«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿԼԻՆԻ՞ ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ

Վերլուծություն

Ավելի հստակ հասկանալու համար, թե ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ նոր` 2024թ.-ից, նախ մի պահ պետք է վերադառնալ անցած տարվա վերջին օրերը: Խոսքը` Նիկոլ Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգ կատարած այցի մասին է, որի ընթացքում որոշ ուշագրավ դրվագներ նկատվեցին:

ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

Թեեւ հայաստանյան պաշտոնական շրջանակներն այդպես էլ չմեկնաբանեցին, սակայն այն, որ Պետերբուրգում տեղի է ունեցել նաեւ Փաշինյան-Ալիեւ ոչ պաշտոնական հանդիպում, փաստ է: Ընդ որում, այդ տեղեկատվությունը արտահոսքի տեսքով տարածեցին ռուսական աղբյուրները՝ ընդգծելով, որ «Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ տեղի է ունեցել դեմ առ դեմ զրույց, որը կազմակերպել է Պուտինը»: Նաեւ, որ մինչ այդ էլ տեղի է ունեցել Պուտինի եւ Փաշինյանի ոչ պաշտոնական հանդիպում: Ակնարկը նման սցենարի է նմանվում. Պուտինը խոսել է Նիկոլի հետ, այդ խոսակցության հիման վրա նպատակահարմար է դարձել նաեւ Ալիեւի հետ հանդիպելը, եւ դա տեղի է ունեցել:

Ամբողջ հարցն այն է, թե ինչի մասին էր հանդիպումը, եւ ինչ են պայմանավորվել: Ինչի մասին ավելի հեշտ է պատասխանել: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս ամենի հետ կապված, հայտնեց, թե Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ կնքելու խաղաղության պայմանագիրը: Ավելին. «ՌԴ-ի համար շատ կարեւոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքեն»: Այսինքն, որ Ալիեւի ու Նիկոլի հանդիպման առանցքը հենց այդ` ՌԴ-ի միջնորդությամբ «խաղաղության պայմանագրի» թեման էր՝ դրա հետ կապված ամբողջական կոմպլեքս հարցերով հանդերձ, կասկածի տեղիք չի տալիս:

Ի՞նչ են պայմանավորվել: Այդ հանդիպմանը զուգահեռ տեղի ունեցած զարգացումները որոշակի եզրահանգումների տեղիք տալիս են: Այսպես, նախ պաշտոնական տեղեկատվություն եղավ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում իրանցի նախարարը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների ընթացքը: Ավելին, որ այդ հեռախոսազրույցի ժամանակ ֆիքսվել է որոշակի առաջընթացի փաստը. «Աբդոլլահիանը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում առաջընթացը»: Այն տպավորությունն է, որ Լավրովը պետերբուրգյան հանդիպումների մասով ինչ-որ տեղեկություններ է փոխանցել Աբդոլլահիանին, որից ելնելով, իրանցի նախարարը եւս կտրուկ ակտիվացել է հայ-ադրբեջանական ուղղությամբ: Համենայնդեպս, նա գրեթե անմիջապես հեռախոսազրույց է ունեցել նաեւ Բայրամովի հետ. «Տարածաշրջանում առկա իրավիճակի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարգավորման գործընթացի հեռանկարների մասին»: Ու դրա հաջորդ օրը իրանցի նախարարը այցելեց Հայաստան:

Հետաքրքիր դետալներ արձանագրվեցին նաեւ Աբդոլլահիանի հայաստանյան այցի ժամանակ: Նախ, Միրզոյան Արարատի հետ նրա հանդիպմանը հաջորդած ասուլիսում իրանցի նախարարը նույն լավատեսական տրամադրությունների մեջ էր «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում առաջընթացի» հարցով: Ընդ որում, նա հատուկ ընդգծեց, որ «Երեւանն ու Բաքուն կարող են խաղաղության հասնել ՌԴ-ի, Իրանի ու Թուրքիայի օգնությամբ», այսինքն, որ գործընթացը տեսնում է նաեւ «3+3» տարածաշրջանային ձեւաչափի շրջանակներում: Իսկ դա նաեւ կարելի է ընկալել որպես ակնարկ, որ «Բրյուսելի ձեւաչափը» գոնե այս պահին դեռ շարունակում է զիջել դիրքերը: Ասենք, օրերս հայտնի դարձավ, որ Շառլ Միշելին գործից հանում են, եւ դա նույնպես հավելյալ ազդակ է, որ մոտ ժամանակներս «Բրյուսելի ձեւաչափի» շրջանակներում «խաղաղության պայմանագրի» հետ կապված ակնկալիքներ ունենալ պետք չէ: Ու, թերեւս, նաեւ դա է պատճառը, որ նույն ասուլիսում նաեւ Միրզոյան Արարատը որոշ ցնցող մտքեր հայտնեց: Օրինակ, պատասխանելով տված հարցին, թե՝ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորը, որը, կարծես թե, թեքվել էր դեպի Եվրոպա, վերադառնում է Մոսկվա՞, Միրզոյանը նույնիսկ «վիրավորվեց», թե ի՞նչ վեկտորի շրջադարձ, ի՞նչ բան, ո՞վ եղավ այդ Արեւմուտքը, որ այնտեղ նայենք: Կարո՞ղ եք գոնե մեկ օրինակ բերել, երբ «Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին»:

ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ

Այսպիսով, պետերբուրգյան այդ այցի եւ դրան հարակից զարգացումներից բխում է այն տպավորությունը, որ ռուսական միջնորդությամբ «խաղաղության պայմանագիրն» առաջ տանելու որոշակի պայմանավորվածություններ, այնուամենայնիվ, եղել են: Դրանում, իհարկե, տրամաբանություն կա: Արեւմուտքը, ինչպես քանիցս ենթադրել ենք, այդպես էլ չի կարողանում Ադրբեջանին տանել պայմանագիր ստորագրելու: Բանը հասավ նրան, որ հիմա էլ Ադրբեջանին մտցրել են կրոնական ամենաանհանդուրժողական երկրների ցանկը: Սակայն ամերիկյան նման ճնշումները, որոնք ժամանակին բավականին էֆեկտիվ էին, ներկա գլոբալ իրողությունների պարագայում անլուրջ տեսք ունեն եւ հազիվ թե դրանով կարողանան Բաքվին ինչ-որ բան պարտադրել: Մյուս կողմից, եթե դեռ անցած տարի Նիկոլը Ռուսաստանին համարում էր պարտվող երկիր՝ ելնելով ուկրաինական իրողություններից, ավելի ճիշտ` դրանց հանդեպ արեւմտյան քարոզներից, սակայն այս պահին անգամ Արեւմուտքն է պաշտոնապես հակառակի մասին խոսում: Այսինքն, կան կոնկրետ իրողություններ, որոնք հայաստանյան իշխանություններն անտեսել չեն կարող: Ըստ այդմ, որ գոնե որոշակի խոստումներ Սանկտ Պետերբուրգում տրվել են, դա ամենահավանական տարբերակն է թվում: Կկատարե՞ն այդ խոստումները, դա արդեն հարցի երկրորդ կողմն է:

Ամեն դեպքում, այս ամենը հիմք է տալիս  մտածելու, որ շատ ակտիվ գործընթաց կա, որոնք, միգուցե հանգեցնեն Պեսկովի ասած` «հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելուն»: Ընդ որում, հազիվ տարին փոխված, ադրբեջանական տարբեր պաշտոնյաներ, իրար հերթ չտալով, մի գլուխ նույն բանի մասին են խոսում: Հետաքրքիր էր Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հայտարարությունը, ով նախ ֆիքսեց, թե վերջին վեց ամիսների ընթացքում բանակցություններ չեն վարվել՝ «Քանի որ կողմերը հարցեր ունեին, այսպես կոչված, միջնորդների, այսինքն՝ բանակցություններին նպաստող կողմերի հետ կապված»: Սա եւս մեկ հաստատում է, որ բանակցությունները կանգ էին առել, քանի որ Բաքուն հրաժարվում էր արեւմտյան միջնորդությունից, իսկ Երեւանը՝ ռուսական: «Մենք հուսով ենք, որ շուտով տեղի կունենա բանակցությունների հաջորդ փուլը»,- հավելել է Ամիրբեկովը, իսկ դա ակնարկ է, որ միջնորդների հետ կապված հակասությունը Բաքուն համարում է լուծված: Ու հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ազդակներ տեսանելի չեն, կարելի է դրանից ելնելով եւս կռահել, թե որ միջնորդի մասին է Ամիրբեկովն ակնարկում:

Իսկ ահա Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւի հայտարարությունը եկավ հիմնավորելու, որ հիմնական խնդիրը եղել եւ մնում է երկաթուղու եւ կոմունիկացիաների հարցը: «Իրանի տարածքով տրանսպորտային նախագծի իրականացումը չի նշանակում, որ Հայաստանով երկաթուղին այլեւս չի դիտարկվելու»,- ասաց նա: Բայց նաեւ ընդգծելով. «2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանը պարտավորություն է ստանձնել երաշխավորել Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ նրա Նախիջեւան Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային կապերի անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային  միջոցների եւ ապրանքների  անարգել  երթեւեկություն կազմակերպելու նպատակով»: Այսինքն, որ ամեն դեպքում կոմունիկացիաների գործարկումը պետք է իրականացվի նոյեմբերի 9-ի համաձայնագրի հիման վրա:

ՀՀ ԱԽՔ, ԿՀՎ-ի եւ MI-6-ի սիրելի այցելու Արմեն Գրիգորյանը փորձեց արձագանքել Հաջիեւին՝ առաջ տանելով «Հայաստանի սուվերենության եւ իրավասության ներքո, փոխադարձության եւ հավասարության սկզբունքների հիման վրա» հայտնի գաղափարը: Բայց նրա հետագա ողջ շարադրանքն այն մասին էր, որ ակտիվ բանակցություններ, այնուամենայնիվ, կան: Ընդ որում, Փաշինյանն էլ իր հերթին առաջ տարավ այն միտքը, թե՝ հնարավոր է՝ պարզեցված ընթացակարգ լինի Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական հատվածի եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային կապ ապահովելու համար, որը Գրիգորյանը համարում է տեխնիկական հարց. «Ապաշրջափակման նշածս  4 սկզբունքները համաձայնեցնելու մասին հրապարակային հայտարարելուց  հետո արդեն կարող ենք աշխատել նաեւ պարզեցման այդ մեխանիզմների  շուրջ»:

ԱՐԵՎՄՈՒՏՔԻ  ԴԵՐԸ

Միայն այն, որ ի պաշտոնե արտաքին քաղաքականության հետ որեւէ կապ չունեցող ԱԽՔ-ը շարունակում է հանդես գալ բանակցային ակտիվ ֆիգուրանտի դիրքերից,  արդեն իսկ ակնարկ  է այն մասին, որ Արեւմուտքն իրեն ամենեւին էլ դեռ հայ-ադրբեջանական գործընթացի հետ կապված խաղից դուրս վիճակում չի համարում: Թե որն է նպատակը, կարելի է հասկանալ Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ, ոչ անհայտ Թոմ դը Վաալի՝ Ազատությանը տված հարցազրույցից:   «Խոսքը բավականին բարդ խաղաղության համաձայնագրերի մասին է: Այնպես որ, դա միայն ստորագրումը չէ, դա ակնհայտորեն նաև իրականացումն է։ Հայաստանն ասում է, որ ցանկանում է խաղաղության համաձայնագրի միջազգային երաշխիքներ, եւ դա նշանակում է, որ միգուցե պետք է ուժեղացված մոնիտորինգի ներկայություն լինի, ինչպիսին եվրոպական մոնիտորինգի ներկայությունը սահմանին, որպեսզի դա բարձրացնի զսպման գործոնը ու հետ պահի Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ ուժի կիրառումից: Կարծում եմ՝ սա է գաղափարը»,- ասում է դը Վաալը: Թերեւս իմաստը սա է. եթե անգամ այս փուլում Հայաստանը գնա «խաղաղության պայմանագիր» ստորագրելու՝ ապա Արեւմուտը պետք է գոնե հասնի նրան, որ պահպանի  եվրոպական մոնիտորինգային խումբը՝ որպես իրավիճակը հետագա  վերահսկողության տակ պահելու միջոց: Բայց նաեւ, նման հայտարարությունը եւս նմանվում է ակնարկի, որ Արեւմուտքում, այնուամենայնիվ, սպասում են, որ «խաղաղության պայմանագիր» կոչվածը, ըստ ամենայնի, կստորագրվի:

Այսպիսով, ամենահավանական տարբերակն է, որ մոտ ժամանակներս պետք է սպասել  բանակցային գործընթացի ակտիվացման, որի մեկնարկային  կետը կլինի արտգործնախարարների հանդիպումը: Ճիշտ է, խոսվում է նաեւ Վաշինգտոնում հանդիպում կազմակերպելու մասին, բայց ավելի հավանական տեսք ունի, որ այն տեղի կունենա հայ-ադրբեջանական սահմանին, ասենք՝ Իջեւանի հատվածում, որտեղ հանդիպեցին փոխվարչապետները:

Ի՞նչ տեսք կունենա այդ պայմանագիրը: Արցախի լուծարման հրամանագիրն  այդպես էլ չեղարկված չէ, այսինքն` այդ պայմանագրում Արցախին  հազիվ թե որեւէ անդրադարձ լինի: Հիմնական ինտրիգը շարունակում է մնալ երկաթուղու վերագործարկման դեպքում նոյեմբերի 9-ի համաձայնագրի գործել-չգործելը, եւ արեւմտյան նշումը՝ չգործելու օգտին, բնականաբար, դեռ շարունակվելու է: Բայց այն կլինի՞ էֆեկտիվ, կամ երկաթուղու հարցով Սանկտ Պետերբուրգում որեւէ բան պայմանավորվե՞լ  են, սրանք էլ մնում են հիմնական հարցերը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=273488&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ