ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԵՐՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԹԱԼԱՆ
Տնտեսություն
Երբ պաշտոնական վիճակագրությունն անցած ամիս ներկայացրեց հունվարի դրությամբ երկրում թանկացումների վիճակագրությունը, բոլորը ցնցված էին: Այն պատճառով, որ թվեր նկարելու մեջ մասնագիտացած վիճակագիրներն անգամ ներկայացրել էին այնպիսի ցուցանիշներ, որոնք պարզապես աղաղակում էին երկրին մոտեցող սովի եւ համատարած թալանի մասին:
Բայց ահա նախօրեին, երբ նույն վիճակագրությունը ներկայացրեց փետրվարի գնաճի ցուցանիշները, պարզ դարձավ, որ հունվարի թանկացումներին երանի ենք տալու: Միայն մեկ թիվ. եթե հունվարին՝ 2020թ. հունվարի համեմատ վիճակագիրները ներկայացրել էին 4.5 տոկոս ընդհանուր գնաճ, ապա փետրվարին՝ նախորդ փետրվարի համեմատ այդ ցուցանիշն արդեն հասել է 5.3 տոկոսի: Այսպիսով, ի՞նչ պատկեր ունենք փետրվարին: Այդ 5.3 տոկոսը քիչ բան է ասում, քանի որ դա գնաճի ընդհանուր ցուցանիշն է: Շարքային քաղաքացիների համար, իհարկե, շատ ավելի կարեւոր է այն ապրանքների գները, որոնք օգտագործում է ամեն օր: Դրանց թվում առաջին տեղում սննդամթերքն է, եւ ահա այստեղ վիճակն արդեն ահավոր է: «Սննդամթերքի գներ: 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.8% գնաճ»,- տեղեկացնում է վիճակագրությունը: Սակայն սննդամթերքի մեջ էլ կա ամենօրյա եւ ոչ ամենօրյա կիրառման ապրանքներ, եւ հասկանալի է՝ հիմնական թանկացումները հենց ամենօրյա սպառման ապրանքատեսակների մոտ են: Այսպես. «Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 13.1% գնաճ»: Այնուհետեւ. «Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 19.7% գնաճ», այդ թվում, հիմնականում սպառվող արեւածաղկի բուսական յուղի գնաճը կազմել է 50.4%:
Ամենակարեւոր ապրանքախմբերից մեկը. «Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ գրանցվել է 9.0%»: Այդ թվում, հացը եւ ալյուրն անցած տարվա փետրվարի համեմատ թանկացել են համապատասխանաբար 8.4 եւ 13.3%-ով:
Էլ ավելի վատթար պատկեր է «Կաթնամթերք, պանիր եւ ձու» ապրանքախմբում, որտեղ. «2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 13.1% գնաճ»: Իսկ ձվի գինը աճել է 52.5%-ով: Շաքարավազը թանկացել է 40.6%-ով, մրգեղենը՝ 8.3%, եւ այսպես շարունակ: Կարճ ասած, փետրվարյան թանկացումները ռեկորդային են առնվազն վերջին 10 տարվա կտրվածքով ¥տե՛ս գրաֆիկը¤: Ընդ որում, այստեղ ոչ մի բացատրություն չի կարող լինել, բացի նրանից, որ պետությունն անտերության է մատնված, ու համապատասխան պետական կառույցներն ու Նիկոլի չտեսած օլիգարխները զբաղված են թալանով. ինչքան հնարավոր է, ինչ իմանաս, թե վաղն ինչ կլինի: Այլ բացատրություն չի կարող լինել, հաշվի առնելով, որ նույն վիճակագրությունը շարունակում է փաստել՝ աշխարհում գնաճի անգամներով պակաս մակարդակ է, իսկ շատ երկրներում՝ գնանկում: Վերջին տվյալները հունվարի վերաբերյալ են, եւ դրանք էլ պատկերացում կազմելու հնարավորություն տալիս են: Այսպես, եթե ըստ ՀՀ վիճակագրության, այս հունվարին՝ անցած հունվարի համեմատ, ինչպես արդեն նշեցինք, ունեցել ենք 4.5 տոկոս ընդհանուր գնաճ, ապա այդ նույն ցուցանիշը ԵՄ-ում ընդամենը 1.2 տոկոս է, որը խոսում է խոշոր ապրանքային շուկաներում առկա մինչեւ իսկ գնանկումային միտումների մասին: Կամ ԱՄՆ-ում գնաճը նույն տրամաբանության մեջ է՝ 1.4 տոկոս է: Ճիշտ է, որոշ երկրներում կա մեզանից էլ բարձր գնաճ (օրինակ՝ Ռուսաստանում): Սակայն խոսքը հիմնականում այն երկրների մասին է, որոնք հենց նման տնտեսական քաղաքականությամբ են առաջնորդվում. գնաճի բարձր մակարդակ՝ տեղական արտադրության խթանման համար: Այսինքն, անգամ այդ երկրների օրինակը չի խոսում համաշխարհային ապրանքային շուկաներում թանկացումների մասին: Իսկ եթե համաշխարհային ապրանքային (այդ թվում՝ սննդամթերքի) շուկաներում գնանկում է, իսկ Հայաստանում փետրվարին վիճակագիրները ներկայացրել են 5.3 տոկոս ընդհանուր եւ տասնյակ տոկոսներով սննդամթերքի թանկացում, դոլարի փոխարժեք կամ նման բացատրություններն արդեն վճռորոշ չեն: Ու առաջ է գալիս միակ բացատրությունը՝ պետական անտերություն ու համատարած թալան: Իսկ ամենավատն այն է, որ չկա որեւէ հույս, որ պետությունը կփորձի ինչ-որ բան փոխել. իշխանական վերնախավը հազիվ թե ցանկանա նեղացնել եղբայր-օլիգարխներին, որոնք իրենց միտինգային գլխաքանակ եմ մատակարարում:
Ս. ԱԲՐԱՄՅԱՆ