադրիչ ԳՐԻԳՈՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ երազում է ապրել խաղաղ ու օրինապահ երկրում.  «Ուզում եմ, որ միայն լինի խաղաղություն, եւ չլինի ոչ մի տեսակի պատերազմ»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց Գրիգորն ու ամփոփելով նախորդ տարին` շեշտեց. «2017-ը ծանրաբեռնված էր՝ հագեցած էր ներկայացումներով, եւ փաստեմ, որ մասսայական մի քանի ներկայացումներ վստահվեց ինձ, որոնք, կարծում եմ,՝ պատվով կատարեցի: Իսկ 2018-ից ակնկալիքներս այլ են, ուզում եմ, որ մեր երկրում հստակեցվի սոցիալական, տնտեսական ու քաղաքական վիճակը, ամենակարեւորը՝ պահպանվեն օրենքները, Սահմանադրությունը: Եթե մեր երկրում օրենքը սկսի գործել, մեզ էլ ոչինչ պետք չէ՝ ես օրենքի դիկտատուրան ընդունում եմ»:
Ըստ Գրիգորի` Ամանորը երեխաների համար է, ու տոնական ճոխ սեղանների փոխարեն պետք է մտածել երեխաների համար այդ օրերը տոն դարձնելու մասին. «Ասում են, թե Ամանորն ընտանեկան տոն է, ուրեմն պետք է ուշադրություն դարձնել, որ տոնն առաջին հերթին երեխաների համար կայանա, ոչ թե՝ ճոխ սեղաններով: Մեր ազգն ընկնում է ինչ-որ պատրաստությունների, ճոխ սեղանների հետեւից, կարծես մրցակցության մեջ են մտնում եւ մոռանում իրական տոնի մասին: Մանուկ ժամանակ բոլոր Ամանորները լավն էին ինձ համար, երբ մեծացանք, այդ տոնն անհամացավ»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ԻՆՉՊԵՍ ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԱՂԹԱԿԱՆ ԹՄԲՈՒԿԸ ՀԱՍԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА