Չի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ Մութաֆյան

Մշակութային

«Իրավունք»-ը զրուցել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ հետ, ով այս օրերին գտնվում է Տավուշում եւ միացել է տավուշցիների պայքարին:

- Տեւական ժամանակ է միացել եք հանուն սահմանապահ գյուղերի պահպանման՝ տավուշցիների պայքարին: Ըստ Ձեզ, ինչո՞ւ այն չդարձավ համազգային պայքար:

- Չէի ասի, թե տեւական ժամանակ է, ճանապարհները սկսել են փակել ապրիլի 19-ից, ես ապրիլի 20-ից Տավուշում եմ եւ տավուշցիների կողքին: Իսկ պայքարը չի կարելի ասել ավարտվել է, որ մի հատ էլ խոսենք այն մասին, թե՝ այն չդարձավ համահայկական կամ համազգային, դեռ ամեն ինչ առջեւում է: Ավելին՝ իհարկե, այս պայքարն արդեն իսկ դարձել է համազգային, տարբեր տեղեր ճանապարհներ փակվեցին, ժողովուրդն արթնացել է, ոտքի է ելել, այնպես որ, սա դեռ պայքարի կուլմինացիոն կետը չէ:

- Ի՞նչ իրավիճակ է իրականում Կիրանցում, արդյոք էմոցիաները թույլ տալիս են սթափ գնահատելու իրավիճակը:

- Այսօր Կիրանցում սարսափելի վիճակ է, գյուղացին ինքն իրեն արդեն զգում է գերի, թշնամու հողում ապրող: Նույնիսկ արդեն խոսակցություններ էինք լսում, որ գյուղապետը խնդրում է, որ բանակցություններ սկսի, որպեսզի գոնե կամուրջը թողնեն: Ու սա այնպես է դիտարկվում, կարծես, ադրբեջանցիները մեծ բարություն կանեն՝ կամուրջի ճանապարհը թողնելով կիրանցիներին, որպեսզի իրենք հանգիստ ապրեն այդտեղ: Այս ամենին էմոցիոնալ եւ ոչ էմոցիոնալ հնարավոր չէ նայել, ես իրավիճակը գնահատում եմ, անկեղծ ասած, սթափ եւ շատ սառը դատողությամբ ու հասկանում, որ Տավուշից բացվեցին հյուսիսային դարպասները Հայաստանի: Չնայած՝ Հայաստանի դարպասները բացվել էին 2023 թվականի սեպտեմբերի 20-ից, երբ ամբողջապես կորցրեցինք Արցախը: Հիմա, կարծես, հայկական Բերդ պարի պես բացել ենք մեր բերդի դռները եւ պար ենք գալիս թշնամու առաջ… Տավուշում իրավիճակն այսպիսին է՝ ոչ թե միայն բաց ենք թողել դարպասները, այլ թշնամուն հրավիրում ենք Հայաստան: Ու սա Տավուշով չի ավարտվելու, սկսվել է Տավուշից: Բայց չեմ կարծում, որ ամեն ինչ կորած է: Տա Աստված, կանգ առնի այս ամենը Կիրանցում ու կարողանանք փրկել մնացածը:

- Ի դեպ, տավուշցիների կողքին հայտնվեցին մարդիկ, որոնց ներկայությունն արդեն իսկ հուշում էր, որ այս պայքարն էլ է արժանանալու նախորդների դառը ճակատագրին: Ի՞նչ կասեք այս մասին:

- Տավուշցիների կողքին հայտնվեցին շատ շատերը՝ սկսած քաղաքական դեմքերից վերջացրած հասարակ քաղաքացիներով, դերասան-դերասանուհիներով, ովքեր եկան երեք րոպեով, նկարվեցին Բագրատ սրբազանի հետ, տեսախցիկների առաջ խոսեցին, փիառվեցին, գնացին: Բայց տավուշցիների դռները բոլորի համար բաց են եղել ու բաց էլ մնալու են: Նրանք հյուրասեր ու հյուրընկալ մարդիկ են եւ ընդունում են յուրաքանչյուրին, ով գալիս է իրենց մոտ: Պետք չէ կառչել անուններից, տեսակներից, թե ովքեր եկան ու գնացին, պետք չէ մտածել, թե այսինչը եկավ, ուրեմն՝ այնինչն է այս շարժումը առաջնորդում: Այս շարժումն առաջնորդում է Բագրատ սրբազանը, եւ մենք պետք է կանգնենք նրա կողքին ու քայլենք նրա հետեւից, որպեսզի ունենանք պատիվ, հավատք ու հայրենիք:

- ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը «պարոն Բագրատ»-ով է դիմում սրբազանին, ամբողջ իշխանական քարոզչամեքենան թիրախավորել է Տավուշի թեմի առաջնորդին՝ ասելով, թե՝ հոգեւորականը զբաղված է Հայաստանը նոր պատերազմի մեջ ներքաշելու գործին։ Ըստ Ձեզ, ՀՅԴ-ական պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ասած` նրանց կարմիր գիծը ո՞րն է:

- Չեմ կարծում, որ միայն Էմմա Պալյանն է, որ չգիտի՝ ինչ է եկեղեցին, ինչ է հավատքը, ինչպես պետք է դիմել սրբազան հայրերին, որովհետեւ այդ խունտայում հավաքված են սրբություն չունեցող, անհավատ երեւույթներ, դժվարանում եմ նույնիսկ մարդ կոչել: Ինձ համար զարմանալի ու տարօրինակ չէ, որ նա դիմում է «պարոն Բագրատ»-ով, դրանք երեւի խաչակնքվել էլ չգիտեն: Իրենցը, երեւի թե, մոլլան է, պիտի գնան մոլլային աղոթեն ծնկաչոք: Կարմիր գծեր սրանք չունեն, սրանց համար ոչ մի սրբություն գոյություն չունի: Եթե մարդը չունի հավատք, չունի Աստված, ուրեմն՝ չի ունենա ոչ մի սահման: Սրանց համար ո՛չ ընտանիքն է սրբություն, ո՛չ եկեղեցին, իսկ սրբություն չունեցող մարդը չի կարող կարմիր գիծ ունենալ:

- Երբ Երեւանը ջազ է լսում, պատգամավորներն ասում են, որ դեռ վաղ է իմպիչմենթի գործընթաց սկսելու համար, մտավախություն չունե՞ք, որ այս պայքարի չհաջողելն էլ գցելու են Եկեղեցու գրպանը:

- Երեւանը կարող է ջազ լսել, Գյումրին կարող է թատերական փառատոներ անցկացնել, պատգամավորները կարող են Ազգային ժողովում կոյուղիների ու ջրերի մասին հարցեր տալ, քննարկել, օրենքներ ընդունել, իսկ պայքարը եղել է, կա ու հաղթանակով է պսակադրվելու, որովհետեւ այս պայքարի առաջնորդը մարդ չէ, քաղաքական գործիչ չէ, հասարակական գործիչ չէ, այլ՝ այս պայքարի առաջնորդն Աստված է, մեր հավատքն է ու մեր հույսը: Ու մենք պիտի առաջ գնանք հույս, հավատ եւ սեր եռամիասնությամբ: Ինչ վերաբերում է նրան, թե այս պայքարն էլ կարող է արժանանալ նախորդների դառը ճակատագրին, նորից եմ կրկնում՝ եթե ունենանք հույս, հավատ եւ սեր մեկս մյուսիս նկատմամբ, եւ ամենակարեւորը՝ սեր առ Աստված, այս պայքարը դատապարտված է միմիայն հաղթանակի: Եվ մեղքը որեւէ մեկի գրպանը գցելու խնդիր չկա, որովհետեւ ոչ ոք ոչ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար չի անում այս ամենը, թե՝ վայ, տեսեք, այս պայքարն ավելի լավն էր, քան նախորդները: Ամենեւին այս մասին չէ խոսքը, սա նոր Սարդարապատ է, որը շեշտում եմ՝ պետք է պսակվի հաղթանակով, այլ տարբերակ չկա՝ կա՛մ հաղթանակ, կա՛մ վերացում՝ պետականության, հայրենիքի կորուստ եւ հայրենազրկում: Որպեսզի չբռնենք գաղթականի ուղին, դրա համար պետք է հույս, հավատ եւ սեր, մնացյալն ունայնություն է:

- Այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 2-ին առավոտյան կիրանցիների նկատմամբ, իշխանությունն ու ոստիկանությունը համառորեն պնդում էին, որ ծեծուջարդ չէր, այլ իրավաչափ էր: Ինչպե՞ս եք վերաբերում այս ամենին:

- Ոչ մեկիս համար նորություն չէ եւ այլեւս անակնկալ չէ ոստիկանների եւ ընդհանրապես իրավապահ համակարգի ապօրինությունները եւ, իհարկե, այսօրվա իշխանավորների ստախոսությունը: Սուտ, որը քանդեց ամեն ինչ, սուտ, որը եկավ սատանայից ու ոչնչացրեց ամենայն լուսավորը: Ինչպե՞ս կարող է օրինաչափ լինել, եթե մեկ գյուղացու հաշվարկով այնտեղ կար 10-ը սեւ բերետավոր: Կադրեր կան, որտեղ ակնհայտ երեւում է այդ ծեծուջարդը: Իսկ թե ինչպիսին է սեւ բերետավորների վարքագիծը, բոլորս գիտենք, ինչպե՞ս կարող է ծեծուջարդ չլինել, երբ նրանք են գործի անցնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=282633&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ