ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՈՒՊԵՐԼԻԲԵՐԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՐՏՎԵԼԸ ՍՈՎՈՐՈՒՅԹ Է ԴԱՐՁԵԼ

24.03.2017 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍՈՒՊԵՐԼԻԲԵՐԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՐՏՎԵԼԸ ՍՈՎՈՐՈՒՅԹ Է ԴԱՐՁԵԼ

Սամվել Բաբայանի ձերբակալությունը, ինչ խոսք, ինչքան էլ անակնկալ, նույնքան էլ՝ սպասելի էր: Համենայնդեպս, վերջին օրերին շատերն էին խոսում հետընտրական ռազմականացված բնույթի զարգացումների հնարավորություններից: Ավելին՝ Բաբայանն ու նրա մի շարք կողմնակիցներ նույնիսկ նման ակնարկներ էին հնչեցնում, եւ այդ ամենն էլ առիթ էր հրապարակային դարձած խոսակցությունների համար, թե ՊՊԾ գնդի պատմության կրկնությունը պետք է էս գլխից բացառել:ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ 
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻՆ 
ՍՊԱՍԵԼԻՍ
Այլ բան, որ Բաբայանի ձերբակալության առիթը, այն է՝ Հայաստան Վրաստանից «Իգլա» բերելու թեման անսպասելի էր: Թեեւ, եթե խորը նայենք, դրանում տրամաբանություն կարելի է գտնել:
Իհարկե, առաջին հերթին այն հարցն է, թե իրո՞ք Հայաստան «Իգլա» բերվել է: ԱԱԾ-ն թեեւ ներկայացրեց դրա հայտնաբերման կադրերը, սակայն թերահավատներ էլի կան: Ու, թերեւս, կարելի է վստահել Գառնիկ Իսագուլյանի խոսքին, որ, մի կողմից, առնչություններ ունեցել է հատուկ ծառայությունների եւ վերջիններիս գործելաոճի հետ: Մյուս կողմից, քիչ երեւացող որոշակի կապեր ունի նաեւ Բաբայանի ներկայիս շրջապատի հետ: Եվ ահա Իսագուլյանի գնահատմամբ. «Շատ լավ ճանաչում եմ ԱԱԾ ներկայիս տնօրեն պարոն Կուտոյանին, ով ոչ միայն շատ լավ իրավաբան է, այլ նաեւ պարկեշտության առումով երբեք թույլ չի տա, որ հետագայում իրավական առումով հարցեր առաջանան ծառայության եւ իր նկատմամբ: Այդ առումով, ես լրիվ վստահում եմ այն հաղորդագրությանը, որը տարածել է ԱԱԾ-ն»: Այսինքն, որ «Իգլայի» պատմությունը համապատասխանում է իրականությանը:
Հաջորդը. հնարավո՞ր է, որ Բաբայանը լիներ այն բերելու պատվիրատուն: Այս հարցի պատասխանը ստանալու համար նախ չմոռանանք, որ խոսքը մի զինատեսակի մասին է, որով թռչող օբյեկտներ են ոչնչացնում: Այսինքն, այն ներկրելու պատվիրատուն չէր կարող, ասենք, հանցաշխարհի ինչ-որ ներկայացուցիչ լիներ: Հայաստանում ի՞նչ թռչող օբյեկտի դեմ կարող էր «Իգլան» կիրառվել: Հնարավոր տարբերակներն են՝ սովորական քաղաքացիական ինքնաթիռի, ինչի հավանականությունը զրոյական տեսք ունի: Հաջորդը՝ հայաստանյան կամ՝ ռուսական ռազմական ավիացիայի, ինչն ավելի քիչ հավանական է թվում: Եվ ավելի շատ հավանական՝ քաղաքացիական, ասենք՝ նախագահական ինքնաթիռի դեմ: Կարճ ասած, «Իգլայի» հաջողված արձակումը կարող է մի ամբողջ պետական հեղաշրջում առաջացնել: Եվ Բաբայանն էլ, անկեղծ լինենք, ՕՐՕ դաշինքի միջոցով իշխանության գալու էական եւ ոչ մի շանս չունենալով, հնարավոր է, որ նման մտահղացման գար: Առավել եւս, համապատասխան ռազմական փորձի պարագայում:
Ամեն դեպքում՝ կապ ունի՞ Բաբայանը «Իգլայի» հետ, այն ինչի՞ համար էր նախատեսված: Այս կարգի հարցերի վերջնական պատասխանը թողնենք նախաքննությանը եւ փորձենք այս պատմությունը նայել մյուս կողմից: Անկախ Բաբայանն էր պատվիրատուն, թե՝ ով, «Իգլայի» կարգի զինատեսակի համար հավանական թիրախ, ինչպես շատերն են այս օրերին ենթադրում, կարող էր նախագահական ինքնաթիռը լինել: Դա էլ, բնականաբար, կդառնար ռազմական հեղաշրջման մեկնարկ: Այսինքն, հնարավո՞ր է Հայաստանում նման քայլի գնալ:

Վրաստանում ձերբակալվել են Ուկրաինայի երկու քաղաքացիներ` կեղծ թղթադրամներ իրացնելու համար

ՈՒՄ ՎՐԱ Է ԱՇԽԱՏՈՒՄ 
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԵՍՊԱՆԸ
Նման թեժ տարածաշրջանում, որը գտնվում է գերտերությունների բախումների եւ տարաբնույթ այլ հարաբերությունների կիզակետում, թեկուզեւ՝ համապատասխան հնարավորություններն ունենալու դեպքում, գրեթե անհավանական է, որ ինչ-որ մեկն առավոտյան վեր կենա եւ որոշի, թե այսօր հեղաշրջում եմ կազմակերպելու: Նման քայլի գնալու հիմնական պայմաններից է՝ արտաքին համապատասխան աջակցությունը: Մի խոսքով, եթե Հայաստանում ինչ-որ մեկը որոշի գնալ հեղաշրջման փորձի, կարո՞ղ է նման աջակցություն ակնկալել:
Երկու առանցքային աշխարհաքաղաքական ուժերից մեկին՝ Մոսկվային հաստատ Հայաստանում հեղաշրջում կազմակերպել կամ աջակցել պետք չէ: Հայաստանյան գործող իշխանությունները բոլոր հիմնական ձեւաչափերով ամենասերտ հարաբերությունների մեջ են ՌԴ-ի հետ, եւ վերջինիս ինչի՞ն է պետք նման քայլը:
Մյուս առանցքային բեւեռը՝ ԱՄՆ-ը, ավելի կոնկրետ՝ պաշտոնական Վաշինգտոնը, ինչ խոսք, ժամանակին Հայաստանը «գունավոր» տեղաշարժերի ենթարկելու փորձեր, այդ թվում՝ ընտրական ժամանակահատվածներում, արել է: Բայց ամերիկյան նոր ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ հրաժարվում է քիթն այլոց կյանքի մեջ խոթելու եւ «հեղափոխությունների» քաղաքականությունից: Կպահի՞ Թրամփն իր այդ խոստումը, ժամանակը ցույց կտա: Իսկ ներկայումս էլ, դժվար չէ հասկանալը, որ Թրամփը դեռ նման քայլերի համար ժամանակ չունի: Գումարած դրան, Հայաստանում «հեղափոխությունը» կդառնա նաեւ Մոսկվային հասցեագրված մահացու աշխարհաքաղաքական մարտահրավեր: Մինչդեռ, ինչպես նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն է հաստատում, այս պահին ռուս-ամերիկյան հարաբերությունները սպասողական փուլում են: Այսինքն՝ Հայաստանում նման կտրուկ քայլերի քիչ հավանական է, որ Թրամփը գնար:
Բայց մյուս կողմից էլ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը լավ էլ քիթը մտցնում է հայաստանյան ընտրությունների մեջ: Ունեցել է հանդիպում նախ՝ «Ազատ դեմոկրատների», ապա, ընդգծենք՝ ՕՐՕ-ի հետ, ընտրություններին վերաբերող հայտարարություններ հնչեցրել: Մինչդեռ՝ հենց դեսպանի հայրենիքում են նման հանդիպումները դատապարտում: Օրինակ՝ Թրամփի ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ֆիլինը հրաժարական տվեց, գլխավոր դատախազը քիչ էր մնում հրաժարական տար, երբ մեղադրանքներ հնչեցին, թե նա հանդիպել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի հետ: Դե, պատկերացրեք, քննադատության ինչ տարափ առաջ կգար, եթե պարզվեր, որ ռուսական դեսպանը նրանց հետ քննարկել է ընտրությունների թեման: 
Իսկ ահա Հայաստանում ԱՄՆ դեսպանն անարգել նման հանդիպումներ է ունենում, այն էլ՝ չնայած Թրամփի հիշատակած խոստմանը՝ քիթը չխոթել այլոց գործերի մեջ: Ուրեմն՝ դեսպանն ինչո՞ւ է քայլեր անում, որոնք հակասում են իր նախագահի պաշտոնական հայտարարություններին: Ուրեմն պետք է ենթադրել՝ կամ Թրամփը մի բան հայտարարում է, բայց իրականում ամերիկյան դեսպաններին բոլորովին այլ հանձնարարականներ են տրված: Բայց սա քիչ հավանական տարբերակն է, հաշվի առնելով, որ նույնքան քիչ հավանականություն ունի, որ Թրամփը ռուսների հետ կոշտ բախման է գնում:
Եվ մյուս տարբերակը, որ դեսպան Միլսը վաշինգտոնյան պաշտոնական քաղաքականության հակասող քայլեր է կատարում: Իսկ դա կտանի այն մտքին, որ դեսպանը «տակից» ոչ թե իր ուղղակի ղեկավարության, այլ՝ հակաթրամփյան հայտնի սուպերլիբերալիստական ուժերի շահերով է առաջնորդվում: Հնարավո՞ր է նման բան. անշուշտ, հաշվի առնելով, որ դեսպան Միլսի հայաստանյան գործունեության ընթացքում նման «հեղափոխական» քայլեր միշտ էլ նկատվել են:
Բայց եթե նույնիսկ սուպերլիբերալիստական նկատառումներով է գործում դեսպանը, ապա այս հարցն էլ կա. այդ ուժերն իրենց հակաթրամփյան արշավը թողած, ինչո՞ւ պետք է Հայաստանում «հեղափոխություններ» սարքեն: Հարցը պատասխան ունի. չէ՞ որ նման «հեղափոխությունը» կարող է Թրամփին ու Մոսկվային բախման հասցնելու միջոց լինել: Առավել եւս, եթե դա արվի Վրաստանից բերված «Իգլայով». սա կարող է նաեւ վրացիներին ու ռուսներին նորից խառնելու միջոց լինել: Առավել եւս, որ Բաթումիի վերջին դեպքերն էլ հուշեցին, որ անգամ ժամանակին «հեղափոխականացված» Վրաստանում եւս մի անգամ «գունավորելու» խնդիր կա դրված:
Այլ բան, որ անկախ նրանից, թե ով էր «Իգլայի» պատվիրատուն, այն չի կրակելու: Այսինքն, եթե խնդիրը «հեղափոխությունն» էր, չստացվեց: Ասենք, Բաթումիի ավանտյուրան եւս կարճ կյանք ունեցավ: Դե իսկ դեսպան Միլսը, իհարկե, միշտ էլ կասի, որ Հայաստանի հանդեպ մտահոգություններից, մեր երկրին օգնելու ցանկությունից ելնելով է «հույժ մասնագիտական», դեմոկրատական խորհուրդներ տալիս ընտրություններից առաջ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Վերջին օրերին 950-ից ավելի փախստական վերադարձել է Սիրիա

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА