ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սորոսականների Գեբելսյան մեթոդները. Հ.Բաբուխանյանը դատի է տալու Սորոսին

06.03.2019 17:35
Սորոսականների Գեբելսյան մեթոդները. Հ.Բաբուխանյանը դատի է տալու Սորոսին

Այսօր իր ասուլիսում Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Լարիսա Մինասյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, որ  կան գործիչներ, ովքեր ֆինանսավորվել կամ օգտվել են Սորոսի հիմնադրամից, տվել է Աժ մի քանի գումարման պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի անունը` անվանելով վերջինիս «սորոսական»: Այդ հայտարարության կապակցությամբ  իր մեկնաբանության  մեջ Հայկ Բաբուխանյանը, պատասխանելով Iravunk.com-ին, ասաց.

-Ես բազմիցս նշել եմ, որ Սորոսի հիմնադրամը պետականաքանդ, հակաազգային, հակահայկական կազմակերպություն է եւ այն պետք է փակել: Նշել եմ դա տարբեր ամբիոններից եւ այդ թվում` Ազգային ժողովի ամբիոնից: Եվ զարմանալի չէ, որ Սորոսը , եւ Հայաստանում նրանից կերակրվող եւ իր շահերը ներկայացնող ներկայացուցչության ղեկավարը հերթական հարձակումն են գործում իմ դեմ, օգտվելով իրենց համար բնորոշ մեթոդներից, այն է` բացահայտ սուտը: Հավանաբար, այդ տիկինը որոշել է կիրառել ֆաշիստական Գերմանիայի քարոզչության գաղափարախոս Գեբելսի խորհուրդը, այն է` ինչքան սուտը ավելի մեծ է եւ անհավանական,  այդքան  դրան կհավատան մարդիկ: Սակայն  պետք է տխրեցնեմ սորոսական պարագլուխ տիկնոջը, հիշեցնելով, որ արդյունքում  Գեբելսը եւ նրա գաղափարակիցները հայտնվեցին միջազգային տրիբունալի առաջ: Կգա ժամանակը ,եւ նման մի միջազգային տրիբունալի առաջ կհայտնվեն Սորոսը եւ նրա սպասարկողները: Եվ քանի դեռ ուշ չէ, առաջարկում եմ Հայաստանի սորոսական կազմակերպիչներին հանդես գալ մեղայականով, ներողություն խնդրել հայ ժողովրդից իրենց արածների համար, իսկ տիկնոջը ներողություն խնդրել ինձանից` իր հռչակած մեծ եւ անհավանական զրպարտության համար: Հայտարարում եմ, որ ես երբեք չեմ ֆինանսվորվել կամ օգտվել Սորոսի հիմնադրամից: Այդ կեղտոտ փողերի հետ երբեք գործ չեմ ունեցել:

- Լարիսա Մինասյանը, պատասխանելով մեկ այլ լրագրողի հարցին, թե արդյո՞ք կան ցուցակներ, որտեղ նշված է, որ Հայկ Բաբուխանյանը ստացել է դրամաշնորհներ, պատասխանում է, որ իբր այդ ցուցակները վաղուց հրապարակված են, որտեղ նշված են անուններ եւ գումարներ, այդ թվում` Ձեր անունը:

- Պետք է հիշեցնեմ մի պատմություն, որը կապված է ԵՄ-ի գրասենյակի հետ, որտեղ  ձեւավորվել էր մեծ կոռուպցիոն համակարգ, ինչքան էլ զավեշտալի հնչի, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում եւ այդ գրասենյակի մի շարք աշխատակիցներ պարզապես թալանել էին հսկայական  դրամաշնորհային գումարներ, որի հետեւանքով բացվեցին բազմաթիվ քրեական գործեր: Չգիտեմ` գուցե սա այն դեպքն է, որ Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղում իմ անվան տակ դուրս են գրվել ինչ-ինչ դրամաշնորհներ, որոնց հետագա  ընթացքը ինձ համար անհայտ է, բայց, հավանաբար, հայտնի է դուրս գրողների համար: Կրկնում եմ, ես երբեք այդ  հակաազգային կազմակերպությունից որեւէ դրամաշնորհ չեմ ստացել, իսկ  այդ տիկնոջ հայտարարությունը արդեն իսկ ուսումնասիրվում է իմ փաստաբանների կողմից` որպես վիրավորանք ու զրպարտություն:

- Այնուամենայնիվ, ի՞նչն է պատճառը, որ հայաստանյան Սորոսի պարագլուխը, թողած այն հարյուրավոր անձանց ու կազմակերպություններին, ովքեր իսկապես իրենցից ստացել են դրամաշնորհներ, ասում է այդպիսի բացահայտ սուտ:

- Նախ ` այդ տիկինը ինքնին անէական տարր է հայ ժողովրդի դեմ  Սորոսի դավադրության մեջ: Սորոսը շատ փող ունի եւ, իմանալով, որ մեզանում զրպարտանքը ապաքրեականացված է, պատրաստ է դատարանում մի 2 մլն վնասի փոխհատուցում մուծել, հույս ունենալով, որ այդպես կփորձի իմ անունը խառնել իրենց կեղտոտ գործերի հետ: Սորոսականները լավ հասկանում են, որ դրանով, այսինքն` ասելով, թե իբր այս կամ այն մարդը իրենցից դրամաշնորհ է ստացել, նրանք կեղտոտում են այդ մարդու կենսագրությունը: Այսինքն` սորոսականները լավ էլ հասկանում են, որ իրենց գործերը անպատվաբեր են: Նրանք խաղում են միլիոնավոր դոլարների հետ, դրա դիմաց մխտռվում են հակազգային գործերով, ու ուզում են, որ ուրիշներն էլ մխտռված լինեն, որ Հայաստանում մաքուր մարդ չմնա:, որովհետեւ այդ միլիոնավոր դոլարների արդյունքում կառուցած դղյակներում նրանք հանգիստ քնել չեն կարողանում: Երբ խոսում ենք քաղաքական կոռոուպցիայի մասին, հենց այս դեպքերը նկատի ունենք, երբ այս կամ այն ֆինանսական դրամաշնորհի դիմաց ստիպում են ոչնչացնել սեփական հայրենիքը: 

 Մյուս կողմից` սա սորոսականների կողմից մեր դեմ  բնավ էլ առաջին հարձակումը չէ, դեռ 2014թ.-ից սորոսականները փող էին բաժանում , որպեսզի կազմակերպեն դատավարություններ «Իրավունք» թերթի դեմ եւ անձամբ իմ դեմ այն նպատակով, որ փակվի «Իրավունք» թերթը, իսկ իմ գործունեությանը հասցնեն վնաս: Ասեմ, որ այդ հարձակումը չսահմանափակվեց միայն Հայաստանում սորոսների կողմից իմ եւ «Իրավունք» թերթի դեմ հսկայական գումարներ բաժանելով: Այն համակարգված կերպով հասավ ԱՄՆ-ի Պետական Դեպարտամենտի տարեկան զեկույցին եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, որտեղ անձամբ իմ եւ «Իրավունք» թերթի դեմ հատուկ անվանական բանաձեւեր ընդունվեց:

- Սակայն  ինչո՞ւ հատկապես այսօր նորից վերսկսվեց Ձեր դեմ սորոսականների հարձակումը:

- Մի կողմից դա վախն է եւ սարսափը, որ սորոսականների վերջը արդեն երեւում է: Ամբողջ աշխարհում ազնիվ եւ հայրենասեր մարդիկ ոտքի են կանգնել, որպեսզի իրենց երկրներից վռնդեն այդ պետականաքանդ եւ ազգաքայքայիչ կազմակերպությունը: Կարող եք տեսնել, թե ինչ է կատարվում նույն եվրոպական երկրներում, ասենք` Հունգարիայում, Ավստրիայում եւ այլն: Սորոսի հետ կապված արտահայտվել է անգամ ԱՄՆ նախագահ Թրամփը: Այդ կազմակերպությունը արգելված է ՌԴ-ում եւ մի շարք այլ ազգային պետություններում: Հայաստանում շատերը հասկացան, որ մեր երկիրը բռնազավթված է սորոսականների  կողմից, որոնք ոչնչացնում են մեր բանակը, կրթությունը, մշակույթը, ազգային եկեղեցին, բարոյականությունը: Արդյունքում, հարվածում են մեր ինքնիշխանությանը: Միաժամանակ, սորոսականները սարսափած են ՍԻՄ կուսակցության ակտիվ գործունեությունից, որը նոր թափ է հավաքում, սարսափած են «Իրավունք» թերթի բացահայտումներից, սարսափած են նրանից, որ ամեն օր ընդլայնվում են ՍԻՄ կուսակցականների շարքերը եւ «Իրավունք» թերթի ընթերցողների շրջանակները: Եվ այդ սարսափից ու վախից դիմում են ստոր եւ էժանագին ստերի տարածմանը, սակայն  ինչպես հայտնի է` ստի ոտքերը կարճ են, իսկ այդպիսինների բացահայտման համար պետք է ընդամենը 40 օր:

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА