«Կա՛մ «դուխները» չի հերիքում, կա՛մ համատարած չէ այս ամենը». ինչ է իրականում կատարվում Բելառուսում

Միջազգային

Բելառուսում քաղաքական կրքերը չեն հանդարտվում: Վեցերորդ անգամ Բելառուսի նախագահի պաշտոնը ստանձնած Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող քաղաքային իշխանությունների կողմից չարտոնված ցույցի մասնակիցների ու ընդդիմադիր առաջնորդների ձերբակալությունները շարունակվում են: Վերջիններս պահանջում են չեղարկել օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքները, իսկ Լուկաշենկոն համառորեն փորձում է թույլ չտալ իր երկրում իրականացվի գունավոր հեղափոխության հերթական սցենարը: Նախագահական ընտրություններին հաջորդած բելառուսյան դեպքերի եւ հայաստանյան իրադարձությունների նմանության շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ հետ, ով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հետ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակում օգոստոսի 7-10-ը եղել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:

«ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎԵՑ, ԵՐԲ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՆ ՄԻ ՔԱՆԻ ԺԱՄ ԷՐ ՄՆԱՑԵԼ»

Պարոն Եղիազարյան, ի՞նչ կասեք բելառուսյան ընտրական մթնոլորտի մասին: Իսկապե՞ս նախագահի ընդդիմադիր թեկնածու Տիխանովսկայան ուներ այդպիսի լայն աջակցություն, եւ իսկապե՞ս հանրությունն այդքան դեմ է վերընտրված նախագահ Լուկաշենկոյին:

Որպես այդպիսին մարդիկ չէին կիսվում կարծիքներով, թե իրենք ինչպիսի քվեարկություն են կատարել: Մինչեւ ընտրությունը եւ ընտրության օրն էլ շատ հանգիստ էր: Տպավորությունն այն էր, որ բարձր մասնակցություն կար, ժողովուրդն ակտիվ էր, ուրախ տրամադրություն ունեին: Ի տարբերություն մեզ մոտ տեղի ունեցող ընտրությունների` այնտեղ տոնական մթնոլորտ էր: Ամեն ինչ սկսվեց, երբ ընտրության ավարտին մի քանի ժամ էր մնացել:

Դեպքերի առաջին օրերին այնտեղ եք եղել: Զուգահեռներ տանելով` այն նման էր հայաստանյան 2008-ի մարտիմեկյա՞ն, թե՞ 2018-ի ապրիլյան դեպքերին:

– 2018-ին հաստատ նման չէր: Իրականում պատկերը հետեւյալն էր` Տիխանովսկայան 10 տոկոս ձայն է հավաքել, որը մոտավորապես` կես միլիոն քվե է կազմում: Եթե այդ կես միլիոնից էլ միայն 200 հազարը դուրս գային փողոց« կարող էր տպավորություն ստեղծվել, որ իրենք ճիշտ են: Բայց արդյոք դրանով կարելի է ռեալ գնահատական տալ` սա երկրի ընդհանուր մոտեցո՞ւմն է, թե` ոչ: Կարծում եմ` բարդ է ասել, որովհետեւ Հայաստանում 2018-ին 100-150 հազար մարդ դուրս եկան փողոց եւ տեսանք, թե  ինչ իրականություն ստեղծվեց: Սա ընդամենը 2-3 միլիոնանոց բնակչությամբ Հայաստանում լուրջ թիվ էր, իսկ Բելառուսում 10 միլիոնանոց բնակչության մեջ նույն թվով փողոց դուրս գալը, նույն տպավորությունը չի թողնում, որպեսզի հստակ ասես` սա համատարած բնույթ է կրում, թե` ոչ:

«ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԷԻՆՔ ԻՄԱՆՈՒՄ, ԹԵ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ»

Այդուհանդերձ, տպավորություն էր, որ Բելառուսի փողոցներում կիրառվող տեխնոլոգիաները, հնչող լոզունգները, հայտնի կադրերը գրեթե նույնն էին, ինչպես 2018-ին Հայաստանում: Ստացվում է, որ զուտ Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի «դո՞ւխը» չհերիքեց` հեղաշրջում իրականացնելու համար:

Չեմ կարող ասել, բայց մի հետաքրքիր դրվագ պատմեմ. դեպքերի հաջորդ առավոտյան, հիմնական զորքը քաղաքից վերացել էր, փոքր պոստեր էին մնացել, եւ ամբողջովին լռություն էր: Ժամը` մոտ 10:00-ին դուրս եկանք քաղաք` ոտքով շրջելու, գնացինք մոտավորապես այն ուղղությամբ, որտեղ եղել են գործողությունները, ու տպավորություն էր, որ քաղաքն իր հունով ապրում է: Ավտոբուսները, երթուղայինները, տաքսիները նորմալ աշխատում էին, մարդիկ աշխատանքի էին գնում, երիտասարդությունը հեծանիվ էր քշում, խանութները բնականոն ռիթմով աշխատում էին:

Փաստորեն, բելառուսցիները գլխի չէի՞ն ընկել, որ կարելի է փողոցներ փակել ու պարալիզացնել երկիրը:

Ընտրության հաջորդ առավոտյան ընդհանրապես հետք չկար, որ այդտեղ այդպիսի դեպքեր են եղել: Այսինքն` կա՛մ Ձեր ասած` «դուխները չի հերիքում», կա՛մ ուրիշ բան էին մտածել, կա՛մ համատարած չէ այս ամենը: Ասում եմ այն, ինչ տեսել ենք, որովհետեւ մեզնից հետո` արդեն ավելի թեժացավ իրավիճակը, ինչպես տեսանք կադրերում, մարդկանց վրա ռետինե նռնակներ էին նետում: Ի դեպ, սկսած ընտրության օրվանից մինչեւ մեր վերադառնալը, ամբողջ երկրում կապն անջատված էր, ինտերնետ ընդհանրապես չկար: Շատ դեպքերում` Հայաստանից էինք իմանում, թե ինչ է կատարվում Բելառուսում: Որոշ առումով սահմանափակված էին մեր գործողությունները, քանի որ մեր, այսպես ասած, առաքելությունն այն էր, որ ընտրատեղամասերում ընտրական պրոցեսին հետեւեինք, թե արդյոք իրենց օրենսդրությանը համապատասխանում է, բացթողումներ եղել են, թե` ոչ: Այդ առումով մեզ հնարավորություն էլ չտրվեց շատ հետաքրքրվել, թե ինչ է տեղի ունենում փողոցներում:

«ՊԵՏՔ ՉԷՐ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ, ԿԱՐԵԼԻ ԷՐ ՄԵԿ-ԵՐԿՈՒ ՕՐ ՍՊԱՍԵԼ»

Ձեր դիտորդական առաքելության արդյունքում արձանագրված փաստերի հիման վրա՞ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապել շնորհավորել Բելառուսի նախագահ Լուկաշկենկոյին, թե՞ որեւէ կերպ կառավարության ղեկավարի շնորհավորանքը կապ չուներ Ձեր եւ պատգամավոր Սանդիկովի դիտարկումների հետ:

Կարծում եմ` ոչ, որովհետեւ մենք միայն ընտրական պրոցեսներին ենք հետեւել, այլ ոչ թե հետագա զարգացումներին: Ըստ իս, շնորհավորելու հարցում շտապողականություն պետք չէր, քանի որ հենց ընտրության նույն օրը երեկոյան հասկացանք, որ երկրում նոր ընտրությունների խնդիր է բարձրացվելու, եւ հարց է, թե ինչ կլինի: Պետք էր առաջնորդվել անմեղության կանխավարկածով եւ երկու կողմերի քայլերն էլ դիտարկել, այլ ոչ թե միանգամից ընդունել, որ իրոք, Լուկաշենկոն հաղթել է: Միգուցե, ընդդիմությունը ճիշտ է, պետք էր նախ հասկանալ, մեկ-երկու օր սպասել եւ տեսնել, թե ինչ է տեղի ունենում:

Կարո՞ղ ենք արձանագրել, որ առնվազն Հայաստանը պաշտոնապես լեգիտիմացրել է Լուկաշենկոյի գործողությունները:

ԱՊՀ երկրների դիտորդական առաքելության այն փաստաթուղթը, որը ստորագրել ենք, միայն ընտրությունների հետ է կապված: Այն վերաբերել էր նրան, որ ընտրությունները համապատասխանել են Բելառուսի Սահմանադրությանն ու օրենսդրությանը: Բայց արդեն դրանից հետո` եղավ ուժի կիրառում ժողովրդի նկատմամբ, եւ մեր երկիրը պետք է մի քիչ զգույշ լիներ եւ նախ հասկանար` այդ ուժը համաչա՞փ է եղել, իսկ եթե` ոչ, սա արդեն հանցագործություն է: Ուստի` պետք չէր այդ դեպքում շնորհավորել մի պրոցեսի, որտեղ եղել են հանցագործություններ: Եթե նույնիսկ հակառակն է եղել, էլի չեմ հասկանում իմաստը` մի քայլ շուտ շնորհավորելու: Ոչինչ չէր լինի, եթե սպասեինք եւ երկու օր հետո շնորհավորեինք: Հատկապես, որ շնորհավորանքից հետո դեպքերը զարգացան այնպես, որ անգամ զոհ եղավ, ու ավելի բիրտ ուժ կիրառվեց: Կարծում եմ` այդքան էլ ճիշտ չէր վարչապետի կողմից անմիջապես շնորհավորանքը` անկախ այն հանգամանքից, որ ստորագրել էինք եւ ընդունել ընտրությունների համապատասխանությունն իրենց օրենսդրությանը: Ի վերջո, սա կապ չունի հետընտրական պրոցեսների զարգացման հետ, երբ եղան բախումներ:

ԲԵԼԱՌՈՒՍԻ ԴԵՊՔԵՐՆ Ի՞ՆՉ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ 2008-Ի ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

Ձեր դիտարկմամբ` Լուկաշենկոն կկարողանա՞ պահպանել իր դիրքերը` որպես Բելառուսի նախագահ, թե ինչ-որ մի պահի կասի` Տիխանովսկայան ճիշտ էր, ես` սխալ:

Այս իրավիճակում դժվար է ասել, բայց միայն այն հանգամանքը, որ Տիխանովսկայան լքեց երկիրն այդ նեղ պահին, կարծում եմ` ինքն արդեն հանձնվել է: Եվ եթե ընդդիմությունը չինքնակազմակերպվի, ու նոր լիդեր չհայտնվի, ոչինչ չի ստացվի, որովհետեւ իմ սուբյեկտիվ կարծիքով` Տիխանովսկայան, լքելով երկիր, արդեն չի կարող շարունակել պայքարը: Իր կողմից սա սխալ քայլ էր:

Հենց թեկուզ այս առումով` տեսնո՞ւմ եք նմանություն Հայաստանում տեղի ունեցած 2008-ի մարտիմեկյան դեպքերի հետ: Չէ որ, ըստ էության, փողոց դուրս եկած ժողովուրդն այն ժամանակ էլ մնաց մենակ, իսկ ընդդիմության առաջնորդները, որոնք նրանց փողոց էին դուրս բերել, անցան ընդհատակ:

Բելառուսի դեպքերն ինչ-որ նմանություն ունեն 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների հետ, բայց ես կխուսափեմ զուգահեռներ տանել: Ամեն դեպքում, տարբեր ժամանակներ են, տարբեր պրոցեսներ, եւ նաեւ մի կարեւոր հանգամանք էլ կա` մեր երկրների սոցիալ-տնտեսական վիճակը շատ տարբեր են: Մենք պատերազմող երկիր ենքբազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք չունի Բելառուսը: Բելառուսի տնտեսությունը, սոցիալական պայմանները շատ ավելի լավ վիճակում են, գործազրկությունը 3-4 տոկոս է, ինչն այսօր անգամ հեղափոխությունից հետո` Հայաստանը չի կարողացել ունենալ գործազրկության նման ցածր տոկոս: Այս առումով` անկախ նրանից, որ ինչ-որ պրոցեսներ կարող է վիզուալ նմանություն ունենալ, պետք է նշեմ, որ արժեքային պրոցեսները տարբեր են:

Ամեն դեպքում, Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների մեջ արտաքին ուժերի կամ, ասենք, սորոսականների ակնհայտ ներգրավվածություն կա՞ր:

Կդժվարանամ ասել, որովհետեւ, ինչքան գիտեմ, Բելառուսը շատ ավելի փակ երկիր է, եւ այնտեղ թե՛ ՀԿ-ների աշխատանքը, թե՛ մնացած գործողությունները բավականին բարդացված են, եւ ազատությունները որոշակիորեն սահմանափակված է: Իմ տվյալներով` պետք է, որ այնտեղ անգամ սորոսական գրասենյակ չլինի:

Դե, սորոսական ասելով` նկատի ունեցեք ընդհանրական իմաստով: Կա՞ր արեւմտյան որոշակի ուժերի, կազմակերպությունների ակտիվություն:

Չեմ բացառում, բայց եւ միանշանակ չեմ կարող ասել, որովհետեւ խորը ուսումնասիրություն չեմ արել: Իմ տեսակետը հիմնված է վերջին մի քանի օրերի վրա, եւ Բելառուսի ներքաղաքական խնդիրների հետ չեմ առնչվել, որ կարողանամ ասել, թե այնտեղ ինչ ուժեր կան, եւ ինչ միջոցներ են կիրառվում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=119999&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ