Արժանի էին ավելի խիստ պատժի, մի օր չկանգնեցին, չնայեցին իմ աչքերի մեջ ու չասեցին` մենք չենք սպանել քո ամուսնուն
Իրավական
3 տարի 8 ամիս տեւած դատավարությունից հետո նախօրեին հրապարակվել են ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատավճիռները:
Դատարանը վճռել է Պավել Մանուկյանին դատապարտել 7 տարի 8 ամիս, Վարուժան Ավետիսյանին` 7 տարի 4 ամիս, Մխիթար Ավետիսյանին` 7 տարի 6 ամիս, Գագիկ Եղիազարյանին` 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանին` 7 տարի 1 ամիս, Սմբատ Բարսեղյանին` 25 տարի, Էդվարդ Գրիգորյանին` 6 տարի 6 ամիս, Սեդրակ Նազարյանին` 8 տարի 2 ամիս, Արմեն Բիլյանին` 4 տարի 6 ամիս ազատազրկման: Բիլյանը արդարացվել է սպանության մեղադրանքի մասով:
Արայիկ Խանդոյանի մասով քրեական գործի վարույթը կարճվել է մահվան հիմքով:
Համաձայն են արդյոք կայացված դատական ակտերի հետ սպանված ոստիկանների ընտանիքները «Իրավունքը» փորձել է պարզել հենց տուժողների իրավահաճորդներից:
Սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կինը` Արփինե Տեփանոսյանը մեզ հետ զրույցում ասաց.
- Դեռ չենք որոշել կբողոքարկենք վճիռը, թե ոչ, որովհետեւ այս պահին դեռ ոչինչ չեմ որոշել: 25 տարվա ազատազրկումն էլ արդեն բավական մեծ պատժաչափ է: Թեեւ վերջիններս արժանի էին ավելի խիստ պատժի` ի վերջո նրանք մարդկային կյանքեր են խլել, նրանք վատ օրինակ են ծառայելու երկրի համար:
Երեք անչափահաս երեխաների մայրը անդրադարձավ նաեւ սպանության մեղադրանքի մասով արդարացված Արմեն Բիլյանին նկատելով.
-Արմեն Բիլյանին ատում եմ այնքան, որքան մնացներից, բայց ի սկզբանե նրա աչքերը պայքարում էին` ապացուցելու, որ անմեղ է: Ինչը չեմ կարող ասել մյուսների մասով, մի օր չկանգնեցին, չնայեցին իմ աչքերի մեջ ու չասեցին` մենք չենք սպանել քո ամուսնուն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ