Համահայկական հիմնադրամի պատասխանատուները նվիրաբերված գումարները վատնելու համար պետք է ենթարկվեն պատասխանատվության. Մանասերյան
Հանդիպում
Սփյուռքը պատերազմական 44 օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար էր ուղարկում՝ հուսալով, որ դրանով զենք են գնելու, որպեսզի հաղթենք: Արդյունքում հանգանակվեց 170 միլիոն դոլար, բայց պարզվեց, որ այդ գումարներով անգամ մեկ փամփուշտ չի գնվել, այլ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի թեթեւ ձեռքով, առանց հաշվի առնելու նվիրատուների կարծիքը, գումարի մասը փոխանցվել է ՀՀ կառավարությանը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱՄՆ-ում գտնվող միջազգայնագետ-քաղաքագետ, փաստաբան, քաղաքական գիտությունների թեկնածու ԼԻԼԻԹ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ հետ:
– Տիկին Մանասերյան, «Հաղթելու ենք» կարգախոսով եւ «Մենք ենք մեր Սահմանները» խորագրի ներքո «Հայաստան» համահայկական հիմնադրամը գումարներ հավաքեց ամբողջ Սփյուռքից: Հիմա չկա ո՛չ հաղթանակ, ո՛չ էլ Արցախ՝ այն տարածքով, որն ունեինք պատերազմից առաջ, իսկ գումարները փոխանցում է հիմնադրամն ում ուզում է, օրինակ, կառավարությանը: Ըստ Ձեզ` որքանո՞վ է իրավական առումով հիմնավոր նվիրառուի կողմից վերցնել հանգանակված գումարները:
– Վստահությունը չարաշահելու եւ խաբեության ճանապարհով ընդունված/վերցված գումարներն իրավական առումով որեւէ հիմնավորում չունեն, ինչպիսի հայտարարություններ կամ որոշումներ ուզում են կայացնեն: Շուրջ 44 օր «Հայաստան» համահայկական հիմնադրամը գումարներ հավաքեց ոչ միայն ամբողջ Սփյուռքից, այլ նաեւ ՀՀ քաղաքացիներից «Հաղթելու ենք», «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» կարգախոսով: Այն նախաձեռնվեց սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին իսկ ժամերից, դա նշանակում էր, որ նվիրաբերված գումարներն ուղղորդվելու է պատերազմից հաղթանակով դուրս գալու նպատակի համար: Արդյունքում, սեպտեմբերի 27-ից սկսած 170 միլիոն դոլարից ավելի գումար նվիրաբերվեց հիմնադրամին, ականատես եղանք այն փաստին, որ աշխարհասփյուռ հայությունը որքան էր վստահում յուրաքանչյուր հաղորդված տեղեկությանը, որը պաշտոնապես հայտարարվում էր: Սակայն 44 օր անց հայտնվեցինք մի փաստի առաջ, որ ստորագրվեց համաձայնագիր, որը նույնիսկ գործող իշխանությունը չի թաքցնում, որ կապիտուլյացիայի մասին փաստաթուղթ է: Այլ հարց է, թե այդ փաստաթուղթն ինչպիսի իրավական ուժ ունի, ըստ ինձ, այն պետք է վիճարկվի, քանի որ որպես միջազգային համաձայնագիր, պետք անպայման վավերացվեր Ազգային Ժողովի կողմից, որը չի արվել, այսինքն՝ այն իրավական ուժ չունի: Կարծում եմ՝ անպայման հաջորդ իշխանությունը, հայ իրավաբանները կվիճարկեն այն միջազգային ատյաններում: Իսկ ինչ վերաբերում է բարոյական կողմին, պարզապես մի դեպք նշեմ. ունեմ մի պատվիրատու, որը կենսաթոշակառու է, երբ տեղեկացել էր, որ նպատակային չեն ծախսվել գումարները, զանգել էր ինձ եւ լացակումած ասում էր, որ հանուն մեր հայորդիների եւ մեր երկրի սահմանների պաշտպանության համար հիմնադրամին է փոխանցել իր սոցապահովության փաթեթի համար սահմանված գումարը, որը չի ցանկացել օգտագործել, քանի որ կանխիկ գումար չի ունեցել, որ օգնի եւ այս կերպ է իր աջակցությունը ցուցաբերել: Կարծում եմ՝ այս դեպքն արդեն շատ խոսուն է:
– Սա կարո՞ղ է իրավական հետեւանքներ ունենալ, եւ կատարված նվիրատվություններն անվավեր ճանաչվեն:
– Այո՛, նվիրատվությունը կատարվել է նվիրառուին մոլորության մեջ գցելու եւ խաբեության միջոցով: Նվիրառուններից, եթե ոչ բոլորը, ապա մեծամասնությունը նվիրատվություն կատարելու ժամանակ չի տեղեկացվել, թե նվիրաբերված գումարները տվյալ պահին որտեղ են ուղղորդվում: Ավելին՝ ՊՆ արդեն նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նմանատիպ հարցեր ստանալիս պարզապես պատասխանում էր. «Որտեղ անհրաժեշտ են, այնտեղ էլ ուղղորդվում են»: Այսպիսով, խուսափելով հայտնել գումարի ծախսման նպատակը, ավելին՝ այն ներկայացվում էր թվացյալ գաղտնիության անհրաժեշտության շղարշի տակ: Ինչո՞ւ եմ անդրադառնում այս մանրամասներին, քանի որ այս ամենը (ոչ միայն այս փաստերը) ունեն ապացուցողական նշանակություն հետագայում` այն անձանց համար, ովքեր կցանկանան քաղաքացիական հայց ներկայացնել «Հայաստան» համահայկական hիմնադրամի դեմ: ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է նվիրատվության պայմանագրի երկու տեսակ` ռեալ, երբ պայմանագիրը կնքված է համարվում համապատասխան գույքը (գումարը նույնպես նշյալ թվում է) կամ գույքային իրավունքը (պահանջը) հանձնելու կամ գույքային պարտավորությունից ազատելու պահից, եւ կոնսենսուալ, երբ մեկ կողմը (նվիրատուն) պարտավորվում է մյուս կողմին (նվիրառուին) հանձնել նվերն ապագայում: Այսինքն` նվիրատվության պայմանագրի կնքման պահը կարող է չհամընկնել այդ պայմանագրով տրամադրվող գույքի նկատմամբ իրավունքի փոխանցման հետ: Տվյալ դեպքում, երբ քաղաքացին (նվիրատուն) օնլայն տարբերակով արել է իր նվիրատվությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամին (տվյալ դեպքում՝ նվիրառու) լիովին վստահ է եղել, որ այն պետք է ծառայի նպատակին, այսինքն` ուղղորդվի բանակի սպառազինմանը եւ անհրաժեշտ կարիքներին, որը չի արվել, այսինքն՝ նպատակային չի օգտագործվել: Ավելին՝ նվիրատուն չի լիազորել նվիրառուին հանձնել իրեն նվիրած գումարները երրորդ կողմին, տվյալ դեպքում՝ ՀՀ կառավարությանը: Հիմնադրամը որեւէ անգամ չի հայտնել, նույնիսկ հայտարարության ձեւով, որ զինամթերք գնելու իրավունք չունի: Ընդ որում՝ դրամահավաքին մասնակցելու կոչով հանդես են եկել ՀՀ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը, հոգաբարձուների խորհրդի անդամները, այդ թվում նաեւ Արցախի նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, վարչապետը եւ այլք, սակայն նրանցից ոչ ոք չի հայտնել, որ գումարները չեն օգտագորվում նպատակային, ավելին՝ փոխանցվում է դրա մի մասը կառավարությանը: Կարծում եմ՝ սա նույնպես արվել է մտածված: Նման հանգամանքների արդյունքում նվիրատվությունները կարող են ճանաչվել առոչինչ եւ նվիրատուների պահանջի հիման վրա վերադարձվեն նվիրատուներին: Հիմնադրամի պատասխանատուներն այս խարդախության եւ յուրացման, ոչ նպատակային, իրենց վստահված եւ նվիրաբերված գումարները վատնելու համար պետք է ենթարկվեն պատասխանատվության:
– Որքանո՞վ է թափանցիկ գործում հիմնադրամը, երբ դեռ որեւէ հաշվետվություն չի ներկայացվել, եւ արդյոք սփյուռքահայերը հստակ պատկերացում ունեն, թե ի՞նչ իրավունքով եւ ի՞նչ կարիքների համար են հիմնադրամից կառավարությանը գումար նվիրել:
– Ցավոք, բայց պետք է արձանագրենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կորցրել է իր գործունեության նկատմամբ վստահությունը, որն ավելի ակնհայտ կլինի սույն թվականի նոյեմբերի 26-ին տեղի ունենալիք հեռուստամարաթոնի դրամահավաքի ավարտից հետո: Իհարկե, եթե կեղծ, ուռճացված թվեր չհայտնեն, քանի որ բոլորս համոզվեցինք, որ այս իշխանությունը եւ իր կամակատարները անգերազանցելի են ստի ու կեղծիքի տարածման մեջ: Մինչ այս պահն էլ սփյուռքահայերը հստակ պատկերացում չունեն, թե ինչի համար են այդ գումարները փոխանցվել կառավարությանը: Եվ համոզիչ չէ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից տարածված հայտարարությունը, համաձայն որի, Հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել այն մասին, որ «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակներում որոշակի օժանդակություն է անհրաժեշտ տալ ՀՀ բյուջեին՝ սոցիալական, առողջապահական, ենթակառուցվածքներ եւ այլն իրականացման գործընթացը մեկտեղելու նպատակով: Կարծում եմ՝ այս որոշմամբ հիմնադրամը փորձ է անում խուսափել պատասխանատվությունից, քանի որ մինչ նման փոխանցում կատարելը, հիմնադրամը այդ որոշման կայացման ցանկության մասին պետք է բարձրաձայներ, ապա նոր կայացներ որոշումը: Իսկ հիմա ստացվում է այնպես, որ գոյություն ունի որոշում՝ առանց նվիրատուների իմացության, ավելին՝ համապատասխան հիմնավորված փաստաթղթավորմամբ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ