o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«22 ՏԱՐԻ Է  ԼՍՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԱԾՔՆԵՐ  ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

22.04.2016 21:56 ԶԱՐԿԵՐԱԿ
«22 ՏԱՐԻ Է  ԼՍՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԱԾՔՆԵՐ  ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով երեկ Հայաստան ժամանեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Որոշ փորձագետների կարծիքով` այցի հիմնական նպատակը  ԼՂՀ հիմնախնդրի շուրջ քննարկումներն են: Վերլուծական հարթակում նաեւ այն տեսակետը կա, որ օրակարգում է Արցախին կարգավիճակ տալու դիմաց՝ Ադրբեջանին որոշ տարածքային զիջումներ կատարելը, եւ դրա երաշխավորը կդառնան տարածաշրջան մտնող խաղաղարարները: Որքանո՞վ է ռեալ այս տեսակետը, դրան ինչպե՞ս պետք է արձագանքի հայկական կողմը: Հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

«ՍԱ ՇԱՏ ԼՈՒՐՋ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ»

Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ նկատեց.

- Շրջանառվող խոսակցություններն այսպիսին են` սկզբից վերդարձնել տարածքներ, այնուհետեւ Արցախին տրվի կարգավիճակ: Պատկերցանո՞ւմ եք թուրքի հետ այդ կերպ հարց լուծելն ինչի կբերի. այդ պատճառով  այս տեսակետն ամբողջովին մերժելի է: Ինչ վերաբերում է խաղաղապահների տեղակայմանը, ապա սրանով ռուսը ցանկանում է միայն քծնել Ադրբեջանին: Եթե Արցախի ինքնորոշման հարցն այսպես խեղաթյուրվում է, ապա Ռուսաստանին պետք է առաջարկել Ուկրաինային վերադարձնել Ղրիմը, որպեսզի հավասարվենք: Չպետք է մեր արյան վրա խաղալ եւ հավատալ օտարին:

Պաշտպանության նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ փաստեց.

- Սա Լավրովի աշխատանքային այցն է Հայաստան, որի ընթացքում կքննարկվի ԼՂՀ հիմնահարցի լուծմանը խոչընդոտող խնդիրները: Չեմ կարծում, որ կարող են նման առաջարկ անել Հայաստանին` ԼՂՀ կարգավիճակի դիմաց տարածքներ հանձնել: Այս պահին կա միայն «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող առաջարկը: Խնդիրն այն է, որ ԼՂՀ հարցը չի լուծվում միայն  Ադրբեջանի կոշտ դիրքորոշման պատճառով. Բաքուն չի համաձայնվում որեւէ կերպ քննարկել նաեւ Արցախի կարգավիճակը: 

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ, քաղաքական գիտությունների թեկնածու ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ նշեց.

- Պարզից էլ պարզ է, որ Լավրովի Հայաստան այցելությունն ուղղակի կապ ունի արցախյան հիմնախնդրի հետ: Թերեւս՝ վերջին 20 տարվա ընթացքում Արցախի համար ավելի վտանգավոր օրեր չեն եղել, քան հիմա: Անգամ ադրբեջանական հրոսակների հարձակման օրերին Արցախի գլխին այդքան սեւ ամպեր չէին կուտակվել, քան, ըստ երեւույթին, կուտակվում են այս օրերին: Ու հիմա ավելի քան կարեւոր է միասնաբար, առանց ավելորդ հուզմունքի եւ էմոցիաների մերժել ցանկացածի, ով կփորձի մեզ հողային զիջում պարտադրել` լինի այդ էմիսարը Մոսկվայից, թե Վաշինգտոնից կամ Բրյուսելից: Մենք նաեւ պատրաստ պետք է լինենք ճանաչել Արցախի անկախությունը, որից հետո նույն օրը Արցախում պետք է անցկացվի հանրաքվե, եւ վերջապես Արցախը պետք է միանա Հայաստանին: Այդ պարագայում Մոսկվան, ուզի կամ չուզի, պետք է հաշվի առնի, որ Արցախի դեմ ցանկացած ռազմական ագրեսիա, ագրեսիա է Հայաստանի դեմ, իսկ ՀԱՊԿ պարտավորությամբ` Ռուսաստանի նկատմամբ: 

Ազատամարտիկ ՇԱՀԵ ԱՃԵՄՅԱՆՆ ընդգծեց.

- Այս պահին դիրքերում` թշնամուց ընդամենը 200 մետր հեռավորության վրա պաշտպանում եմ մեր սահմանները: Քաղաքականությանբ չեմ զբաղվում, բայց որպես ազատամարտիկ` թշնամուն տարածքներ հանձնելու որեւէ միտք ու նպատակ չունեմ: Ավելին` պատրաստ ենք ազատագրել այն տարածքները, որոնք գտնվում են թշնամու հսկողության տակ: Քաղաքականության մեջ հնարավոր է ուրիշ բան որոշեն, սակայն իրականության մեջ այլ իրադարձություններ լինեն: 22 տարի է լսում ենք, թե Արցախի ազատագրված որոշ տարածքներ պետք է զիջեն թշնամուն, եւ այդ ամենը լուրջ չենք ընդունում: Ոչ միայն ես, այլեւ ազատամարտիկ ընկերներս:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА