o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՊՕՐԻՆԻ ՀԱՐՍՏԱՑՈՂՆԵՐԻ ՓՆՏՐՏՈՒՔ, ԲԱՅՑ ՈՒՐԻՇԻ ՄՈՏ

16.12.2016 17:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՊՕՐԻՆԻ ՀԱՐՍՏԱՑՈՂՆԵՐԻ ՓՆՏՐՏՈՒՔ, ԲԱՅՑ ՈՒՐԻՇԻ ՄՈՏ

Խորհրդարանում բավականին մեծ աշխուժություն ստեղծեցին ինչպես հռչակավոր օրենքը ապօրինի հարստացման քրեական պատասխանատվության վերաբերյալ, այնպես էլ` ԱԺ կանոնակարգ-օրենքի, ուր պետք է կարգավորվի, թե ԱԺ խմբակցությունից դուրս եկողը ինչ ճակատագիր կունենա, ինչպես նաեւ պատգամավորական գործունեության շատ առանձնահատկություններ: Բնականաբար, քանզի բոլորը պատրաստվում են ընտրությունների, ելույթներում, հարցազրույցներում, մեկնաբանություններում այդ խնդիրներն անպայման դիտարկվում են հենց նախընտրական վարկանիշ հավաքելու տեսակետից: ԻՄ ՕԼԻԳԱՐԽԸ «ՊՈՒՊՈՒՇ» Է, ՄՆԱՑԱԾԸ` «ՔԸԽ»
Ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվության նախատեսումը ողջունում են բոլորը: Բայց ողջունում են յուրովի: Այսպես, վեճերի տեղիք տվեց հարցադրումը, թե արդյո՞ք այդ օրենքը չպետք է հետադարձ ուժ ունենա: Ու հետաքրքիրն այն է, որ հետադարձ ուժի ամենամեծ հակառակորդները հենց ընդդիմադիրներն են: Դե իհարկե, նրանցից գրեթե յուրաքանչյուրը ժամանակին իշխանության մեջ է եղել, եւ ոչ ոք չի ուզում, որ «իր» ապօրինի հարստացածները օրենքի հարվածի տակ ընկնեն: Հնչեցին բավականին շատ աղիողորմ մեկնաբանություններ, թե` չի կարելի կուլակաթափություն անել, թե` սեփականությունը անձեռնմխելի սրբազան կատեգորիա է, ձոներ ձոնվեցին անմեղության կանխավարկածին... 
Ի դեպ, երբ լրագրողներն են հարց ուղղում` ինչպես է այս կամ այն կուսակցությունը վերաբերվում սեփական առաջնորդի (կամ փաստացի առաջնորդի) ապօրինի հարստացմանը, միանգամից կոչեր են հնչում չանձնավորելու, եւ մեղադրանքներ պատվեր կատարելու վերաբերյալ: Դե ինչ ասես, զորօրինակ` ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը այն հարցադրմանը, որ, եթե  ապօրինի հարստացման տեսանկյունից իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվի Գագիկ Ծառուկյանը, կամ ԲՀԿ գործարար պատգամավորներից որեւէ մեկը, միանգամից արձագանքեց. «ինչո՞ւ եք անձնավորում»: Պարզվում է, որ մեր սիրելի ընդդիմադիրները ստվերը վերացնելու եւ ապօրինի հարստացածների մասին խոսում են «առհասարակ», այլ ոչ թե` կոնկրետ. «Գագիկ Ծառուկյանը գործարար չէ: Նա պատգամավորական լիազորությունները ստանձնելուց հետո իր բիզնեսը կառավարման է հանձնել: Ես խոսում եմ առհասարակ այդ երեւույթի մասին: Օրենքի առաջ պետք է հավասար լինեն բոլորը, եթե ՀՀ-ում ուզում ենք փոփոխություններ: Պետք չէ անձնավորել»:Իսկ, օրինակ, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ, թեեւ պաթոսով ասում է, որ այսօրվա գերհարուստների հայրերը իրենց գյուղերում բացի թրիքից բան չեն տեսել, միանգամից բորբոքվում է` հենց որեւէ մեկը հանկարծ խոսք բացի Արթուր Բաղդասարյանի հարստության մասին: 
Միաժամանակ զգացվում է եւ կուսակցությունները օլիգարխացնելու եւ այդտեղ անհատի պաշտամունք   պահպանելու միտումը: Թե «Հայկական վերածնունդ» դարձած ՕԵԿ-ում ինչ մակարդակի վրա է Արթուր Բաղդասարյանի պաշտամունքը` դա բացարձակ նորություն չէ, ու մամուլը տարիներով է դրան անդրադարձել: Բայց ԲՀԿ-ում էլ դա շատ վառ արտահայտված է, հատկապես Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն ենթադրյալ կամ սպասելիք վերադարձի լույսի ներքո: 
Այսպես, ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 2007, 2012-ին հանրությունը ձայնը տվել է Գագիկ Ծառուկյանին եւ ԲՀԿ ծրագրին: «Եթե մեկը իրենց կուսակցությունից կարող է ասել, որ տվել են հատուկ իրենց համար, որ իրենք եղել են ցուցակում, ես նման գնահատականն ազնիվ չեմ համարի»,- ասել է ԲՀԿ-ի առաջնորդը: Ավելին, նրա խոսքում կարելի էր եւ յուրահատուկ քաղաքական մազոխիզմի երանգներ տեսնել. «Եւ եթե ինձանից սկսած որեւէ մեկը ԲՀԿ-ի ցուցակում, կարող է ասել, որ այդ ձայները եղել են իր ձայները, որ տվել են հատուկ իրենց համար, ես նման գնահատականը առնվազն ազնիվ չեմ համարում: Հասկանում եմ, որ նապոլեոնիզմը ու բոնապարտիզմը քաղաքական դաշտում շատ լուրջ շեղում է, որը հոգեբուժության մեջ անբուժելի հիվանդություն է»:
Այսինքն` մշտապես «մարդ-կուսակցությունների» դեմ հանդես եկող Նաիրա Զոհրաբյանը խոստովանեց, որ ԲՀԿ-ն էլ «մարդ-կուսակցություն», ու, ըստ էության` պաշտպանում է այն թեզը, որ եթե չկա Ծառուկյան, ապա չկա ԲՀԿ: Դա ըստ էության կապ ունի եւ ԲՀԿ-ի ներսի որոշակի գործընթացների հետ: Ժամանակին ԲՀԿ-ի հետ միավորվել էին այլ կուսակցություններ, որոնցից յուրաքանչյուրի առաջնորդը  իր ներդրումն ունեցել է ԲՀԿ-ի ստացած քվեներում: Ու հիմա, ըստ էության, ցանկություն կա դա արանքից հանել, քանզի ԲՀԿ-ից անջատված կուսակցությունները` օսկանյանական կուսակցությունով սկսած, կարծես թե ցանկություն ունեն, որ համախմբվեն Ծառուկյանի հովանու ներքո, բայց պահպանելով սեփական կուսակցությունները: Սակայն նման է, որ ավելի շատ հիմա ԲՀԿ-ում գերիշխում է մեկ օլիգարխի կուսակցություն լինելու գաղափարը: Ի դեպ, նույնը բնորոշ է եւ «Հայկական վերածնունդին»` այդ բրենդի տակ մտած տարբեր կուսակցություններ այժմ դժգոհ են, որ բացարձակացվում է Արթուր Բաղդասարյանը, իսկ իրենց ինքնուրույնությունը ձգտում են զրոյացնել: 
Դե ինչ ասես, Սերժ Սարգսյանը նախաձեռնելով ՀՀԿ-ի բարեփոխումը, ձգտում է իշխող կուսակցությունը զերծ պահել օլիգարխների ազդեցությունից, իսկ ընդդիմադիրներից շատերը, ընդհակառակը` ձգտում են օլիգարխացնել սեփական կուսակցությունները: Բայց արդյո՞ք դա դուր կգա ընտրողներին, հատկապես ընտրողների գիտակից հատվածին: 

«Ճնշումները Հրայր Թովմասյանի նկատմամբ այս անգամ սկիզբ առան սանիկի ապօրինի ձերբակալությունով»

ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԻ 
ԳՈՐԾԵՐՆ ԱՆՈՐՈՇ ԵՆ
Եթե քչից-շատից ստացվում է «Լուսավոր Հայաստանի», «Քաղաքացիական պայմանագրի» ու «Հանրապետության» միավորումը, ուր «պոչից» գալիս է նաեւ ԳԱԼԱ կուսակցությունը, ապա մնացյալ ուղղություններով ոչ մի միավորում չի ստացվում: 
Խաչատուր Քոքոբելյանի եւ Հրանտ Բագրատյանի ալյանսն էլ չստացվեց: Ոչինչ չի ստացվում եւ Պարույր Հայրիկյանի մոտ, թեեւ չմիացողներին նա համարում է կամ ՀՀԿ-ի, կամ ԿԳԲ-ի գործակալ: Չի ստացվում եւ Լյովիկ Զուրաբյանի երազանքը` ՀԱԿ-ը դարձնել ընդդիմադիրների միավորման կենտրոն, ու ըստ էության, ՀԱԿ-ի հույսը էլի մնալու է ծերուկ Տեր-Պետրոսյանը: Դեռ 2012-ին առանց ծերուկի, նախընտրական ցուցակ չէին կարողանում կազմել, եւ վերջում հենց Լեւոն Ակոպիչը ստիպված եղավ միանձնյա գրել այդ ցուցակը: Իսկ հիմա, առավել եւս, ՀՀ առաջին նախագահը ՀԱԿ-ի միակ շանսն է` գոնե մի կերպ, գոնե մի քիչ քվե հավաքելու: 
Բայց վերը հիշատակված եռյակ դաշինքում էլ անհարթ բաներ կան: Էդմոն Մարուքյանի եղբոր` Քրիստ Մանուկյանի պահանջը, որ կառավարությունը լուծարի ավագանին, ու Վանաձորի ավագանու աշխատանքների անընդմեջ բոյկոտը արդեն շատերի ծիծաղի ու տարակուսանքի առարկան է: Նիկոլ Փաշինյանի կուսակցությունում էլ անհարթություն կա` եթե ինքը` Նիկոլը, ավելի շուտ հակված է կառուցողական ընդդիմության տարբերակին, ապա ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը շարունակում է հեղափոխական ճառեր հնչեցնել: Գումարած դրան, ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը «ճիշտ ժամանակին» լույս աշխարհ բերեց պլանքաշությունն ու մարմնավաճառությունը օրինականացնելու առաջարկը, որը հաստատ ընտրողներին վանելու է: Ու զգացվում է, որ արհեստական օրակարգերը քիչ չեն` օրինակ, վարկանիշ բերելու համար Նիկոլը հանկարծ հայտարարեց, իբր մարզերում ԱԱԾ-ն ընկած է ընդդիմադիր կուսակցականների եւ քաղաքացիական ակտիվիստների հետեւից: Բայց հիմնական անորոշությունը արեւմտամետ դաշտում, թերեւս այն է, որ ոչ ոք ստույգ չգիտի` ինչպես է դիրքորոշվելու «քեռի Սեմը» Դոնալդ Թրամփի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո: 

«ԴԱՎԱՃԱՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ» 
ԱԽՏԱՆԻՇԸ
Չգիտենք` ըստ Նիկոլի ու ինչպես նաեւ երգիչ Վահան Արծրունու` ումով ու ինչով է զբաղված ԱԱԾ-ն, սակայն Բաքվի կողմից իրականացվող տեղեկատվական պատերազմի նոր տեխնոլոգիան` «դավաճանաբուծությունը», շարունակվում է նույն տեմպերով: Հիմա էլ Արցախից ոմն օրիորդ` 19-ամյա Լուսինե Ներսիսյանը, հայտնվեց դավաճանների «հայ-ադրբեջանական պլատֆորմում»: Ճիշտ է, մեկ օր անց նա հայտարարեց` իբր սկայպով խոսելու ընթացքում դավաճան Վահան Մարտիրոսյանն իր խոսքերը լրիվ աղճատել է, սարքել կեղծ հարցազրույց եւ, կոպիտ ասած, «գլխին սարքել», սակայն մարդու հավատը չի գալիս, որ մեր երկրում այսքան շատ են «միամիտ զոհերը»: 
ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը այդ խայտառակ դեպքը մեկնաբանեց, թե Բաքուն, միլիոններ ծախսելով, կարողանում է ընդամենը մի քանի հոգեկան հիվանդների հավաքագրել: Անշուշտ, որոշակի տրամաբանություն կա, քանզի այդ խայտառակության մեջ հայտնվածները` լինեն նրանք Բաքվում կամ Բաքու այդպես էլ գնացած չլինեն, ակնհայտորեն հոգեկան շեղումներ ունեն: Կամ ժողովրդի խոսքով ասած` բոլորը «գժանոցի ապրանք» են: Դե, եթե հոգեկանները հոգեբուժարաննեում չգտնվեն, ապա ինչո՞ւ նույն ադրբեջանցիք չփորձեն դրանց օգտագործել սեփական քարոզչական նպատակով, ձեռի հետ էլ` մեր հանրության նյարդերը քայքայելով: 
Ի դեպ, մի քանի օր առաջ էլ Աղվան Հովսեփյանն ամփոփել էր ընտանիքների ներսում կատարված ծանր հանցագործությունների պատկերը (սպանություններ եւ ծանր մարմնական վնասվածքներ), ու այդտեղ էլ, պարզվում է, հանցագործների շուրջ 1/3-ը` որպես անմեղսունակներ եւ հոգեկաններ, դատարանների կողմից ուղարկվել են հարկադիր բուժման: Պարզ է, եթե ժամանակին դրանք ուղարկված լինեին հոգեբուժարան, ապա մեր ներքին ադրբեջանցները` լինեն չինովնիկներ, գրանտակերներ, թե գրանտակեր-չինովնիկներ, չէին կարողնա շահարկելով ու ուռճացնելով այդ խելապակասների վտանգավոր արարքները` հիսթերիկ ձեւով առաջ տանել ընտանիքի ինստիտուտի դեմ ուղղված «Ընտանեկան բռնության դեմ» հակապետական օրենքի նախագիծը: 
Ինչեւէ, վերադառնալով դրսի ադրբեջանցիներին, հարկ է նշել, որ Ազգային անվտանգության մարմինների պրոֆիլակտիկ աշխատանք չենք տեսնում, որպեսզի քարոզչական նպատակով աղմկալի հավաքագրումներ չլինեն: Համ էլ, եթե այդպիսի` վանքի հավերը գողացող միամիտներից մեկը խիստ պատժվի, անկախ եվրոպական վայնասուներից, ապա մյուսներին դաս կլինի: Հայտնի է չէ՞, որ վախը լավագույն լծակն է, երբ գործ ես ունենում ցածր որակի մարդկային ռեսուրսի հետ...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ 

Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշումը ապօրինի է. կարծում է Փաշինյանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА