o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶՏՈԿՈՍ ՄԵՐ  ՀԱՆԱՊԱԶՕՐ, ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ

09.11.2016 19:52 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԶՏՈԿՈՍ ՄԵՐ  ՀԱՆԱՊԱԶՕՐ, ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ


Ապշեցուցիչ իրողություն` հայկական կայքերում ավելի շատ տեղեկատվություն կա ԱՄՆ ընտրությունների մասին, քան ՀՀ ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ: Խոշոր հաշվով, մեզ ի՞նչ, թե ամերիկացիներն ում կընտրեն նախագահ, քանզի դրանից ոչ ԱՄՆ քաղաքականությունը կփոխվի, ոչ էլ առավել եւս` ԱՄՆ աշխարհաքաղաքական շահերը: Իհարկե, ինչ-որ բան կփոխվի, բայց այդ ամենը դետալներ են: Սակայն մեր լրատվական դաշտի այդպիսի հետարքրությունը ամերիկյան ընտրությունների նկատմամբ ունի պարզագույն բացատրություն` կայքերի մեծ մասը ամբողջությամբ կամ մասամբ սնվում են ամերիկյան հարկատուների փողով: 
ՈՂԲ ԱՌ ՔԼԻՆԹՈՆ, ԿԱՄ ՃԳՆԱԺԱՄ ԱՐԵՎՄՏԱՄԵՏԱՑ
Ամերիկյան ընտրություններին ուշիուշով հետեւում են արեւմտամետ քաղաքական գործիչները: Զորօրինակ, Դավիթ Շահնազարյանը մտահոգ է, որպեսզի ԱՄՆ-ում պահպանվի պարտվողի կողմից հաղթողին շնորհավորելու ավանդույթը: 
Իսկ ընդհանուր առմամբ, արեւմտամետ խալխին` լինեն դրանք քաղաքական գործիչներ, թե` գրանտակերներ, տագնապեցնում է հետեւյալ հարցը, որի պատասխանը թերեւս այսօր արդեն պարզ կլինի` բա որ ընտրվի ոչ թե Քլինթոնը, այլ` Թրամփը: Պարզ է, որ քաղաքական մտքին ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Սփյուռքում հետաքրքրում է, թե այդ երկուսից որն է չարյաց փոքրագույնը, բայց ոչ ավելին: Իսկ մեր արեւմտամետները դա դիտարկում են որպես կենսական հարց: 
Ահավասիկ, նրանց տագնապն արտահայտող որոշ մեջբերումներ. «ԱՄՆ նոր նախագահը կլինի Դոնալդ Թրա՞մփը, թե՞, այդուհանդերձ, կհաղթի բանականությունը` ի դեմս Հիլարի Քլինթոնի»: Կամ, ասենք այսպիսի պնդում. «ԱՄՆ նախագահի ով լինելը առանձնահատուկ նշանակություն ունի նաեւ Հայաստանի համար, որը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ բավական ակտիվ են աշխարհաքաղաքական մրցակցության դրսեւորումները, եւ որտեղ կան աշխարհաքաղաքական կարեւոր նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ: Դրանցից երկուսն ուղղակիորեն առնչվում են Հայաստանին` թուրքական խնդիրը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Սակայն ԱՄՆ նախագահի հարցը մենք չենք կարող դիտարկել` զուտ այս խնդիրների տեսանկյունից, քանի որ դրանք էլ, իրենց հերթին, բավականին լայն շրջանակում տեղավորված հարցեր են, ինչն էլ ի վերջո հանգում է տրամագծորեն հակառակ մի հանգամանքի` Հայաստանի քաղաքակրթական ընտրության, աշխարհում Հայաստանի տեղի ու դերի հարցին»: 
Թան էլ չէ, փրթած մածուն` «քաղաքակրթական ընտրություն»: Քանի որ անգամ ամերիկամետության տեսանկյունից` ԱՄՆ տարբեր նախագահների հարցը չի կարող լինել քաղաքակրթական ընտրության հարց, մնում է եզրակացնել, որ մեր արեւմտամետները, ավելի ճիշտ` ամերիկամոլները, քաղաքակրթական ընտրություն են համարում ընտրությունը երկու կլանների` Ռոքֆելլերների եւ Ռոտշիլդների միջեւ: 
Ու,խոշոր հաշվով, ստացվում է, որ Հայաստանի քաղաքական դաշտի արեւմտամետ հատվածը բաղկացած է գործնականում «Ռոքֆելլերների վկաներից», եւ նրանց համար այդ կլանը նույնիսկ ոչ թե քաղաքական, այլ մոլեռանդ կրոնականին հավասար նշանակություն ունի: Որովհետեւ միայն այդպիսի ֆանատիկոսների մտքով կանցնի պնդել, թե. «Պարզ կլինի հարցի պատասխանը` ընդամենը մեր բա՞խտն է բերելու մի քանի ժամ անց, թե՞ մենք ունենալու ենք հայ-ամերիկյան հարաբերության եւ ըստ այդմ` հայկական մրցունակ պետականության հեռանկարի բավական պրագմատիկ եւ կանխատեսելի նոր հնարավորություններ, երբ համաշխարհային գերտերությունում հաղթի առողջ բանականությունը եւ սթափ դատողությունը»: 
Անշուշտ, այդ ամենում կա եւ հասարակ մորթապաշտության պահ, քանզի ամիսներ շարունակ Թրամփին հայհոյողները մտավախություն ունեն, որ նրա հաղթանակի դեպքում կզրկվեն գրանտներից եւ այլ բարիքներից: Բայց առավել կարեւորն այն է, որ երեւակվեց Հայաստանի քաղաքական դաշտի արեւմտամետ հատվածի լրիվ անառողջ վիճակը: Քանզի պարզ է դառնում, որ նրանք ոչ թե երկրի արտաքին վեկտորը տեսնում են դեպի ԱՄՆ կամ Եվրոպա, այլ ամբողջը կապում են այս կամ այն ստվերային վաշխառուական կլանի հետ: Այսինքն` նրանց ջախջախիչ մեծամասնությունը շպիոնօնիկի առավել վատթար տեսակն է, քան կարելի է պատկերացնել: 

«Այսօր ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարը չի ընթանում». Վարչապետը՝ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի 1-ին նիստին

ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ 
ՍՑԵՆԱՐՆԵՐ
Անշուշտ, Հայաստանի բախտը բերել է: Եվ այդ բախտ բերելը որեւէ կապ չունի Քլինթոնի կամ Թրամփի հետ, ու այն արդեն կա, այլ ոչ թե որոշվելու է ժամեր անց: Մեր բողոքավոր ընտրազանգվածը պարզապես բանի տեղ չի դնում այդ արատավոր, կիսատ-պռատ արեւմտամետներին: Իսկ լիարժեք, նորմալ արեւմտամետներ մեր ընդդիմադիր դաշտում չկան: Ու նրանք հիմա իրենք իրենց պատռտում են, թե ինչպես վերադասավորվեն, որ գլուխը որ պատով զարկեն, որպեսզի կարողանան հաղթահարել 5 տոկոսանոց շեմը եւ տիրանալ բաղձալի պատգամավորական մանդատներին: Պատեպատ զարնվելու ցցուն օրինակներից է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայությունը Ստամբուլում Էրդողանի կուսակցության կազմակերպած Ասիական կուսակցությունների համաժողովում, ինչը կանխատեսելիորեն ավարտվեց սկանդալով: Եվ եթե 1992-ին Րաֆֆիի կողմից` արտգործնախարարի կարգավիճակով Ստամբուլում Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելը հանրությունն ընդունել էր որպես հերոսության պես մի բան, այժմ զուտ որպես կուսակցապետ` այդ դահլիճում նրա հայտնվելը, բացի քմծիծաղից, այլ բան չի առաջացնում: Անլուրջ է նայվում նաեւ այդ կուսակցության միակ պատգամավորի` Զարուհի Փոստանջյանի հայտնությունը Շանթ Հարությունյանի որդի պատանի Շահենի կազմակերպած «անոնիմուսների երթում»: Երեւում է, որ «ժառանգականները» փնտրում են ցանկացած, նույնիսկ փոքրիկ, նույնիսկ բնույթով ոչ համապատասխան հավաք, որպեսզի այդտեղ երեւան ու փորձեն մի քանի քվե կորզել: 
Բարվոք չէ նաեւ վիճակն այն ընդդիմադիր ուժերի, որոնք արեւմտամետից բավականին արագ գունափոխվել են դեպի ռուսամետություն: Այսպես, Լեւոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ի գործերը, ինչպես ցույց տվեցին ՏԻՄ ընտրությունները, լրիվ ՀԱԿմեջ վիճակում են` վերջին տեղի տեսքով: Ու այսօր ՀԱԿ-ը չի էլ թաքցնում, որ պատրաստ է մտնել ցանկացած դաշինք, միայն թե, այդ դաշինքով գոնե մեկ մանդատ ունենա ապագա ԱԺ-ում: Իսկ Արթուր Բաղդասարյանը անգամ հասավ նրան, որ սկսեց արդարանալ իր բոլոր գործողությունների համար` 2008-ից սկսած: Տո, ինչ ասես կանեն` է՛լ գլուխկոնծիներ, է՛լ կաղոթեն բոլոր աստվածներին ու սատանեքին, է՛լ սուտ-սուտ մեղա կգան, միայն թե ընտրողից կարողանան ձայն մուրալ: 
Այլ է սակայն իրավիճակը ԲՀԿ-ի պարագայում: Այդտեղ հույժ ոգեւորված են Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձով, ու էլ նախկին ԲՀԿ-ականները փորձում են հետ վերադառնալ, է՛լ ինքը` ԲՀԿ-ն, մեծամտաբար ասում է, որ ոչ մի դաշինք էլ իրեն պետք չէ: Բայց հետաքրքրական տեղեկատվական արտահոսքեր կան: 
Այսպես, ակնհայտ քոչարյանամետ «Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու ծրագրերն այս պահին համակարգում են ԲՀԿ-ի Երեւանի ավագանու նախկին ղեկավար, մի քանի լրատվական կայքերի սեփականատեր Արման Վարդանյանը եւ ԲՀԿ նախկին խոսնակ Խաչիկ Գալստյանը: Նրանք Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի գլխավորած դաշինքի անվան օրինակով ստեղծել են «Միասնություն» անունը կրող շարժում, որը պետք է իր մեջ համախմբեր տարբեր գործիչների, քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների, որին միանալու մասին պետք է հայտարարի նաեւ ԲՀԿ-ն»: Հետաքրքիր է, սա իրակա՞ն գործընթաց է, թե` որոշ շրջանակներ ցանկալի են համարում այդպիսի սցենարը: Բայց հարց է ծագում` բացի ԲՀԿ-ից, էլ ո՞ր խոշոր կուսակցությունը պետք է մտնի ենթադրելիք շարժման մեջ: ՀԱԿ-ին այդպիսի բաղադրիչ համարել անլուրջ կլինի, համ էլ, մեզանում ոչ ոք չի սիրում, ամերիկացիների ասած, «լուզերներին», այսինքն` ձախողակներին: Մի՞թե այդ երկրորդ խոշոր կուսակցությունը կլինի Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդը»: Կամ, միգուցե, ալամ աշխարհի հայերի պրեզիդենտ Արա Աբրահամյանի դեռ չստեղծված կուսակցությունն է՞լ է նախատեսված... Ինչեւէ, մի կողմից` երազել եւ ծրագրել կազմելը վնաս չէ, մյուս կողմից էլ` այդպիսի ձեւաչափ եթե ստեղծվի, այն կլինի ԱԺ-ում երկրորդ տեղի շատ լավ հավակնորդ: Երկրորդ տեղի, բայց ոչ երբեք հաղթողի ու ԱԺ մեծամասնություն կազմողի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА