Եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմին, որը նախատեսում է սանձազերծել Ադրբեջանը այս աշնանը
ՆերքաղաքականԵրկրորդ արցախյան պատերազմից հետո Ադրբեջանը ակտիվորեն պատրաստվում է հաջորդ պատերազմին, որի արդյունքում պլանավորում է զավթել Արցախի մնացած մասը եւ Սյունիքը, հնարավոր է նաեւ դուրս գալ Սեւանի արեւելյան ափ,- մեզ հետ հարցազրույցում ասաց ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման անդամ Հայկ Բաբուխանյանը:
- Այդ նույն երկու տարվա ընթացքում, երբ Ադրբեջանը Արցախի գրավյալ տարածքներում կառուցում էր ճանապարհներ, օդանավակայաններ եւ ռազմական այլ ենթակառուցվածքներ, Հայաստանը ազդարարում էր խաղաղության դարաշրջանի սկիզբը: Սակայն ներկայիս իշխանությունները չեն հասկանում, որ եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի. բանակը ամրացնելուն, տնտեսությունը զարգացնելուն եւ ամենակարեւորը ստրատեգիական դաշնակցի` Ռուսաստանի հետ հարաբերությունները սերտացնելու փոխարեն իշխանության կողմից արվում էր ուղիղ հակառակը: Ցավոք սրտի հակառուսական ալիքին վերջին շրջանում միացել են որոշ ընդդիմադիր ուժեր իրենց ԶԼՄ-ներով ու ակտիվիստներով: Հասականալի է, որ այսպիսի իրավիճակը բերելու է նորանոր տարածքային ու մարդկային կորուստների: Ամենայն հավանականությամբ ամերիկացիների ու անգլիացիների դրդմամբ սեպտեմբերին Ալիեւը կփորձի սանձազերծել ռազմական գործողություններ նշված ուղղություններով, պատրվակ բռնելով, որ հայկական կողմը չի կատարում 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված կետերը:
Իրականում Բերձորի եւ Աղավնոյի հանդեպ Ադրբեջանի նկրտումները, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի վերաբերյալ իր կողմից նշվող ժամկետները ամբողջությամբ ապօրինի էին եւ չեն բխում, ավելին հակասում են նոյեմբերի 9-ի համաձայնագրին: Մեր Շարժման հունիսի 26-ի հայտարարության մեջ այս հարցի առթիվ նշված է, որ որեւէ իրավական հիմք չկա տեղահանելու վերոհիշյալ բնակավայրերի բնակչությանը, ավելին, այն հակասում է նույն հայտարարագրի 7-րդ կետին, որով նախատեսվում է փախստականների վերադարձը իրենց բնակավայրեր: Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցմանը, ապա նախատեսվում է, որ 3 տարվա ընթացքում նոր պետք է որոշակիացվեր նոր ճանապարհի կառուցման ծրագիրը: Այսինքն` նոր միջանցքը պետք է սկսեր գործել մոտ 2024-25թթ.: Կրկնում եմ, առանց վերոհիշյալ բնակավայրերի հայաթափման, որի համար այդ գյուղերում պետք է մնային ռուս խաղաղապահների հենակետեր եւ նշվեր այդ գյուղերի հայ բնակչության տրանպորտային կապի ապահովման մեխանիզմը, ինչպես Ստեփանակերտի, այդպես էլ Գորիսի հետ:
Այժմ հայկական դիվանագիտությունը պետք է ակտիվ աշխատանք տանի սրա շուրջ: Միաժամանակ անհրաժեշտ է արագորեն կարգի բերել բանակը, իսկ տնտեսությունը նախապատրաստել ռազմական գործողություններին: Պահանջում եմ իշխանություններից դադարեցնել ակնհայտ եւ իբր ստվերված հակառուսական գործողությունները: Նույնը պահանջում ենք ընդդիմության որոշ ուժերից, նրանց ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցներից, իսկ բոլոր պատասխանատու քաղաքական ուժերին եւ հասարակության ակտիվ շրջանակներին կոչ ենք անում միավորվել «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման մեջ դրսեւորելու համար հայ ժողովրդի միասնական կամքը եւ անզնիվ նվիրվածությունը ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններին: Մենք պետք է ցույց տանք, որ թե՛ իշխանությունում նստած սորոսականների, թե՛ որոշ ընդդիմադիր դուրսպրծուկների հակառուսական դիրքորոշումը ոչ մի կապ չունի հայ ժողովրդի հետ եւ թելադրված է արտաքին պատվիրատուների կողմից: Շարունակում ենք պահանջել նաեւ Նիկոլի հրաժարականը: Մարդ, որը թույլ է տվել այն ամենն, ինչ կատարվեց մեզ հետ եւ ունի գրված ու չգրված պարտավորություններ թշնամու նկատմամբ, պետք է թողնի ասպարեզը եւ դա կարող է որոշ ժամանակով հետաձգել ճգնաժամը մեր սահմաններում, իսկ ժամանակ մեզ շատ է պետք, որպեսզի Ռուսաստանը ավարտի ռազմական գործողությունները Ուկրինայում: Միաժամանակ Նիկոլին փոխարինելու պետք է գան ոչ թե հերթական պոպուլիստները, այլ պատասխանատու ու փորձառու քաղաքական-պետական գործիչները, որոնք միաժամանակ վստահություն են վայելում Մոսկվայում:
Եվս մեկ անգամ տագնապով ազդարարում եմ, որ Ադրբեջանի նպատկան է աշնան ընթացքում սանձազերծել նոր պատերազմ, ինչին ակտիվորեն աջակցում են Հայաստանում գործող արեւմտա-թուրքական գործակալական ցանցը: Անգամ, եթե այժմ հաջողվի թույլ չտալ նոր պատերազմ, խաղաղապահների ժամկետի սպառման հետ միասին ծագելու է խորը ճգնաժամ եւ չի բացառվում այն վեր է ածվելու ադրբեջանաթուրքական նոր ագրեսիայի: Ժամանակը քիչ է, սթափվեք:
https://iravunk.com/sim/?p=232596&l=am/