o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում գրիպի սեզոնին սպասվում են H1N1, H3N2 ենթատեսակներն ու B տեսակը

19.10.2019 18:26 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Հայաստանում գրիպի սեզոնին սպասվում են H1N1, H3N2 ենթատեսակներն ու B տեսակը

Հայաստանում այս տարի գրիպի սեզոնին մասնագետները սպասում են համեմատաբար թեթև իրավիճակ: Սեզոնին Հայաստանում շրջանառվող հնարավոր տեսակներն ու ենթատեսակները կլինեն A(H1N1)-ը, A(H3N2)-ը և B-ն: Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Գրիպի դեմ պատվաստանյութն արդեն Հայաստանում է. ԱՆ

«Գրիպի սեզոնին շրջանառվող հնարավոր տեսակներն ու ենթատեսակները այս տարի կլինեն A(H1N1)-ը, A(H3N2)-ը և B-ն: Կանխատեսումներն այսպիսին են, սակայն, թե հետագայում իրավիճակի ինչ զարգացումներ կլինեն, ցույց կտան մեր դիտարկումները»,-ասաց Թորոսյանն ու հավելեց՝ Հայաստանում այդ տեսակներին ծանոթ են: Նա նկատեց՝ դրանց վտանգավորության աստիճանը կախված է անհատից, նրա ռիսկային խմբի պատկանելիությունից, զգոնությունից: Թորոսյանը նշեց՝ գրիպը կարելի է անցկացնել շատ հեշտ, առանց անկողնային ռեժիմի, գրագետ բժշկի խորհրդատվությամբ, և կարելի է հասցնել նույնիսկ հոսպիտալացման:

Հետևաբար` մասնագետը կարևորեց առաջին ախտանշանների դեպքում բժշկի խորհրդատվությանը դիմելը: Ամեն տարի գրիպի սեզոնն իր առանձնահատկությունն է ունենում: Թորոսյանը նշեց, որ 4 տարին մեկ գրիպի առումով պիկեր են լինում, և նախորդ սեզոնը հիմնավորվել է, որ սպասումները ճիշտ էին: «Այս տարի համեմատաբար հանդարտ իրավիճակ ենք սպասում: Սակայն երբեք հստակ կանխատեսումներ չենք կարող անել, դա ցույց կտան մեր օրական, շաբաթական մշտադիտարկման արդյունքները»,-ասաց Թորոսյանը:

Նա տեղեկացրեց, որ այս պահին շրջանառվող գրիպի հարուցիչ չունենք: Թորոսյանը նշեց, որ դա թույլ են տալիս եղանակային պայմանները:   Գրիպի սեզոնը սկսվում է ընթացիկ տարվա 40-րդ շաբաթից և շարունակվում մինչև եկող տարվա 20-րդ շաբաթը, ինչը համընկնում է հոկտեմբերից մայիս ամիսներին:   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА