Եթե Հովիկ Աղազարյանը պաշտպաներ Տիգրանակերտն այնպես, ինչպես Տիգրանյանին...
Ներքաղաքական
Կրքերը երեկ թեժ էին Ազգային ժողովում: Ամբիոնից հնչում էին փոխադարձ վիրավորանքներ, իսկ խորհրդարանական միջանցքներում կային զայրույթից ու հիասթափությունից հուզված աչքեր ու օդում թեւածում էր վոլոկարդինի հոտը:
Իրավիճակն էլ ավելի լարվեց, երբ ամբիոնից ելույթ ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՀԵՐԻՔՆԱԶ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ: Վերջինս ո՛չ ավել, ո՛չ պակաս խորհրդարանական ընդդիմությանը սկսեց մեղադրել ստեղծված վիճակի համար:
Ի պատասխան` իր ելույթում ԱԺ փոխնախագահ ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆՆ ասաց, որ զավեշտ է, երբ պարտված իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը: Ապա ձայնը փոքր-ինչ բարձրացնելով` շեշտեց, որ ունենք հազարավոր զոհեր, տարածքներ ենք կորցրել եւ ոչ մի հարց չենք լուծել: Այ հենց այստեղ էր, որ տեղից վեր թռավ իր աթոռին «հով լռված» ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ: Ո՛չ-ո՛չ, ամենեւին էլ հազարավոր զոհերի ու տարածքների կորստի մասին լուրից չցնցված, ոչ էլ, օրինակ, Տիգրանակերտ բերդ-ամրոցը պաշտպանելու ցանկությամբ, այլ Հերիքնազ Տիգրանյանին պաշտպանելու պատրաստակամությամբ: Ճիշտ այնպես, ինչպիսի փութաջանությամբ, Հ. Աղազարյանն, ըստ ազատամարտիկ-բժիշկ Տարոն Տոնոյանի, մի թմբլիկ տղայի է սահմանից փախցրել, բերել Երեւան, ինչ է, թե Արարատի մարզպետարանի աշխատակցի եղբայր է եղել: Ինչեւէ, չուշացավ նաեւ արձագանքը ԲՀԿ-ական պատգամավորի կողմից. «Բան ունես ասելու, արի էստեղից ասա»: Ապա շարունակելով խոսքը` Էնֆիաջյանն ընդգծեց, որ միշտ բոլորի հանդեպ հարգանքով է եղել, բայց այժմ պետք է արձագանքի հնչած մեղադրանքներին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ