Որոշեցի զինվորագրվել պատերազմում գրչով. գրող
Մշակութային
Բոլորովին վերջերս տեղի ունեցած պատերազմը, անհաշվելի թվով զոհերն ու հայկական կողմի ցավալի պարտությունը կարծես թե շատերիս է հուսահատության եզրին կանգնեցրել: ՀԳՄ անդամ, գրող, հրապարակախոս ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ իր հոգու ցավը, կարծես, փորձում է մեղմել իր հեղինակած "Հերոսապատում" կամ "Քառասունչորս օր" գրքով, որը շուտով կդրվի ընթերցողի սեղանին: Հեղինակը գիրքը նվիրում է 2020 թվականի պատերազմի հերոսներին:
– Տիկին Հռիփսիմե, "Հերոսապատում" կամ "Քառասունչորս օր" գիրքը ձեր համառ ջանքերով մոտենում է ավարտին: Կմանրամասնե՞ք փոքր ինչ, թե ինչ բովանդակություն ունի գիրքը:
– Արցախյան այս պատերազմը երկրի համար երկրաշարժ էր, որի փլատակները նորից կյանքի կոչելու համար պահանջվում են մեծ նվիրում ու հայրենասիրություն: Այս ամենը դեռ երկար կհիշեցնի, որ երկրի ընդերքում հրաբուխ է եղել... Դժվար է ասել այդ ցնցումները կկրկնվեն նորից, թե՞ կսկսվեն շաղախել ավերակները, որ վերաշինություն լինի: Այս սեպտեմբերը չդարձավ ոսկե աշուն, Ամեն մի ծառ նմանվեց ճակատագրի: Կյանքերի տերեւաթափ եղավ, որոնք արմատներին ասացին. մեզ առեք ձեր գիրկը, ապրողների աշխարհում էլ չկանք... ամեն մի լուսանկարից ինձ էր նայում մի երկնային աստղահանդեսի գնացող քաջորդի: Դժվար էր թիավարել այդ ցավի միջով: Որոշեցի զինվորագրվել այդ պատերազմում եւ ես, այս անգամ` գրչով եւ գրել ինձ հասու զոհվածների մասին գիրք: Չեմ ուզում նկարագրել այն փոթորիկը, որի միջոցով այդ ծանրաբեռ նավը շուտով ափ կհասնի: Հաճախ այդ ղեկը դողաց իմ ձեռքում, վախ կար, որ ցամաքին հասնելու ուժերս կդավաճանեն, բայց հույսը միշտ առագաստ է դառնում, ընթացքը թված հաղթահարված, երբ նշմարվեց ափեզրերի հեռավոր ցամաքը:
– Գիրքը գեղարվեստի եւ վավերագրության խառնո՞ւրդ է, թե՞ բացառապես գեղարվեստական է:
– "Հերոսապատում" կամ "Քառասունչորս օր" գիրքը հեռու է ծեքծեքուն բառերի շռայլությունից, բայց մոտ է գեղարվեստին: Զոհված հերոսները, որոնք անհաղթանակ նահատակվեցին, ինձ հասու էին նրանց հարազատների շնորհիվ: Ամեն մի հերոսական ճակատագիր ունի իր կենսատարածքը: Մտավախություն ունեի, որ միատոնությունը կթուլացնի գիրքը, բայց չէ, ճիշտ է, հենքը պատերազմն է, սակայն կան գույներ ու նախշեր, որոնք առանձնանում են իրարից ճակատագրական երանգներով ու ձեւերով: Գեղեցկախոսություն չկա գրքում, ոչ մի ավելորդ զարդարանք, ուղղակի ես շտկել եմ թերի ու անճիշտ տեղերը, մկրատել եմ ավելորդը, որ սաղարթը լինի արվեստով ու ամբողջական: Փորձել եմ կենսագրական թվերով դյուզն ինչ ներկայացնել հերոսի ճամփան, որ նրանք էլ խոսեն իրենց առավել ճշտությամբ: Թվերը նաեւ ուղղորդում ունեն: Այս գրքում չկա պոետ Հռիփսիմե Հովհաննիսյանը:
– Գրքում քանի՞ քաջորդու պատմություն է ներառված:
– Քանի դեռ վերջին բազմակետը դրված չէ, դժվար է ասել, թե քանի անուն է ներառված: Գիրքը չի ամբողջացնում հերոսական ճամփան, սա մի կարճ հատված է` ինձ հասու անուններով: Պատերազմը լայնածավալ թեմա է, եւ չեն կարող ուրիշ գրողներ էլ չլինեն: Այս չարիքը անհատակ մի ծով է, ուր միշտ կարելի է պեղել կյանքի խեցիներ` մարգարիտներ խորքերում:
– Կթվե՞ք մի քանի հերոսի անուն, որոնք տեղ են գտել ձեր "Հերոսապատում" կամ "Քառասունչորս օր" գրքում:
– Ես չեմ ուզում անուններ ներկայացնել: Նրանք աստղաբույլ են: Ճիշտ է, խոշորների մոտ նաեւ փոքրիկ լուսատուներ կան, բայց երկնակամարը իր հմայքը ունի հենց այդպես, ամբողջական ու թափանցիկ: Նրանց մղումը նույնն է, ունենալ չխամրող փայլատակումներ, որ երկրից վեր նայելիս աղոթք ունենանք:
– Քանի՞ էջի սահմանում է գիրքը:
– Գիրքը նախատեսված է 300 էջի սահմաններում: Մնում է վերջին վկայակոչումները: Զարմանալի արագություն ուներ, քանզի այնտեղ են ապրում անմեղ հոգիների հիշատակները: Մի երկնային ուժ օգնեց ինձ, հիմա այդպես եմ արդեն զգում: Գլխատված երազանքների համալիր է սա:
– Ե՞րբ վերջապես գիրքը կդրվի ընթերցողի սեղանին:
– Ապրիլի 24-ի մատույցներում նախատեսվում է շնորհանդես: Աստված առաջ:
– Վերջերս նշել էիք, որ ցանկանում եք, որ Խաղաղությունը սպիացնող կեղեւ դառնա ազգային վերքի վրա: Դուք տեսնո՞ւմ եք սպիացնող կեղեւի ծիլերը:
– Ես վախ ունեմ նոր բռնկումից: Քանի որ վիրավորական են չգծված քարտեզի սահմանազատումները: Ազգային ցավ է սա, նոր բացահատվող իր խութերով, ծխածածկույթով, այն չի կարող ընդունելի լինել մեր տաք արյան բաղադրության մեջ: Ես տագնապ ունեմ, որ այդ չմարող կրակի վրա էլի փայտ դրվի, եւ ցավի խարույկը ծովածավալ դառնա: Ես վախենում եմ:
Զրուցեց` Հայկ Գևորգյանը