o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

26.08.2016 18:51 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Ասում են, որ քաջ մարդիկ անխոցելի են, եւ այդ ճշմարտությունը հաստատել է քառօրյա պատերազմին թշնամու 3 տանկ խոցած 20-ամյա զինծառայող ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Նրա պատմածով դա եղել է այդպես. «Մի օրինակ բերեմ. ես դիրքս փոխելու հնարավորություն չունեի, ինձ նկատել էին ու անընդհատ խփում էին: Շուրջս կրակե օղակ էր, հնարավոր չէր շարժվել, բայց երեք տանկերն էլ նույն կետից եմ խոցել: Գիտեք` քանի անգամ կրակեցին վրաս, հազար անգամ խփեցին ու չկպան, վրիպեցին»: Փաստորեն, պատահականությունն այնպես է դասավորվել, որ ոչ մի կրակոց նրան չի կպել. «Հենց որ առաջինը խփեցի, մտածեցի` վերջ, տեղս իմացան, հիմա կխփեն ինձ: Երբ արագ երկրորդը խոցեցի, մտածեցի` ինչ լավ է, որ հասցրի: Էս անգամ արդեն չեն վրիպի, հաստատ կխփեն ինձ: Բայց նորից չկպան: Հետո երրորդ տանկը խփեցի: Կրակել չգիտեն, ծուռ են կրակում»: Այնպես որ, Նժդեհի խոսքը, որ ռազմիկից առաջ թշնամուն անտեսանելի հարվածում են նախնյաց ոգիները, սոսկ խոսք չէ:

ԶԱՐՄԱՆՔ

Թեեւ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻՑ ամեն ինչ էլ սպասելի է, այնուամենայնիվ, նա այս անգամ մեզ զարմացրեց իր պահվածքով` Կարո Եղնուկյանի պաշտպանությանը նվիրված ակցիայի ժամանակ. «Անկախության 25-ամյակից առաջ մեծագույն խայտառակություն է` առանց լուրջ մեղադրանքի, անկախության հանրաքվեի համար պայքարած մարդուն բանտ տանել»: Բա շարունակությունն ինչ հետաքրքիր է. «Դուք համարձակվում եք այստեղ բանտում Կարո Եղնուկյան պահել, վաղը ի՞նչ եք ասելու ձեր որդիներին, դուք Կարո Եղնուկյան եք բանտում պահում, դուք նրա եղունգն արժե՞ք, հրաժարական տվեք բոլորդ»: Իսկ վերջում արդեն քիչ էր մնում Հայրիկյանի խոսքից արտասվեինք. «Իրենց հորը կարոտող այս երեխաների արցունքները ձեզանից պետք է հարյուրապատիկ դուրս գա ձեր ողորմելիության պատճառով»: Լավ, հետաքրքիր է, իսկ ինչպիսի՞ն կլինի Հայրիկյանի կեցվածքը, երբ Եվրոպա փախած ակտիվիստ Եղիա Ներսիսյանը ու այժմ բանտում գտնվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը հանկարծ բացեն իրենց բերանները` պատմելու համար Եղնուկյանների հետ առնչվող շատ օրիգինալ պատմություններ: 

Ինչեւէ, մի քանի ամիս անց ԱԺ ընտրություններն են, եւ ՀՀԿ խմբակցության անդամ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ զարմանալի լավատեսությամբ պնդում է, որ չեն հնչելու հայտարարություններ կեղծված ընտրությունների մասին. «Նոր Ընտրական օրենսգրքում այնպիսի մեխանիզմներ ենք ներառել, որոնք 100 տոկոսով բացառում են ընտրատեղամասերում ընտրակեղծիքների կատարումը»: Ավելին, նա համոզված է, որ եթե անգամ տեսախցիկները չտեղադրվեն, էլի մեղադրանքներ չեն հնչի. «Այնպես որ, եթե լեհական կազմակերպությունը չկարողանա մինչեւ 2017թ. հասցնել տեխնիկական հարցի լուծումը` ոչ մի խնդիր էլ չի առաջանա: Դրանում կհամոզվենք 2017-ին»: Զարմանալի է,  մի՞թե պարոն Մկրտչյանը լավ չի ճանաչում մեր ընդդիմությանը, որը միեւնույնն է, ամեն ինչ կեղծված կհայտարարի, անգամ եթե հանձնաժողովների անդամներ նշանակվեն ամպոտ ոտքերով հրեշտակները, իսկ միջազգային բոլոր տեսակի կազմակերպություններն էլ միաբերան երդվեն, որ կեղծիք չի եղել:

Ի դեպ, շատ թեթեւ ընդդիմադիրոտ ԲՀԿ-ական ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ բացարձակապես չի կիսում Վահրամ Մկրտչյանի լավատեսությունը. «Էլի՛ մնում ենք քաղաքական կամքի հույսին: Բազմիցս ասել եմ` միայն լավ օրենք գրելով հնարավոր չէ լավ ընտրություն անցկացնել: Իշխանությունը պետք է քաղաքական կամք ունենա` իրացնելու օրենքում ամրագրված մեխանիզմները: Այսինքն` մթնոլորտը պետք է փոխվի` մարդիկ պետք է համոզված լինեն, որ իսկապես գնում են ազատ, արդար ընտրությունների: Այնպես որ, խնդիրը ոչ այնքան օրենքի մեջ է, որքան քաղաքական կամքի եւ այդ կամքը իրացնելու պատրաստակամության: Ես այդպես եմ տեսնում եւ հույսս երբեւիցե չեմ դրել ցուցակների հրապարակման կամ էլեկտրոնային գրանցման, նույնականացման մեխանիզմների վրա»:

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА