ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դեռ էլի կբերվեն օրենքներ, որոնք մեր ազգի մենթալիտետին հարիր չեն»

20.12.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Դեռ էլի կբերվեն օրենքներ, որոնք մեր ազգի մենթալիտետին հարիր չեն»

ԱԺ արտահերթ նիստում երեկ քննարկվեց ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ դրան կից օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, որի արդյունքում ակնկալվում է ՀՀ ընտանեկան օրենսգիրքը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Այս օրենսդրական փոփոխության վերաբերյալ առաջարկներով էին հանդես եկել ԱԺ պատգամավորներ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, Հակոբ Հակոբյանը, Ջեմմա Բաղդասարյանը, ինչպես նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ում հետ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը:

Նախնական արդյունքներով Երեւանի ավագանիում կլինեն «Իմ քայլը», ԲՀԿ-ն եւ «Լույսը»

«ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ՈՐԴԵԳՐՎԱԾ ՇԱՏ ԵՐԵԽԱՆԵՐ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՈՉ ՆՈՐՄԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»

– Պարոն Գրիգորյան, մասնավորապես ի՞նչ մտահոգություններ ունեիք` այս օրենսդրական փոփոխության հետ կապված:

– Իհարկե, ընդհանուր առմամբ` ընդունելի նախագիծ է, բայց այնտեղ կար մի կետ, ըստ որի, փաստորեն, մի ծնողի առկայության դեպքում հնարավոր չէ երեխայի ազգանունը փոխել: Մենք հաշվի ենք առել այն դեպքը, որ մի ծնողը կարող է մահացած լինել, իսկ կենդանի ծնողին հնարավորություն պետք է տանք, որ կարողանա իր առաջարկությամբ` երեխայի ազգանունը փոխել: Այս առաջարկությունը քննարկվել է հանձնաժողովում, եւ լավ է, որ ընդունվել է: Այսինքն` օրենքով կսահմանվի, որ մի ծնողի չլինելու դեպքում, կենդանի ծնողը հնարավորություն կունենա փոխել երեխայի ազգանունը:

– Այս օրենսդրական փոփոխությամբ` նաեւ որոշակի կարգավորում կա օտար երկրներում` որդեգրման հետ կապված: Եվ, ըստ էության, պարզվեց, որ ընդամենն առաջին 3-5 տարին է վերահսկողություն իրականացվում այդ ընտանիքների նկատմամբ: Մտավախություն չունե՞ք, որ անհայտ է, թե հետո ինչ է լինում օտար երկրում որդեգրված երեխայի ճակատագրի հետ: 

– Իսկապես, այստեղ որոշակի մտավախություն կա, եւ տեղեկատվություն ստանալը շատ կարեւոր եւ լուրջ խնդիր է: Մենք պետք է կարողանանք հետեւողական լինել եւ տեղեկատվություն ստանալ, թե տվյալ երեխան ինչ վիճակում է գնվում, որտեղ է գտնվում, ինչ կյանքով է ապրում եւ ինչ ընտանիքում է հայտնվել: Եթե օրինապահ ընտանիք է, ուրեմն` կարող ենք հանգիստ լինել, մինչդեռ շատ դեպքերում տեղեկություններ են լինում, որ արտասահմանում որդեգրված շատ երեխաներ գտնվում են ոչ նորմալ պայմաններում: Հատկապես` վերջին շրջանում շատ էր խոսվում այն երեխաների մասին, որոնց նկատմամբ դաժան վերաբերմունք են ցուցաբերել որդեգրած ծնողները:

«ՎԻՃԵԼԻ ՀԱՐՑԵՐ ԿԱՆ»

– Եթե հայրենիքում է որդեգրվում երեխան, վերահսկող օղակները հայտնի են եւ իրականացնում են այդ գործընթացը: Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում օտար երկրում վերահսկողությունը:

– Օտար երկրում մենք ունենք դիվանագիտական կառույցներ, դեսպանատներ, դեսպանատան աշխատակիցներ, եւ կարծում եմ` այդ համապատասխան կառույցների միջոցով կարելի է ճշտել, թե այդ երեխաներն ինչ ընտանիքներում են հայտնվել:

«Լույսն» ու «Իմ քայլը» քաղաքական նոր սիրավե՞պ են սկսում

– Ի դեպ, ընտանեկան օրենսգիրքը` համապատասխանեցնելով միջազգային կոնվենցիային` ընդլայնվում է նաեւ երեխայի սեփական կարծիքն արտահայտելու  իրավունքը: Մասնավորապես` խոսքը 10 տարին չլրացած երեխայի կարծիքը հաշվի առնելու մասին է: Ինչպե՞ս պետք է տարանջատվի, ասենք, 5 տարեկան երեխան մանկական «կապրի՞զ» է դրսեւորում, թե՞ ծանրակշիռ տեսակետ է արտահայտում:

– Իհարկե, վիճելի հարցեր կան, բայց, ամեն դեպքում, չեմ կարծում, որ այդ տարիքում երեխաները կկարողանան լիարժեք դրսեւորել իրենց կարծիքը: Միեւնույն ժանանակ, այստեղ նաեւ մարդու իրավունքների, երեխաների պաշտպանության խնդիր կա, եւ կարծում եմ` հենց սա է հիմք ծառայել, որ նման հասակի երեխաների կարծիքը պետք է հաշվի առնվի: 

«ԵԹԵ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ ԲԵՐՎԻ, ԻՀԱՐԿԵ, ԵՍ ԴԵՄ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ»

– Այս նախագծով նաեւ ծնողական իրավունքներից զրկելու կարգում ընդլայնվել է ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնող անձանց շրջանակը: Այստեղ եւս խնդիր չե՞ք տեսնում: 

– Գիտեք, ինչքան վերահսկող օղակն ընդլայնվի, այնքան տեղեկատվությունն ավելի շատ կլինի: Իհարկե, այս օրենքով որոշակի կազմակերպություններին իրավունք է տրվում, որ կարողանան դիմել ծնողական իրավունքներից զրկելու համար, բայց  այստեղ ամենամեծ դերակատարությունը պետք է ունենա վերջնական որոշում ընդունող օղակը, որ պետք է հավաստի փաստերի վրա որոշում կայացնի: 

– Նախ ընդունվեց Ընտանիքում բռնության օրենքը, հիմա քննարկվում է ընտանեկան օրենսգրքի փոփոխությունը, եւ բոլորն էլ ունեն նույն պատճառաբանությունը` ստանձնել ենք միջազգային պարտավորություններ: Չե՞ք կարծում, որ կամաց-կամաց այդ պարտավորությունների գերին ենք դառնում:

– Չէի ասի, որ գերի դառնալու խնդիր է, բայց նաեւ, որպես եվրոպական ընտանիքի անդամ, պետք է որոշակի պարտավորություններ կատարենք: Իհարկե, դուք շատ լավ գիտեք իմ դիրքորոշումը նույն ընտանեկան բռնությունների մասին օրենքի վերաբերյալ, եւ ես դեմ եմ քվեարկել դրան: Դեմ եմ, որ երրորդ կողմը մտնի մեր ընտանիքներ, եւ  մասնակի բռնության դեպքերը չի կարելի ընդհանրացնել, բայցեւ կողմնակից չեմ բռնության ու ոչ մի նորմալ քաղաքացի չի խրախուսի ընտանիքում բռնությունը: Ի վերջո, մենք կարողացել ենք մեր ավանդական լավագույն արժեքները այսքան տարի պահպանել, եւ ընտանիքը մեզ համար սրբություն է: Իսկ ինչ մնում է այս օրենքների ընդունմանը, կարծում եմ` դեռ էլի կլինեն որոշակի օրենքներ, որոնք մեր ազգի մենթալիտետին հարիր չեն: Եվ պարզ է, որ խորհրդարանը պետք է դրսեւորի իր դիրքորոշումը` նման օրենքների հանդեպ: Օրինակ, եթե համասեռամոլության մասին օրենք բերվի, իհարկե, ես դեմ եմ լինելու ու երբեւիցե չեմ կարող կողմ լինել: Խոսում են մարդու իրավունքներից, բայց այստեղ արդեն մենթալիտետի, մոտեցման հարց է: Ես անձամբ` որպես Վարդեւան Գրիգորյան, դեմ եմ, բայց սա իմ կարծիքն է, թե ինչպիսին կլինի խմբակցության, քաղաքական մեծամասնության դիրքորոշումը, չեմ կարող ասել:

Հաղթանակ, որը կարելի է պարտություն համարել

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА