Պայքարի մեջ պետք է լինեն բոլորը, եթե երդվյալ անտարբեր կամ սոցիալապես տհաս չեն. Արմենուհի Սիսյան

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՀԳՄ անդամ, արձակագիր, բանաստեղծուհի ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆԻ հետ:

Ձեր ստեղծագործությունների գրեթե մեծ մասը նվիրված է կնոջը: Առաջիկայում նոր ստեղծագործություններ կլինե՞ն՝ նվիրված մեր հերոսածին մայրերին:

— Այո, ճիշտ եք նկատել, կինն իմ ստեղծագործություններում առանցքային տեղ ունի, անգամ, եթե երկրորդական կերպար է: Երբեւէ նման հատուկ ծրագիր չեմ ունեցել, այդպես ստացվել է: Դա պարզ դարձավ տարիներ հետո, երբ արդեն որոշակի ամբողջություն կար ձեւավորած: Պարզապես ես գրել ու գրում եմ իմացած բաների մասին: Բացի այդ, կինը բավականին բազմաշերտ էակ է, արժե նրան ուսումնասիրել, զննել, միեւնույնն է, մինչեւ վերջ չի բացահայտվելու… Ի դեպ, կնոջ մասին գրելն ամենեւին չի ենթադրում, թե այն կանանց է հասցեագրված, ընդհակառակը, այն պետք է ուղղվի հենց տղամարդկանց:

Ինչ վերաբերում է հերոսածին մայրերին, ապա պատերազմի ընթացքում գրում էի լսածներիս հիման վրա լուսավոր, իրական պատմություններ՝ վստահ լինելով, որ հաղթելու ենք: Այնտեղ կան նաեւ կանայք, մայրեր: Դեռ չեմ հրապարակել, քանի որ մտադիր էի ամեն բան ավարտվելուց հետո պատերազմական թեմայով պատմությունների շարքն ամբողջացնել՝  հետագայում գրքով տպագրելու մտադրությամբ: Բայց այդ «հետագան» ինչ-որ չի երեւում, մեր կորուստները չեն ավարտվում, ու սթրեսների շարանը թույլ չի տալիս այդ մասին անցյալ ժամանակով խոսելու: Եկավ մի պահ, որ հասկացա՝ ուժերս այլեւս չեն ներում վերապրելու ու գրին հանձնելու լսածներս ու ապրածս եւ ընդհատեցի… Դա իրոք չափազանց ծանր է ինձ համար… Բայց, հուսով եմ, ավարտին հասցնելու եմ ու մի օր, որպես անցյալի իրողություններ, հանձնելու եմ գրքի տեսքով:

Տիկին Սիսյան, գրողի, ստեղծագործողի համար մեր օրերում ամենահուզիչ խնդիրը ո՞րն է:

— Ես դեմ եմ կոլեկտիվ սահմանումներին ու ձեւակերպումներին եւ կասեմ միայն իմ անունից, քանի որ հույզը, ինչպես նաեւ խնդրի այս կամ այն ընկալումը անհատական է: Ի դեպ, եթե այս հարցը տայիք ինձ երկու տարի առաջ, միանգամայն այլ պատասխան կունենայի: 2020թ.-ի պատերազմից հետո միանգամայն փոխվեցին իմ հետաքրքրությունները, ներշնչանքը, խնդիրների ընկալման չափանիշները: Ամեն ինչ վերափոխվեց, մի բաժանարար սահմանագիծ ձեւավորվեց՝ պատերազմից առաջ եւ հետո: Մի ողջ սերնդի նահատակությունից, մեր հայրենիքի չքնաղ տարածքների կորստից, հազարավոր մեր հայրենակիցների բռնագաղթից, 10 հազարից ավելի հաշմանդամ երիտասարդներ ունենալուց հետո չկա ինձ համար մեկ այլ կարեւորություն, որ ինչ-որ ձեւով չառնչվի նշածս իրողությունների հետ: Այսօր ո՛չ միայն գրողի, բոլորիս առաջնահերթությունը եւ բոլոր գործընթացները պետք է ուղղված լինեն երկրի անվտանգությանն ու պետականության պահպանմանը, յուրաքանչյուրս մեր տեղում՝ հնարավորինս ներդնելով մեր կարողությունները: Ինձ կների իմ հավերժական սերը՝ աշնան արեւը, որ արդեն երկրորդ աշունն է՝ սիրտս չի ելեւէջվում նրա քնքշանքից ու հոգուս չի հպվում նրա թրթիռը: Բայց ես անդավաճան մարդ եմ ու դեռ պիտի փարվեմ հոգիս շոյող նրա պարուրանքին, որ ապրեմ ու ապրեցնեմ տողս…

Այսօր ամենաշատն ինչի՞ն եք կարոտում:

— Հոգումս միշտ բնակվել է կարոտ. կարոտ այն ամենի հանդեպ, ինչ հարազատ է՝ ծառերի ծաղկունք, առաջին ձյուն, երկինք, բանաստեղծություն, հոգու թրթիռ, ջերմություն… Կարոտել հազար տարվա հեռվից ու ամեն պահ… Կարոտել՝ ուրեմն ապրել… Այսօր կարոտում եմ կարոտելը… Ի դեպ, բանաստեղծական գրքերիցս մեկը «Հազար տարվա կարոտ» վերնագիրն ունի. այնտեղ իմ շատ կարոտներ գտել են իրենց հանգրվանը…

Գրողը, ըստ Ձեզ, պե՞տք է քաղաքական պայքարում լինի:

— Քաղաքականության մեջ չպետք է մտնի նա, ում մաշկը, ինչպես Ֆրանկլին Ռուզվելտն էր ասում`«ռնգեղջյուրի կաշվից մի քիչ նուրբ է»: Քաղաքականությունը լուրջ ասպարեզ է, լուրջ գիտելիքներ է պահանջում եւ չպետք է ցանկացածին հասանելի լինի: Իսկ անհրաժեշտության դեպքում պայքարի մեջ պետք է լինեն բարձր գիտակցականությամբ օժտված բոլորը՝ յուրաքանչյուրն իր տեղում, եթե երդվյալ անտարբեր կամ սոցիալապես տհաս չեն: Գրողի զենքն իր գրիչն է, եւ եթե օրվա իշխանություններին հաճոյանալը կամ նրան հլու եւ խոնարհ լինելը գրողի համար գերադաս նշանակություն ունի կամ որոշակի վախեր ունի, ուրեմն՝ թող լռի: Պետք չէ նրանից ոչինչ սպասել կամ պահանջել, նա հենց այդքան է: Միայն թե որքան էլ ջայլամների պես գլուխները ավազի մեջ խրեն, միեւնույնն է, կողքից տեսանելի են: Լավ է, որ նրանք իրական զենք չեն կրում, թե չէ պատկերացնո՞ւմ եք, ինչքան վախկոտներ կունենայինք ու դավաճանություններ կլինեին…

Հակառուսական քարոզները մեր օրերում Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ հետեւանքներ է ունենալու:

— Զորավար Անդրանիկն ասում էր. «Հայե՛ր, մեր թշնամին թուրքն է: Ազգովի դուրս գանք թուրքի դեմ, թուրքին հաղթենք, դրանից հետո կուզեք՝ բոլշեւիկ եղեք, կուզեք՝ մենշեւիկ եղեք, կուզեք՝ շուն եղեք»: Այսօր ոչ մի վստահելի բարեկամ-դաշնակից այլեւս չունենք, այդ պատճառով հարկ է դերակատարություն ունեցող երկրների հետ գտնել նվազագույն իսկ շահ ու դրա շուրջ հարաբերություններ կառուցել՝ հնարավորինս օգուտ կորզելով, քանի որ հայտնի բան է՝ քաղաքականությունը շահ է: Հակաքարոզները մեզ ոչինչ էլ չեն տալու ոչ մի երկրի պարագայում: Ժողովուրդը սիրում է ծայրահեղություններ, եւ լավ կլիներ, որ այդքան հեշտորեն ու հաճույքով կուլ չտար ցանկացած քարոզի կամ հակաքարոզի կուտը:

ՌԴ նախագահ Վ. Պուտինի հրամանով ռուսաստանյան քաղաքացիները, այդ թվում նաեւ հայերը, ովքեր ունեն ռուսական անձնագիր եւ համապատասխան տարիք, պետք է զորակոչվեն: Այս լուրը լսելով՝ ոմանք չարախնդացին, թե՝ «շատ լավ է, փախան մեր բանակից, թող հիմա գնան Ուկրաինայի դեմ կռվեն ու զոհվեն»: Որքանո՞վ են նման արտահայտությունները մեզ հարիր:

— Բոլոր վերադարձողներն էլ բարով գան: Երանի նրանց թիվը մեծ լինի, այնքան մեծ, որ շրջաններում բնակեցնեն: Իսկ «թող գնան զոհվեն» ու նման արտահայտությունները հիվանդ մարդկանց շաղակրատանք են, անգամ չեմ ուզում քննարկել:

Ատելության մթնոլորտը, որ այսօր ձեւավորվել է մեր երկրում, ինչի՞ կհանգեցնի:

— Նո՞ր պիտի հանգեցնի: Այսօրվա մեր հասարակության բոլոր արատավոր երեւույթները հենց այդ փոխադարձ ատելության հետեւանքն են: Երբ հասարակությանը պառակտում են, բաժանում են սեւերի ու սպիտակների, կոչ անում անհանդուրժողականության, ծայր է առնում անկառավարելի քաոս: Հայտնի բան է՝ բաժանի՛ր, որ տիրես: Եթե հասարակության մեջ հետեւողականորեն գեներացվում է փոխադարձ ատելություն, անհաշտություն, ագրեսիա, ամենազուսպ հասարակությունն էլ սահուն կարող է վերածվել ամբոխի: Իսկ ուր ամբոխն է, այնտեղ է սատանան վստահորեն առաջնորդում, այնտեղ է Նեռի որդու լիակատար հենարանն ու ուժը: Ուր ատելությունն է, այնտեղ լույսը գերեվարված է, իսկ սատանան լիիրավ տեր է:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=238089&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ