o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՔՈՒՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵՍԻՋՆԵՐԸ ՍՏԱՑԱՎ

11.05.2017 10:24 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԲԱՔՈՒՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵՍԻՋՆԵՐԸ ՍՏԱՑԱՎ

Ակնհայտ է, որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հետ կապված տարբեր երկրներում միջոցառումների անցկացումը հատկապես վերջին տարիներին եւս մեկ ընդգծված՝ աշխարհաքաղաքական բնույթի իմաստ էլ է ստացել: Ամենամասշտաբային միջոցառումները, հասկանալի է, անցկացվում են Ռուսաստանում: Իսկ ահա այլ երկրներում կազմակերպվո՞ւմ են միջոցառումներ, ի՞նչ մասշտաբներով, դա արդեն ընդգծում է, թե կոնկրետ երկիրն ինչ վերաբերմունք ունի, ինչպիսի հարաբերությունների մեջ է ՌԴ-ի հետ: Ու ավելի խորքային առումով, որն է մոտեցումը ոչ միայն Հայրենական պատերազմի, այլ՝ Երկրորդ աշխարհամարտի արձանագրած աշխարհաքաղաքական արդյունքների նկատմամբ: 
«ՄԱՅԻՍԻ 9-Ը» ՈՐՊԵՍ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՑՈՒՑԻՉ
Հայաստանի պարագայում հիշատակված մոտեցումը, հասկանալի է, մի փոքր այլ երանգ էլ ունի. մայիսի 9-ը մեր երկրի համար նաեւ Շուշիի եւ դրա հետ ասոցացնելով՝ Արցախի ազատագրման տոնն է: Բայց այն, որ միաժամանակ պետական ամենաբարձրաստիճան ղեկավարության մասնակցությամբ հավուր պատշաճի հիշվում է նաեւ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, անշուշտ,  վկայում է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքավորման մասին: Ու նաեւ նկատենք. հաղթանակի 72-ամյակի կապակցությամբ տարածաշրջանային երկրներից որոշ միջոցառումներ կազմակերպվեցին նաեւ Բաքվում՝ Ալիեւի մասնակցությամբ: Ու նաեւ այս հանգամանքն է հուշում, որ այն, որ Բաքուն ղարաբաղյան վերջին զարգացումների պատճառով Մոսկվայի նկատմամբ ունենալով միանգամայն տեսանելի սառնություն, այնուամենայնիվ՝ մի շարք հանգամանքներից ելնելով, հակառուսական հարթակում իրեն չի պատկերացնում: Վետերանների մասնակցությամբ որոշ միջոցառումներ եղան նաեւ Վրաստանում: Բայց այդ երկրի թիվ 1 պաշտոնյան՝ Գեորգի Կվիրիկաշվիլին այդ պահին Վաշինգտոնում էր, նախագահ Դոնալդ Թրամփի եւ փոխնախագահ Մայքլ Փենսի հետ փորձում էր հարաբերությունների հետագայի  հարցով պայմանավորվել: Եվ իրողությունն այն է, որ Թբիլիսին, դեռ հիմնական կենտրոնացվածությունը պահելով Արեւմուտքից եկող ազդակների վրա, այնուամենայնիվ, նաեւ Ռուսաստանից չի կարող հայացքը կտրել:
Տարածաշրջանային երկրներից չմոռանանք նաեւ հայկական երկրորդ պետությանը՝ Արցախին: Եվ ահա այստեղ վերջին երկու-երեք օրերի շարունակական միջոցառումները ոչ միայն աշխարհաքաղաքական առկա դիրքավորման, այլ նաեւ՝ հնարավոր զարգացումների հետ կապված որոշ ուշագրավ հետեւությունների տեղիք են տալիս: Հասկանալի է, այս տարի Շուշիի ազատագրման 25-ամյակն էր: Բայց դրանով հանդերձ, պատահական չէր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ոչ միայն մայիսի 8-ին, այլ նաեւ՝ մայիսի 9-ին էր Արցախում: Պատահական չէին նաեւ Հայաստանի եւ Արցախի նախագահների ¥նաեւ՝ Արցախի առաջին նախագահ Արկադի Ղուկասյանի¤ մասնակցությամբ հենց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված մայիսի 9-ի մասշտաբային միջոցառումները եւ հատկապես՝ տպավորիչ երթը: Իհարկե, այդ ամենը նախ Բաքվին հղված կարեւոր հաղորդում էր, որին, կարելի է ավելացնել նաեւ ավելի վաղ հնչած՝ պետք եղած դեպքում «Իսկանդերների» օգտագործման եւ այդ կարգի մի շարք այլ հայտարարությունները: Բայց այն նաեւ միանգամայն տեսանելի մեսիջ էր, թե Հայաստանից զատ ¥կամ միասին¤ նաեւ Արցախն ինչ աշխարհաքաղաքական դիրքավորում է ընդունել: Հասկանալի է՝ Կրեմլում տեղյակ են Արցախի աշխարհաքաղաքական կողմնորոշումների մասին, եւ էլի հասցեատեր պետք է համարել նախ Բաքվին, եւ ոչ միայն...
ԻՐԱՎԻՃԱԿԸ ԱՐՑԱԽՅԱՆ ԽԱՂԱՏԱԽՏԱԿԻՆ
Նաեւ մեկ այլ հարցի նայենք. այս պահին կա՞ր արդյոք Ալիեւին նման մի քանի մեսիջներ հղելու անհրաժեշտություն, որոնք մեկը մյուսին լրացնելով, Բաքվին հուշում են, որ սխալ կլիներ Արցախի ուղղությամբ ռազմական շիկացման գնալը: Այսինքն, կա՞ն մտավախություններ, որ Ալիեւը կարող է այդ ուղին բռնել: Այստեղ թերեւս նկատենք, որ վերջերս կայացած Լավրով-Նալբանդյան-Մամեդյարով մոսկովյան եռակողմ հանդիպումից հետո փորձագիտական շրջանակներում Ղարաբաղի հետ կապված ակտիվ հայտարարությունների հոսք է նկատվում: Բերենք մի շարք օրինակներից մեկը. ռուս ազգայնականի համարում ունեցող Ալեքսանդր Դուգինը, ով վերջերս էր այցելել Բաքու, սկսեց խոսել Ադրբեջանին հինգ շրջաններ վերադարձնելու մասին, նաեւ ընդգծելով, թե՝ «Դա հանդիսանում է «Լավրովի պլանի» գլխավոր դրույթը,  որին մեր խումբը նույնպես ձեռք է կպցրել: Ես անձամբ եմ դա քննարկել Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ»: Ընդ որում, որ դրա դիմաց Ադրբեջանը կարող է շարժվել դեպի ԵՏՄ, իսկ Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա հետագայի հարց: Իհարկե, այստեղ կարելի է նաեւ հիշեցնել, որ Դուգինը նաեւ Դոնբասի հետ կապված է քանիցս նման «վերջնական ծրագրերից» խոսել: Բայց նաեւ, որ մի քանի անգամ էլ ռուսական պատկան մարմինների կողմից պատժվել է: Կարճ ասած, Դուգինը թեեւ սիրում է ներկայանալ որպես ռուսական արտաքին քաղաքականության ստվերային ներկայացուցիչ, ավելին՝ քաղաքականության կերտողներից մեկը, բայց այդ պատիժները եւ այն, որ իրականում Կրեմլի հետ կապեր ունեցող ռուսական քաղաքագետները շտապեցին հերքել, հուշում է, որ այդպես չէ: Չնայած այն, որ Դուգինը Ղարաբաղի հետ կապված այսպես ակտիվացավ Բաքու այցելելուց հետո, հուշում է, թե Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու դիմաց գոնե հինգ շրջանի վերադարձն առանց Ղարաբաղի կարգավիճակի որոշման առաջարկի իրական հեղինակն ով է: Եվ չմոռանանք, որ տարբեր այլ «միջնորդների» միջոցով Բաքուն այս առաջարկը նորից է հնչեցրել ու ձախողվել: Բայց որ հիմա փորձում են նույն բանը հնչեցնել ռուս ազգայնականի համարում ունեցող Դուգինի միջոցով, այն տպավորությունն է առաջանում, թե Բաքուն այս անգամ փորձում է Մոսկվային համոզել, թե այս սխեման համապատասխանում է ռուսական ազգային շահերին: 
Թե ինչու է Բաքուն նման համառությամբ փորձում Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետաձգումը իր ԵՏՄ-ին անդամակցելու հարցով «առեւտրային գործարք» դարձնել, կարելի է կռահել, թեկուզեւ ելնելով Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Ազիմովի օրերս արած այն հայտարարությունից, թե՝ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն պետք է անցկացվի Ադրբեջանի Սահմանադրության համաձայն, այսինքն՝ պետք է քվեարկի ոչ թե միայն Ղարաբաղի, այլ՝ ողջ Ադրբեջանի բնակչությունը: Իհարկե, Հայաստանից եղավ արձագանք. ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ միանգամից մի շարք էական պատճառներից ելնելով՝ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ իրավական պարտադիր ուժ ունեցող հանրաքվեին պետք է մասնակցի միայն Լեռնային Ղարաբաղի բնակչությունը»: Դա բնական է, բոլորն էլ հանրաքվեն հենց այդպես են ընկալում: Բայց էականն այստեղ այլ է, այն, որ Ադրբեջանի ԱԳ-ի բարձրաստիճան պաշտոնյան, թեեւ իր պատկերացրած տեսքով, այնուամենայնիվ, խոսում է ղարաբաղյան հանրաքվեից, այն է՝ կարգավիճակից: Եվ հիշելով Բաքվի այն 23 տարվա քաղաքականությունը, թե՝ ոչ մի կարգավիճակի ու հանրաքվեի հարց էլ չի կարող լինել, ստացվում է, որ ներկայիս իրողությունները բոլորովին այլ փաստի առաջ են կանգնեցրել պաշտոնական Բաքվին: 
Ընդ որում, սա շատ բանով տեսանելի դարձավ նաեւ նախարարների հիշատակված եռակողմ հանդիպումից հետո, երբ Լավրովը հայտարարեց, որ հիմնական թեմաներից է եղել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը: Իսկ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների պարագայում, եթե ուժային գործողությունները հասնեն նվազագույնի, դա կա՛մ այս ստատուս քվոյի պահպանմամբ ղարաբաղյան բանակցությունները տասնամյակներով կձգեն, կա՛մ Ալիեւը ստիպված կլինի գոնե ինչ-որ փոխզիջման դիմաց հաշտվել Արցախի կարգավիճակի հետ: Իսկ նախարարների վերջին հանդիպումն էլ պարզապես հուշեց, որ Մոսկվան համառորեն գնում է այդ ուղղությամբ: Եվ դրան, իհարկե, պետք է ավելացնել մասնավորապես հայաստանյան ռազմաբազային բարձր պատրաստվածության եւ ահաբեկչության դեմ կիրառելու հնարավորության մասին Լավրովի վերջին հայտարարությունը: Լավրովը, իհարկե, խոսում էր ԻՊ-ի մասին: Բայց նաեւ պետք է նկատել, որ ինչ հիմքով էլ խոսվի ռազմաբազայի մասին, դա միշտ էլ Բաքվի համար է այդ լուրջ զինուժի մասին հիշեցում է: Առավել եւս, երբ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն օրերս խոսեց ռազմաբազայի էլ ավելի ընդլայնման հնարավորության մասին, իսկ Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը չբացառեց դա. «Ես ընդամենը դեսպան եմ եւ կարծում եմ՝ ճիշտ չէ նախարարի խոսքերը մեկնաբանել: Եթե լինի ընդլայնում, այն կլինի երկկողմանի համաձայնությամբ»:
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՐԸ ՄԽ-ՈՒՄ ԿԹՈՒԼԱՆԱ
Այս իրավիճակին մեկ դրվագ էլ պետք է ավելացնել: Կիրակի օրը Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններում, անգամ շատ ֆրանսիացիներ են խոսում, որ հաղթողը... Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էր: Եվ իրոք. եթե շատ ավելի ծանր գործչի համարում ունեցող Օլանդն անգամ Մերկելի կողքին ոչ թե նրան հավասարի՝ եղբոր տեսք ուներ, այլ՝ զավակի, ապա շատերն են խոսում, որ նոր նախագահը՝ Մակրոնը, թոռան տպավորություն կթողնի: Արդյունքում, Գերմանիայի դիրքերը Եվրոպայում էլ ավելի կամրանան, Ֆրանսիայինը՝ կթուլանան: Եվ կարելի է սպասել, որ Ֆրանսիան դիրքերի թուլացում կունենա նաեւ Մինսկի խմբում: Մյուս համանախագահը՝ ԱՄՆ-ը, չնայած համանախագահի՝ Հոգլանդի մի քանի աչքի ընկնող հայտարարությունների, բայց դեռ հստակ եւ ամենակարեւորը՝ ուժեղ դիրքեր չի զբաղեցրել ոչ միայն Մինսկի խմբում, այլ, ընդհանրապես, հարավկովկասյան գործերում: Եվ ելնելով այն հանգամանքից, որ Վաշինգտոնը դիրքային հարցերի լուծելու խնդիր ունի նախ՝ Մերձավոր Արեւելքում, Թուրքիայում, ապա դժվար է ասել, թե երբ կհասնի Հարավային Կովկասին: Այսինքն, Մինսկի խմբում եւս ՌԴ-ն այս պահին ունի ուժեղացված դերակատարում, ու տրամաբանական կլինի, որ քանի դեռ այդ վիճակն է, Մոսկվան կփորձի առավելագույնին հասնել:
Վերջապես, Թուրքիան էլ իր հերթին, ինչպես ցույց տվեց Էրդողանի Սոչի կատարած վերջին այցը, այս պահին շատ կցանկանար, բայց հազիվ թե կարողանա ծանրակշիռ օգնություն ցուցաբերել փոքր եղբորը: Եվ արդյունքում, Ալիեւը, հասկանալի է, դեռ կփորձի խուսափել, բայց մեկ է, խաղալու է Մոսկվայի առաջադրած սցենարով: Կամ վերջին տարբերակը՝ չնայելով ոչ մի բանի, գնալ մեծ պատերազմի: Հավանականությունը, իհարկե, փոքր է, բայց ղարաբաղյան աշխարհաքաղաքական կողմնորոշման մասինհիշատակված ակնարկները Բաքվին հուշում են՝ դա կարող է ճակատագրական լինել:

Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածել


ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА