«ԱՄԵՆ ՄԵԿԸ ՉԷ, ՈՐ ԱՅԴ ԲԵՌՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐՑՆԵՐ ԻՐ ՈՒՍԵՐԻՆ»
Ներքաղաքական
Ըստ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ` «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն իր ունեցած կենսափորձով, անցած ճանապարհով եւ իր ստանձնած պարտավորությունների շրջանակներում համապատասխանում է այն չափանիշներին, որոնք նախապես ասվել էր անցումային, հակաճգնաժամային կառավարություն ձեւավորելու առնչությամբ: Իսկ թե որքանո՞վ է Վազգեն Մանուկյանն ի վիճակի ուղղել երկրում առկա իրավիճակը, այս հարցում նույնպես Ա. Մինասյանը լիահույս է:
– Նա ունի հակաճգնաժամային կառավարման փորձ, ունի անհրաժեշտ արժանապատիվ բանակցություններ վարելու ունակություն եւ համապատասխան փորձառություն` արդյունավետ ու ճիշտ կադրային քաղաքականություն տանելու, որպեսզի պրոֆեսիոնալ եւ ազգային մտածողության մարդիկ լինեն կառավարությունում: Նա չունի որեւէ քաղաքական-կուսակցական շահ` առաջիկա արտահերթ ընտրություններում առաջադրվելու: Պետք է գնահատել մարդու համարձակությունը, պատրաստակամությունը: Մենք մի հանգրվանում ենք, երբ ամեն մեկը չէ, որ այդ բեռն ու պատասխանատվությունը կվերցներ իր ուսերին£
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ