o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱԳԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

15.11.2016 18:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱԳԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Արդեն գրեթե ամեն ինչ կրում է նախընտրական կնիքը: Հանդիպումներ, խորհրդակցություններ, սակարկություններ, երբեմն տարօրինակ, երբեմն էլ օրինաչափ հայտարարություններ... Լրագրողական համքարությունն էլ փորձում է գուշակել` վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ անդամ կդառնա՞, թե` ոչ, սակայն այդ հարցի պատասխանը պաշտոնական մակարդակով չեն շտապում տալ: Օրինակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը սահմանափակվեց ընդամենը մատնանշումով, որ ՀՀԿ ԳՄ-ն այդ հարցը չի քննարկել: ԹՐԱՄՓԻ 
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԻ ՎՐԱ ԹԱՆԿ ՆՍՏԵՑ
Մեր արեւմտամետներին` լինեն դրանք կուսակցականներ, թե գրանտակերներ, այժմ այլ բան չի մնում, քան զբաղվել գուշակություններով: Խոշոր հաշվով, Թրամփի ընտրությունից հետո ամերիկյան քաղաքականության փոփոխությունների մասին գուշակություններով այժմ զբաղված է եւ ամբողջ աշխարհը` պետությունների ղեկավարների մակարդակով: Անգամ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հետաձգեցին մինչեւ ամառ, քանզի պարզ չէ, թե ՆԱՏՕ-ն ինչ ճակատագիր կունենա: Իսկ թե Հայաստանում ինչ փոփոխություններ կկրի ամերիկյան քաղաքականությունը, նույնպես անորոշ է, թեեւ դեսպան Միլզը հայտարարեց, որ հայ-ամերիկյան հարաբերություններում ոչինչ չի փոխվի: 
Սակայն այդ անորոշությունը դառնում է ճակատագրական` հենց արեւմտամետների համար: Նրանց համար պարզ չէ` որ ծրագրերը կստանան ամերիկյան ֆինանսավորում, որոնք կշարունակվեն, իսկ որոնք` կդադարեցվեն: Իսկ պարզություն, այն էլ ընդամենը ընդհանուր գծերով, կլինի փետրվարին` ԱՄՆ նոր նախագահի երդման արարողությունից հետո: Սակայն փետրվարին նախընտրական տեսանկյունից որեւէ բան փոխելը արդեն ուշ է, առավել եւս, որ այսօրվա արեւմտամետ ուժերն անգամ չգիտեն` ԱՄՆ դեսպանատնից գործուն աջակցություն կստանա՞ն, թե` ոչ: Նրանք նաեւ չգիտեն ընտրությունների արդյունքներով պե՞տք է նախապատրաստվեն ինչ-ինչ ներքաղաքական ցնցումներ իրականացնելուն, թե` ընդհակառակը, իրենց կասվի, որ հանգիստ սթրվեն տեղերում: 
Իսկ այդպիսի անորոշ վիճակով էլ ավելի է նվազում այդ ուժերի հնարավորությունը` ընտրություններում վաստակելու 5 տոկոս քվե եւ անցնելու խորհրդարան: Ամենայն հավանականությամբ, այդ շանսը չեն էլ ունենալու: Համ էլ, այդ դաշտը չգիտի, թե ում հրահանգներին հետեւել` ամերիկյան պետությա՞ն, թե այժմ նույն ԱՄՆ-ում անկարգություններ կազմակերպող վերազգային հակապետական ուժերի: Մինչեւ Թրամփի ընտրությունը, ԱՄՆ պետական գիծը եւ վերազգային ուժերի գիծը նույնական էին, իսկ այժմ դրանք տարբերվում են, փաստացի հակադիր են: Եթե առաջ այդ ուժերը աշխարհի տարբեր ծայրերում հիմնականում գործում էին ամերիկյան դրոշի ներքո, ապա այժմ նրանց` փողոց դուրս բերած ցուցարարները հենց ԱՄՆ-ում ամերիկյան դրոշներ են այրում:Պարզ է, որ այդ անորոշությունները նյարդային եւ կաշկանդիչ վիճակ են ստեղծում ամերիկամետ ուժերի համար, ու վերջիններս փաստացի չգիտեն, թե ինչ անել ընտրություններին ընդառաջ: Բայց, համենայնդեպս, մի բան է պարզ, որ անկախ նրանից, թե վերջնականապես ինչ կողմնորոշում կունենա Թրամփի վարչակարգը, մայդանային բնույթի զարգացումների հավանականությունը մեր ընտրություններում ձգտում է զրոյի: 

Տեղեկատվական պայքար Արթուր Վանեցյանի հրաժարականի շուրջ

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ 
ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ
Խոշոր հաշվով, «անցողիկ» քաղաքական ուժերը հետեւյալն են` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ: Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդի» հեռանկարները բավականին անորոշ են, եւ հարցական է` խորհրդարան անցնելու շանսեր ունե՞ն, թե` ոչ: 
ԲՀԿ-ի պահն էլ շատ էապես կախված է մեկ մարդուց` Գագիկ Ծառուկյանից: Ու այդտեղ անորոշությունը կապ ունի ոչ միայն հավաքելիք քվեների քանակի հետ, այլ նաեւ հետեւյալ հարցից` ԲՀԿ-ն միայնա՞կ է գնալու ընտրությունների, թե` ընդդիմադիր դաշինք է կազմելու: Դաշինք կազմելու դեպքում էլ ո՞ւմ կընդգրկեն այնտեղ եւ ում մոտիկ չեն թողնի: Համ էլ, այդպիսի դաշինք կազմելու դեպքում աշխարհաքաղաքական տեսակետից այն ի՞նչ կողմնորոշում է ունենալու: Այդ կողմնորոշման հարցն էլ տեղավորվում է նույն Թրամփի հետագա քայլերի շուրջ գուշակության շրջանակներում, այդ թվում եւ` մեր տարածաշրջանում ԱՄՆ-ն ու ՌԴ-ն հակամարտելո՞ւ են, թե` պայմանավորվածության են գալու: 
Ի դեպ, շաբաթ օրով բավականին շքեղ ձեւով անցկացված «Միասնություն» շարժման առաջին համաժողովը նույնպես ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ տվեց: Գլխանց քոչարյանական կողմնորոշում ունեցող լրատվամիջոցները կանխատեսում էին, որ շարժման մեջ ընդգրկվելու է եւ այն գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: Սակայն առաջին համաժողովին շարժման համակարգող Արման Վարդանյանը շտապեց ասել, որ հանրահայտ կարկառուն դեմքեր այդտեղ չեն լինելու, եւ ընդհանրապես հենց այդ կարկառուններն են բոլորի գլխին փորձանք դարձել: 
Այնպես որ, կրկին ու կրկին 2017-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ որոշակի է միայն այն, որ ՀՀԿ-ն ունենալու է մեծամասնություն: Իսկ ինչպիսի կազմ եւ ուժերի հարաբերակցություն են ունենալու ընդդիմադիր խմբակցությունները, պատված է անորոշության մշուշով եւ այժմ հիմնականում գուշակությունների առարկա են: Պարզ չէ անգամ, թե արդյոք երկրորդ տեղը շեշտակի տարբերվելու է երրորդ, չորրորդ եւ հաջորդ տեղերից` հավաքած քվեների եւ ստացած մանդատների քանակով: 
Ու, բնականաբար, անորոշության մեծ գործոն է նաեւ, թե ընտրությունների պահին ինչպիսի իրավիճակ է տիրելու տարածաշրջանում: Ճիշտ է, բազում փորձագետներ այն կարծիքն ունեն, որ Թրամփի ընտրության հետեւանքով աշխարհում նվազելու են հակամարտությունները, սակայն դա ավելի շուտ ընդհանրական գնահատական է, իսկ թե կոնկրետ ինչ կլինի մեր երկրի շուրջ` նույնպես այժմ գուշակությունների տիրույթում է: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА