«Նիկոլը ատում է անդրանիկներին եւ մերժում անցյալի հերոսականությունը». ՌՈՒԲԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
Մշակութային
Երեկ Անդրանիկ զորավարի ծննդյան օրն էր: Այս թեմայով "Իրավունքը" զրուցեց գրող, հրապարակախոս, Անդրանիկի մասին գրքերի հեղինակ ՌՈՒԲԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ:
– Այսօր Անդրանիկ զորավարի նման հերոսների կարիքն ունենք: Չե՞ք կարծում, որ հենց նեղն ենք ընկնում, նոր ենք հիշում Անդրանիկի նման հերոսներին:
– Եվ նեղ վիճակում, եւ ընդմիշտ Անդրանիկը հավերժության զավակն է: Անդրանիկը պահերի թելադրանքով չի ասպարեզ գալիս: Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչու է այսօր մեր երկրի ղեկավարը ատում է անդրանիկներին: Ընդհանրապես նա մերժում է հայոց անցյալի հերոսականությունը: Դուք պետք է հիշեք "Հայկական ժամանակ" թերթի 2005 թվականի դեկտեմբերի 9-ի համարը, որտեղ նա ամենախիստ արհամարհանքով, սառը սրտով մերժում է բոլորին եւ նաեւª Անդրանիկին: Նիկոլ կոչեցյալը ճանաչում է ընդամենը երեք հերոսների` Վազգեն Սարգսյանին, Մոնթեին եւ Մովսես Գորգիսյանին: Առանց հասկանալու, որ այդ երեքն էլ դուրս են եկել իր մասնագիտությամբ հյուսն Անդրանիկի պատրաստած ոգեղեն օրորոցից:
– Դուք ներկա եք եղել Վանաձորում զորավար Անդրանիկի արձանի բացմանը: Կպատմե՞ք…
– 2019 թվականի հոկտեմբերի 26-ին Վանաձոր քաղաքի օրն էր: Այդ օրը նաեւ բացում էին Անդրանիկի արձանը: Մեր վարչապետը իր հսկա բարձունքից չցանկացավ մոտենալ բացվող արձանին եւ իրեն սպասող վանաձորցիներին, որոնց ժամանակին ասում էր` այս երկրի տերերը դուք եք: Նա արհամարհեց եւ չցանկացավ մասնակցել Անդրանիկ զորավարի արձանի բացմանը:
– Ժամանակին Անդրանիկը նաեւ մերժել է Բաթումի պայմանագիրը. ինչո՞ւ…
– Այո, երբ տեղի էր ունեցել Սարդարապատի ճակատամարտը, Անդրանիկը իր կռիվները մղել է Աշոցքի սարահարթում եւ հայտնվել Դիլիջանում, որտեղ 1918 թվականի հունիսի 4-ի երեկոյան երեք կողմից ստանում է նույն պայմանագրի պատճեն: Դա Բաթումի պայմանագրում հայ-թուրքական պատվիրակությունների կնքած պայմանագիրն էր: Անդրանիկը պայմանագիրը մերժում է, որովհետեւ այդտեղ որեւէ տող, որեւէ բառ չկար Արեւմտյան Հայաստանի եւ ծով գաղթականության հայրենիք վերադառնալու մասին: Եվ նրա հետ միասին շատ արեւմտահայեր չճանաչեցին Բաթումի ստորացուցիչ պայմանագիրը:
– Անդրանիկի անվան հետ է կապվում նաեւ Սյունիքի ինքնապաշտպանությունը: Ինչո՞ւ է այսօր դա քիչ հիշատակվում:
– Անդրանիկի 30-ամյա պայքարի լուսապսակը դարձել է Սյունիքը, որի պատմությունը դժբախտաբար մինչեւ հիմա աղավաղված են ներկայացնում : Նա եղել է մեր կորած հողահավաքի հանճարը: Նրա միջոցով է Սյունիքը պահպանվել` որպես հայկական հող: Աստծո կամոք հայտնվելով է Սյունիքում` 1918 թվականի ամռանը նա կազմակերպել է այդ երկրամասի ինքնապաշտպանությունը: Հետո Անդրանիկի գործը Սյունիքում շարունակել է Նժդեհը, որը ասել է."Նրանք, ովքեր ցանկանում են նսեմացնել Անդրանիկի պես մեծությանը, նրանք նսեմացնում են հայկական հերոսականությանը, իսկ այդպիսի ժողովուրդը ենթակա է կործանման": Նժդեհը նաեւ ասել է, որ մեր ազգային ազատագրական պայքարի խորհրդանիշն է Անդրանիկը:
– Անդրանիկը նաեւ մշակութային արժեքներ է փրկել եւ բարեգործություններ արել: Կմանրամասնե՞ք:
– Անդրանիկը կործանվող հոգիների փրկողն էր եւ գաղթականների հայրը: Նրա շնորհիվ Սյունիքում` այժմյան Սիսիանում, մանկատուն է բացվել: Անդրանիկը մեր մշակութային գանձերի հավաքողն է եղել: 1916 թվականի փետրվարի 18-ի լույս 19-ի գիշերը, երբ ռուսական հրամանատարությունը անկարելի էր համարել Բիթլիս քաղաքի գրավումը, Անդրանիկ զորավարը ռուսներից վերցրած գումարտակով, 1400 թուրք զինվորների ներքնաշորերով հանում է եւ ձյան վրա կանգնեցնում: Նա այդտեղ փրկում է հարյուրավոր ձեռագրեր, մատյաններ, որոնց մեջ եղել է նաեւ "Մշո ճառընտիրը", որի մասին գեղեցիկ զրույց կա, թե իբրեւ այն փրկել են երկու հայ կանայք: Բայց իրական փրկողը եղել է մեր անմահ զորավարը: Ավելին` զորավարի շնորհիվ փրկվել է նաեւ Մշո Առաքելոց վանքի դուռը, որը այժմ պահվում է մեր պետական թանգարանում:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
Հ.Գ-Հարցազրույցը կարդացեք նաեւ«Իրավունք» թերթի այսօրվա համարում: