ԵԹԵ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ԿՈՐԾԱՆԵԼ ԱԶԳԻՆ ԵՎ ՔԱՆԴԵԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՆԵՔ ՈՏՔԻ
ՄշակութայինԹատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը դեկտեմբերի 31-ին հանդիսատեսի դատին հանձնեց «Հայի տականքը 2, կամ Հայկ Նահապետի ցասումը» ֆիլմը, որտեղ սուր քննադատում է նրանց, ում թեթեւ ձեռքով Հայաստանը սգի եւ կապիտուլյացիայի մատնվեց: Այս թեմայի շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը:
- Պարոն Սահակյան, ֆիլմում առաջին հարցին, որին անդրադառնում եք, դա սգի մեջ օդիկոլոնի կորուստն է: Արդյո՞ք այդպիսի մտածելակերպով մարդն արժանի էր ամանորյա կոչով եւ մխիթարական խոսքերով հանդես գալու:
– Այդպիսի մարդը արժանի է միայն այն գաղջազանգվածին, որը նրան գտել, պեղել, ընտրել եւ նստացրել է իր չեղած գլխին: Հուսանք, որ սա նման հիվանդոտ տխմարի վերջին Ամանորը կլինի:
– Հայ ժողովրդի եւ հայ ազգի տարբերությունը համարում եք թշնամություն, ինչո՞ւ:
– Ասեմ: «Ժողովուրդը» աշխարհի ամենավտանգավոր բառերից է, իրականում նման բան չկա: Այդ բառը նախատեսված է խառնակչություններ կազմակերպելու համար: Պետությունն ունի քաղաքացիներ: Պետության մեջ կարող է ապրել մեկ ազգ կամ բազում ազգեր: Նրանք բնակիչներն են: Բայց ժողովուրդ չկա: Կա ազգ, բնակչություն, քաղաքացիներ: Իսկ հենց ասում են ժողովուրդ` իսկույն առաջ են գալիս այդ ազգի մեջ ապրող տականքները եւ սկսում են իրենց լավ զգալ: Մանավանդ, երբ ինչ-որ մի խառնակիչ սրիկա այդ տականքներին ասում է, թե իրենք հպարտ են: Այս պահից սկսած պետության հիմքերը սկսում են երերալ, որովհետեւ բնակչության նստվածքը, տականքը սկսում է հարձակվել քաղաքացիների վրա: Առաջանում է նաեւ դասակարգային պայքար: Դրանից հետո` պատերազմ, դավաճանություն եւ պետության վերջնական փլուզում: Այս ամենը «ժողովուրդ» բառը շատ գործածելու պատճառով:
– Անհաջողակ լինելու, աղքատ կյանքի վրեժը միթե՞ այսքան դաժան պետք է լիներ:
– Պատմությունը ցույց է տալիս, որ զրկանքներով մանկության ունեցած անձինք իրենց բնույթով միշտ լինում են խառնակիչ, վրիժառու եւ քանդարար: Բայց ծանր, աղքատ մանկությունը դեռ ոչինչ. ավելի վտանգավոր են լինում խաթարված, հիվանդագին եւ արտաամուսնական կապերից ծնվածները: Դրանց ասում են բիճ: Իսկ բճերի համար չկա ոչ մի արժեք, ոչ մի սրբություն: Դրա փոխարեն կա փողի մոլուցք, վրիժառության պաթոլոգիկ ձգտում, արյան պահանջ:
– Ֆիլմում ասում եք. «Ժամանակին կոնֆետի փոխարեն ծեծ կերած մի գարշելի վիժվածք ժողովրդին հանեց ազգի դեմ»,- լավ, իսկ ո՞ւր էր նրանց բանականությունը:
– Քայլել երկու ոտքերի վրա եւ գրել քոմենթներ` արդյո՞ք նշանակում է ունենալ բանականություն: Երբ Մ. Բուլգակովի «Շնային սիրտ» պատմվածքի վերջում հայտնվում են իրավապահ մարմիններ եւ պահանջում են ցույց տալ Շարիկովին, պրոֆեսորը հարցնում է. «Ո՞ր Շարիկովին, իմ շա՞նը, որին ես վիրահատել եմ»: - Ոչ,- ասում է իրավապահը,- այն Շարիկովին, որն արդեն դարձել էր մարդ: - Դուք նկատի ունեք, երբ նա խոսո՞ւմ էր,- պատասխանում է պրոֆեսորը,- բայց կներեք` խոսել, դա դեռ չի նշանակում լինել մարդ:
– Արդյո՞ք պատմություն ու մշակույթ ունեցող ժողովուրդը ամբոխից կընտրի ղեկավար:
– Պատմություն եւ մշակույթ ունենալը մի բան է, այդ պատմությունը եւ մշակույթը գեներում կրելը` այլ բան:
– Պարտության համար մեղադրում եք նաեւ արվեստագետներին եւ մտավորականներին: Ինչո՞ւ չեք ընդունում նրանց ներողությունը: Միգուցե սխալվել են եւ հասկացել…
– Ես չեմ կարծում, որ իրեն արվեստագետ կամ մտավորական համարող մարդն իրավունք ունի անընդհատ սխալվել ու ներողություն խնդրել: Մտավորականը պետք է ունենա մտավոր կարողություններ, նա պետք է մտածի, պետք է կասկածի, հարցեր տա, անհանգստանա, կռվի: Նա հավատալու իրավունք չունի:
– Մշակույթի գործիչները փորձում են միջամտել, ժողովրդի մի հատված կա, որ թերահավատորեն է մոտենում եւ չի հավատում, որ առանց շահի են դա անում:
– Այստեղ մեղավոր են ընդդիմության պարագլուխները, որովհետեւ անկարող, թույլ եւ անպիտան մարդիկ են: Մարդն իր գործի մեջ, իր բնագավառում պիտի ունենա ոչ թե շնորհք, այլ շնորհքներ: Մեծամտություն չլինի. օրինակ, եթե ես ունենայի ընդամենը մի շնորհք, ասենք, լինեի գրող` ես չէի կարողանա նկարահանել, մոնտաժել ու ֆիլմի վերածել իմ գրածները: Եթե ես չունենայի բեմի վրա կանգնելու շնորհք` ես ոչ միայն չէի կարողանա խաղալ իմ գրած պիեսներում, այլեւ կդժվարանայի ուրիշների համար էլ պիես գրել: Հիմա երբ դիտում եմ էս մեր ընդդիմադիր քաղաքական ուժերին` ես հստակ տեսնում եմ, որ այդ մարդիկ չունեն քաղաքական պայքարի ոչ մի տեսակի շնորհք, ու էլ չեմ ասում շնորհքներ: Էդ մարդիկ մի տեսակ կիսատ-պռատ են: Վախեցած են, վճռական չեն, անխելք են, շատերն ուղղակի վախկոտ են: Իսկ ընդհանուրում` անտաղանդ են, անգրագետ ու անշնորհք: Քաղաքական պայքարի համար պետք է ունենալ դետեկտիվ գրողի տաղանդ եւ դերասանական հմտություններ: Պետք է կարողանալ անվարան խաբել, մանիպուլացնել, կեղծել, հարձակվել, իբր նահանջել, ընկնել, մեռած ձեւանալ, իսկ հետո գոտկատեղից ներքեւ հարվածել, տապալել: Սրանք բոլորը շնորհքներ են, որոնցից զուրկ են այս մարդիկ, ինչի համար էլ մեղավոր չեն` այդպես են ծնվել:
– Արդյո՞ք գերիների թիվը պետական գաղտնիք է, որ չեն ցանկանում հայտնել: Մենք այսօր չգիտենք, թե ինչքան գերի ունենք:
– Պետական գաղտնիք ունենալու համար պետք է ունենալ պետություն: Մենք այն արդեն չունենք:
– Այսքանից հետո ի՞նչ է պետք, որ սթափվենք, հասկանանք, որ գնում ենք կործանման:
– Ավելի լավ է ասել, թե ինչ պիտի չանենք:
– Ի՞նչ պիտի չանենք:
– Ոչխարություն, տավարություն եւ տավարի ցավություն: Եթե մենք լինենք խելոք, վճռական, խորամանկ, բայց արդար` մենք կհամարվենք ազգ եւ արժանի կլինենք Հայկ Նահապետին: Իսկ եթե լինենք բառաչող տավարազգիների նախիր` մենք կունենանք ոչ թե նահապետ, այլ նախրապետ: Ինչն էլ որ հիմա ունի նախիրը:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ