ՀԱՐԱՏԵՎ ԿՌՎԻՆ ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ
Մշակութային
Կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրության եւ արվեստագետի աչքերով մեր հետագա անելիքների շուրջ զրուցեցինք նկարիչ ԱՇՈՏ ԱՎԱԳՅԱՆԻ հետ:
– Կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրությունը, Ձեր կարծիքով, ճի՞շտ որոշում էր:
– Իհարկե, ոչ: Բայց եղել է այն, ինչ-որ եղել է, եւ կարծում եմ պետք է նայել ապագային եւ մտածել, թե հետագայում ինչ պետք է անենք, որ նման վիճակի չհասնենք: Անընդհատ նույն խնդրի շուրջ խոսելով` ոչինչ չի փոխվի, եւ այն տղերքը, որ մնացին այնտեղ, հետ չեն վերադառնա: Պետք է գործել եւ ոչ թե խոսել:
– Հետագայում ի՞նչ պետք է անենք, որ նման խայտառակ կապիտուլյացիայի չենթարկվենք:
– Ապագան առաջին հերթին տեսնում եմ կրթության մեջ իր բոլոր ատրիբուտներով: 1991թվականին, երբ ստեղծեցինք մեր բանակը, դա հենց սովետի կրթության արդյունքն էր: Եվ երկրորդ խնդիրը դեմոգրաֆիայի խնդիրն է: Պետք է աղջիկներն ամուսնանան, եւ յուրաքանչյուրը տաս երեխա ունենա: Սա մեր ապագան է լինելու: Եթե ոչ` կկորցնենք մեր պետությունը: Մենք արագ ուզում ենք հաջողության հասնել, բայց դա պետք է դանդաղ արվի, քանի որ պետություն կազմավորելը, պետական մտածողությունը երկար պրոցես է: Սա սերունդների խնդիր է: Միգուցե եթե դուք մեկ ամիս առաջ ինձ հարցնեիք, ես կասեի, որ մենք ժամանակ չունենք, բայց այս պարտությունից հետո ժամանակը մեր առջեւ է:
– Ո՞րն է մշակույթի գործչի դերը այս իրավիճակում:
– Կրթության մեջ մշակույթի գործիչը մի փոքր մաս ունի, որ պիտի կրի եւ ստեղծի այն, որ հազարամյակներ հետո, մենք նորից հպարտանանք դրանով:
– Մեր զինվորները մի տեսակ հոգեպես ճնշված են վերադառնում կռվից:
– Նրանք պետք է վերականգնվեն, եւ դա արդեն պետության խնդիրն է: Չէ՞ որ հարատեւ կռիվ է, եւ դրան միշտ պետք է պատրաստ լինել, որի ընթացքում ե՛ւ պարտություններ կլինեն, ե՛ւ հաղթանակներ: Պետք է այնպես անենք, որ հաջորդ պատերազմին մեր զինվորները այնքան հոգեպես ընկճված չվերադառնան, ինչպես որ հիմա են:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ