ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՒՄ ԿՕԳՆԻ ԿԱՄ  ՉԻ ՕԳՆԻ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ

28.06.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՈՒՄ ԿՕԳՆԻ ԿԱՄ  ՉԻ ՕԳՆԻ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ


Րաֆֆի Հովհաննիսյանի անցկացրած համագումարը թեեւ իր հռչակագրով հռչակում է «թավշյա հեղափոխության» գաղափարը, սակայն դա բացի քմծիծաղից, ուրիշ ոչինչ չի առաջացնում: Եվ դա հասկանալի է` հռչակողները բացարձակապես լուսանցքային են, ունեն նույնիսկ ավելի քիչ ներուժ, քան Զարուհի Փոստանջյանի ստեղծած կուսակցությունը: ԸՆԴԱՄԵՆԸ 
ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ 
ՊԱՀՊԱՆՈՒՄ
Սակայն մեծ-մեծ խոսելով զբաղված է ոչ միայն «Ժառանգությունը»` իր ուղեկիցներ Սեյրան Օհանյանով եւ Վարդան Օսկանյանով, այլեւ ծայրահեղականների այն թիմը, որ զորակցում է ՊՊԾ գունդը զավթած գրոհայիններին: Ճիշտ է, նման է, որ աջակիցները մի քիչ փող են ստացել, քանզի սոցիալական ցանցերում ավելացել է «ծռաշեղված» հայհոյաբանությունների քանակը, բայց ընդհանուր առմամբ պարզ է, որ այդ թիմի երգը  երգված է: Իզուր չէր, որ գրոհայինների փաստացի առաջնորդ Վարուժան Ավետիսյանը դատարանում գնաց հուսահատ քայլի` իշխանության բռնի տապալման կոչ հնչեցնելով: Թեեւ դրա հետեւանքը քրեական օրենսգրքի նոր հոդվածի հավելումն է եւ վստահաբար, լրացուցիչ պատժաժամկետը, սակայն այդ «ինքնազոհությունն» էլ առանձնապես արդյունք չտվեց: 
Որոշակի աշխուժություն զգացվեց այն բանից հետո, որ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց ժողովրդավարական չգիտեսինչության համար 2 միլիոն եվրո հատկացնելու մասին, բայց պարզ է, որ գրանտային այդ գումարով ռեալ խոշոր խնդիր լուծել հնարավոր չէ: Դրանով անգամ տեւական փողոցային ակցիաների հարց չի լուծվում, եւ եթե հաշվի առնենք, թե ինչքան շատ են գրանտասեր ՀԿ-ները, ապա պարզ է դառնում, որ այդ գումարն ունի ընդամենը մեկ գործառույթ` որպեսզի, կոպիտ ասած, գրանտալափ «քաղաքացիական հասարակությունը» եւ «Ժառանգության» պես ծայրահեղ արեւմտամետ կուսակցությունները սովից չզկռտան: Այսինքն` դա սոսկ կառույցների պահպանման ծախս կարելի է համարել: Այդ կառույցները կոնսերվացվում են, ապահովում են նրանց նոմինալ գոյությունը, որպեսզի եթե երբեւէ հարմար պահը գա, զրոյից ստեղծելու անհրաժեշտություն չլինի: Այդ պատճառով է, որ այդ ճամբարի ներկայացուցիչներն այդքան սիրում են «ֆորս-մաժոր» բառը, քանզի միայն ֆորսմաժորային իրավիճակում կարող են հուսալ, որ կվերադառնան իրենց լավ օրերը: Իսկ այդպես` ԱԺ ընտրությունները շատ լավ էլ ցույց տվեցին, որ նրանք ոչ միայն թույլիկ են, այլ` ահավոր թույլիկ: 

«ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՄՏՐԱԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԲԱՆԵՑՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ»

ԱՐԵՎԵԼՅԱՆ 
ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԱՎԱՏՈ 
ՀԱՆԳԱՆԱԿԸ»
Աշնանը` ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ, կրքերի պակաս չկա: Մի կողմից` քիչ չեղան տարատեսակ գրանտասեր դեմքերի վնգստոցները, երբ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, իսկ այնուհետ ՀՀԿ-ն, տրորեցին դեսպան Սվիտալսկու պոչը, մյուս կողմից` բավականին երկար եւ անհետաքրքիր տեքստ երկնեց այն կառույցը, որի մասին արդեն աստիճանաբար մոռանում էինք` այսպես կոչված, «Արեւելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմը»: Դա այն, այսպես ասած, իրավապաշտպան դեմքերն են, ում Տիզբոնը գտնվում է Ստրասբուրգում, ում կրոնը մարդու իրավունքներ աբստրակտ կատեգորիան է, իսկ խորանի տեղ ծառայում է ԵՄ աստղազարդ դրոշը:Սակայն այդ զանգվածի` մարդու իրավունքների գծով կրոնական մոլեռանդության աստիճանը ուղիղ համեմատական է տրվող փողին, եւ վերջինիս սղության պայմաններում կրում է ընդամենը էպիզոդիկ բնույթ: Իսկ ռեալ եվրոպական կառույցներն աշխատում են ՀՀ իշխանությունների հետ, եւ այժմ, երբ մեր երկրում խորհրդարանական կառավարման համակարգի հաստատումը մոտենում է եզրափակիչ փուլին, այդ հարցում կարեւորվում է ԱԺ-ի դերը: 
Իսկ ինչ  վերաբերում է խորհրդարանին, ապա ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հրապարակել է Արեւելյան գործընկերության վերաբերյալ 8 կետերը, որոնք, հեռու լինելով «հավատո հանգանակ» լինելուց, արտացոլում են իշխանության մոտեցումը ԵՄ-ի հետ համագործակցությանը. 
1. Մեր մասնակցությունը ԵՄ այս նախաձեռնությանը, բացի քաղաքական եւ ֆինանսական շարժառիթներից, ունի նաեւ ուժեղ արժեհամակարգային բաղադրիչ:
2. ԱլԳ ձեւաչափը չի կարելի դիտարկել որպես ԵՄ-Ռուսաստան շահերի առճակատման գոտի, հակառակ դեպքում տուժում են հենց մասնակից երկրները:
3. ԱլԳ նախաձեռնությունը պիտի առավել նպատակային լինի` ելնելով կոնկրետ երկրի առաջնահերթություններից:
4. Ավելին ավելիի դիմաց (more for more) մոտեցումը պետք է ունենա նաեւ քաղաքական հետեւանքներ:
5. Համապարփակ եւ խորացված գործընկերության պայմանագիրը (Comprehensive and enhanced partnership agreement) որակապես նոր պայմաններ կստեղծի ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ Հայաստանում բարեփոխումների արդյունավետության բարձրացման համար:
6. Այսօր էլ մի շարք ցուցանիշներով Հայաստանն ավելի տեսանելի հաջողություններ է գրանցել, քան ասոցացված երկրները:
7. Խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը մեծ ներուժ ունի Հայաստան-ԵՄ, այդ թվում` ԱլԳ ձեւաչափով հարաբերությունների ամրապնդման համար:
8. Այս ամենը կարող է վտանգված լինել, եթե տարածաշրջանային կայունության եւ խաղաղության համար ԵՄ-ն` որպես գլոբալ դերակատար, բավարար ջանքեր չգործադրի:
Տվյալ պարագայում հատկապես գործնական է 8-րդ կետը, որը վերաբերում է Արցախի հիմնահարցին: Բանն այն է, որ օբյեկտիվորեն այժմ ինչպես ԵՄ-ն, այնպես էլ ԱՄՆ-ն, ավելի ու ավելի վատացնում են իրենց հարաբերությունները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, եւ դրանից չօգտվելը, մեղմ ասած, կլիներ ոչ խելամիտ: Իսկ մնացյալ կետերը, խոշոր հաշվով, վերաբերում են քաղաքական բառապաշարը եւ իրավական դաշտը եվրոպական տերմինաբանությամբ հագեցնելուն, բայց ոչ մեզ համար խորթ արժեհամակարգերն ընդունելուն: Շատ կոնկրետ է սակայն 2-րդ կետը, որ մեր երկիրը չի խաղալու ԵՄ-Ռուսաստան առճակատման տիրույթում: 

ԻՆՉ Է ԱՐՎՈՒՄ ԵԽԽՎ-ՈՒՄ
Ուշագրավ է, որ ԵԽԽՎ-ում շատ ու շատ բաներ պտտվում են, այսպես կոչված, «Ագրամունտգեյթի» շուրջ, այսինքն` լույս աշխարհ է հանվում նրա կողմից Բաքվի շահերը կաշառքի դիմաց առաջ տանելու հանգամանքը, եւ հենց դրա տակ տեղի է ունենում ԵԽԽՎ հետաքննիչ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը եւ ԵԽԽՎ նախագահի պաշտոնանկության մեխանիզմը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Վեհաժողովում պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ու իրացումը»  բանաձեւը` 154 կողմ, 30 դեմ եւ 13 ձեռնպահ ձայների  հարաբերակցությամբ: Այս բանաձեւը հնարավորություն է տալիս 24 ժամվա ընթացքում քվեարկության դնելու ԵԽԽՎ ցանկացած պաշտոնյայի պաշտոնանկության հարցը: Իսկ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման գաղափարին փորձում են դիմադրել Ադրբեջանի ներկայացուցիչները, սակայն դա այն ոլորտն է, ուր ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Ճակատագրի բերումով այնպես է ստացվում, որ Հայաստանում այդպիսի մարմին ստեղծող օրենքի ընդունումից հետո հիմա էլ նման մարմին ստեղծվում է ԵԽԽՎ-ում: 
Թե արդյո՞ք այդ գործընթացները կավարտվեն Բաքվի խավիար սիրող Ագրամունտի քրեական հետապնդումով, ցույց կտա ժամանակը: Սակայն կարեւորն այն է, որ այժմ բավականին բարենպաստ ժամանակաշրջան է, երբ կարելի է առաջ տանել եւ անցկացնել հակաթուրքական եւ հակաադրբեջանական բանաձեւերն ու նախաձեռնությունները: Եվ աշնանը ստորագրվելիք ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, անշուշտ, դրա համար խթան կհանդիսանա: Բայց միաժամանակ պարզ է, որ բոլոր դեպքերում ագրեսորի զսպման թիվ մեկ լծակը մեր բանակն է, իսկ եվրոպական դիվանագիտության ներգրավումը սոսկ կարող է օժանդակել դրան: Թեեւ պետք է փաստենք, որ այդ օժանդակությունն ավելորդ չէ, քանզի կան նաեւ խաղացողներ, ովքեր փորձում են քայլեր իրականացնել ադրբեջանա-թուրքանպաստ ուղղությամբ: 
Սակայն այս ամենում կա նաեւ հետեւյալ հարցը` իսկ ինչքանո՞վ կխորանան ՀՀ-ԵՄ հարաբերությունները: Արդյո՞ք դա կհասնի այն աստիճանին, որ ընդունվեն մարդու իրավունքներ կոչվող կրոնից բխող, բայց իրականում մերժելի փոքրամասնություններին արտոնություն տվող օրենքներ` մի կողմից «հակախտրականական» անհեթեթությունը, մյուս կողմից` «ընտանեկան բռնությունից» պաշտպանվելու պատրվակով ընտանիքի ներքին գործերին կոպիտ միջամտելը: Հետաքրքրական է, որ այս պահի դրությամբ մեզանում այդ մերժելի ուղղության լոբբինգով զբաղվում են ոչ թե որոշակի չինովնիկները, այլ դա կարծես թե ընկել է մի կողմից ՀՅԴ-ի, մյուս կողմից` «Ելքի» ուսերին: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА