Նվազեցրեք կերակրի աղը․ Սրտաբան
Առողջապահական
- Հարգելի բժիշկ, ինչպե՞ս կարգավորել զարկերակային գերճնշումը: Ինձ մոտ զարկերակային ճնշման բարձրացումները ընթանում են առանց կլինիկական նշանների:
Հարցին պատասխանում է միջամտական-առիթմոլոգ ՄԻՀՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ.
- Զարկերակային գերճնշումը արտահայտվում է զարկերակային ճնշման կայուն (139/89 մմ սս), երբեմն նաեւ՝ կրիզային բարձրացումների տեսքով:
Սկզբնական շրջանում հիմնականում արտահայտվում է գլխացավերի տեսքով, ինչը հաճախ ազդանշան է հանդիսանում եւ հնարավոր է դարձնում խուսափել անցանկալի բարդություններից: Սկզբնական փուլում գլխացավերը ի հայտ են գալիս հիմնականում զարկերակային ճնշման բարձրացումների ժամանակ, հետագայում նույնատիպ գլխացավերը կարող են կրկնվել եւ ԶՃ նորմալ թվերի դեպքում:
Որոշ անձանց մոտ ԶՃ բարձրացումները ընթանում են առանց կլինիկական նշանների եւ երբեմն առաջին նշանը, որ խոսում է բարձր ԶՃ մասին հանդիսանում է սրտամկանի ինֆարկտը կամ ինսուլտը:
Զարկերակային գերճնշման տեսանելի ցուցանիշը դա գրանցված բարձր զարկերակային ճնշումն է: Անհրաժեշտ է շեշտել, որ հիվանդությունը ախտահարում է ամբողջ օրգանիզմը եւ հատկապես այսպես կոչված թիրախ օրգանները, դրանք են.
• Սիրտ-անոթային համակարգ
• Գլխուղեղ
• Երիկամներ
• Աչքեր:
Զարկերակային գերճնշումը բազմապատճառային հիվանդություն է: Դա նշանակում է, որ ԶՃ բարձրացումը պայմանավորված է միեւնույն ժամանակ մի քանի ախտաբանական օղակների ներգրավվածությամբ: Դա է պատճառը, որ այսօր գոյություն ունեն մեծ թվով դեղամիջոցներ, որոնք ստեղծվել են բարձր զարկերակային ճնշման իջեցման եւ զարկերակային գերճնշման բարդությունների կանխարգելման նպատակով: Ժամանակակից սրտաբանությունը հետ է կանգնել այն մտքից, որ հնարավոր եւ ցանկալի է ԶՃ կարգավորել մեկ պրեպարատով, ինչը կրկին անգամ խոսում է հիվանդության բազմապատճառային բնույթի մասին, եւ հիմնականում խորհուրդ է տրվում սկսել ընդունել երկու անուն դեղամիջոց, հետագայում վերանայել եւ փոփոխել ինչպես դեղամիջոցները, այնպես էլ նշանակված դեղաչափերը:
Հակագերճնշումային պրեպարատները նշանակվում են ԶՃ նորմալ ցուցանիշների վրա պահպանելու եւ թիրախ օրգանների հետագա ախտահարումը կանխարգելելու նպատակով:
Միեւնույն ժամանակ պետք չէ մոռանալ այն մեծ ազդեցության մասին, որ ունի կենսակերպը ԶՃ վրա:
Խորհուրդ է տրվում պարտադիր կերպով զգալի նվազեցնել կերակրի աղի օգտագործումը, չծխել, չչարաշահել ալկոհոլ, վարել ֆիզիկապես ակտիվ կյանք՝ քայլել եւ զբաղվել սպորտով, ընդունել առողջ սնունդ եւ պայքարել ճարպակալման դեմ: Բազմաթիվ հետազոտություններով ապացուցվել է, որ առողջ կենսակերպը հավաստի օգնում է պայքարել զարկերակային գերճնշման դեմ:
Նշանակման թերթիկի առաջին տողում պարտադիր պետք է նշել առողջ կենսակերպի անհրաժեշտությունը, իսկ այնուհետեւ՝ դեղամիջոցները:
Ամփոփելով այս թեման, եւս մեկ անգամ նշենք հիմնական դրույթները.
1. Անհրաժեշտ է կանխարգելել զարկերակային գերճնշման զարգացումը եւ առկա հիվանդության պայմաններում զարկերակային ճնշման՝ հետագա բարձրացումները՝ վարել առողջ եւ ֆիզիկապես ակտիվ կենսակերպ, կերակրի աղի սահմանափակում, ճարպակալման կանխարգելում եւ այլն
2. Նշանակված դեղամիջոցների կանոնավոր ընդունում
3. Զարկերակային ճնշման կտրուկ տատանումների դեպքում անհապաղ դիմել մասնագիտացված բժշկական օգնության:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ