ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ.  ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԵՂԾԻՔՆԵՐ

17.03.2017 19:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ.  ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԵՂԾԻՔՆԵՐ


¥Սկիզբը թիվ 11-27-ում¤

Իրականում ո՞րն էր «Ղարաբաղ» կոմիտեի հաջողության գաղտնիքն, ու որո՞նք էին գործած սխալները: Եզրափակելով թեման հետաքրքրվեցինք ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արեւելքի բաժնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ.-«Ղարաբաղ» կոմիտեն` իր 3-4 տարվա կոլեգիալ աշխատանքով, ուղղակի ֆենոմենալ  երեւույթ էր մեր ազգի կյանքում, որի մասին, եթե մանրամասն խոսեմ, կստացվի ինքնագովության պես մի բան: Բայց իրականում կոմիտեի 11 անդամների միջեւ, որոնք, կարելի է ասել, բարեկիրթ, գիտակ, լայնախոհ, աշխատունակ եւ նվիրումի բնազդով ապրող մարդիկ էին, եղել են ընկերական ջերմագույն զգացմունքներ իրար եւ կոմիտեի առաքելության նկատմամբ: Իրոք, ֆենոմենալ մի բան էր, երեք եւ ավելի տարի միասին աշխատեցինք, եւ ինչպես «Նվագախմբի տղաները» ֆիլմում է ասվում, պատրաստ էինք ընկերոջ համար հոգի էլ տալ, ընկերոջ հետ դժոխք էլ գնալ: Սա մեր նշանաբանը չէր, բայց սկզբունք էր, ինչը շարունակվեց գրեթե մինչեւ վերջ: 
Որոշ տարակարծություններ եղան վերջում, երբ իշխանություն պետք է ձեւավորվեր: Դրանք սկզբում փոքրիկ տարակարծություններ էին, որոնք հետո ինչ-ինչ պատճառներով խորացան: Պատմական ենթատեքստում դա կարելի է ե՛ւ նորմալ համարել, ե՛ւ ոչ այնքան: Նորմալն այն էր, որ բնական էր` քաղաքականության մեջ պետք է լինեն տարբեր մոտեցումներ: Մենք անընդհատ մտածում ու խոսում էինք, որ կլինեն տարբեր կուսակցություններ, եւ գուցե կոմիտեից էլ ձեւավորվեն զանազան քաղաքական ուժեր: Տարբեր մոտեցումներ ունենալը նորմալ է, ազնիվ է, պարզապես, դրանք պետք է կազմակերպված եւ հավասար ձեւով արտահայտվեն, իսկ ժողովուրդը թող իր վստահության քվեն տա նրան, որին ուզում է, եւ փոխելու պարտադիր հնարավորություն ունենա: Այսպիսին էլ պետք է լիներ մեր պատկերացրած քաղաքական պայքարը: Իսկ աննորմալն այն էր, որ քաղաքական պայքարը մի քիչ ավելի սուր գնաց, քան կարելի էր ցանկանալ: Ինչ արած, սա պատմություն է: 
Բայց զգում եմ, որ ընդհանուր առմամբ` մինչեւ հիմա էլ պահպանվել է ուղղակի ընկերական ջերմ սերը կոմիտեի բոլոր անդամների մեջ իրար նկատմամբ` անկախ իրենց քաղաքական դիրքորոշումներից (իսկ մեզնից երեքն արդեն չկան` Համբարձում Գալստյանը, Ռաֆայել Ղազարյանը եւ Սամվել Գեւորգյանը): Անշուշտ, իմ մեջ էլ դա կա, գուցե մի քիչ էմոցիոնալ մոտեցում ցուցաբերեմ ու խոստովանեմ, որ` ուրիշներից ավելի: Այդ ընկերական սերը մնացել է բոլորի նկատմամբ` անկախ նրանից, որ որոշ ընկերներիս հետ ունեցել եմ եւ հիմա էլ ունեմ տարբեր մոտեցումներ` քաղաքական հայացքների առումով: Եթե նկատել եք, «Ղարաբաղ» կոմիտեի անդամների գոնե մեծ մասի մեջ հնարավոր է պարզ տեսնել այն, որ փորձում են չսրել հարաբերությունները: Ցավոք, երբեմն դա չի ստացվում, եւ մեկ էլ հանկարծ տեսնում ես, որ այս մեկը սրեց… Դրանից ես, իհարկե, վատ եմ զգում, ինչպես եղավ, ասենք` 1996 թվականի ընտրությունների ժամանակ:
– Իսկ ինչո՞ւ Դուք որոշեցիք հեռանալ քաղաքականությունից եւ Ձեզ լիովին նվիրել գիտությանը:
– Երբ վարչական աշխատանքից դուրս եկա, նորից սկսեցի զբաղվել միայն գիտությամբ, ինչով զբաղվում էի մինչեւ Ղարաբաղյան շարժումը: Բայց վերադառնալով գիտությանը` չի նշանակում, թե այսօր քաղաքական տեսլականներ չունեմ: Այսօր Հայ ազգային կոնգրեսի անդամ եմ: Շարքային անդամ, զինվոր: Սա նշանակում է, որ որոշումներ կայացնելու պատասխանատվությունից ինձ մի քիչ դուրս եմ դրել: 
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Թեման կշարունակենք 
առաջիկայում

Նախկին համանախագահ. Բոլտոնը Երևանում ու Բաքվում կքննարկի ղարաբաղյան հարցը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА