o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԻՆԱՆՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԼՈՒՐՋ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ՌՈՒՍԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՄՈՏ

18.06.2019 21:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՍԻՆԱՆՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԼՈՒՐՋ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ՌՈՒՍԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՄՈՏ

Եվ այսպես, այսուհետ Հայաստան-Սփյուռք համագործակցությունը կիրականացվի ԱՄՆ քաղաքացու միջոցով: Այսինքն, ի հաստատումն դեռ ամիսներ առաջ տարածված խոսակցությունների, օրերս Փաշինյանը Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ եւ նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանին նշանակեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար:

Այն, որ Սփյուռքի նախարարությունն ընդամենը մեկ Սփյուռքի գործերի հանձնակատարով փոխարինելն արդեն իսկ ծանր հարված էր Հայաստան-Սփյուռք համագործակցությանը, ենթադրելի էր: Մեկ ամբողջ նախարարություն առանց այդ էլ չէր կարողանում լիովին համակարգել սփյուռքի հետ հարաբերությունները՝ մասամբ ծավալների, մասամբ էլ ոչ լիարժեք գործունեության պատճառով, թեեւ այս երկրորդ հանգամանքը ժամանակի ընթացքում բարելավման միտում էր ցուցաբերում. տարեցտարի նախարարությունը հունի մեջ մտավ, համապատասխան աշխատանքային մեխանիզմներ ստեղծեց, որոնք լավ, թե վատ, արդեն գործում էին, սակայն տեսանելի էր ամենակարեւորը՝ բարելավման հնարավորությունները: Իսկ դրա փոխարեն հիմա ունենք ընդամենը մեկ անձ, միգուցե մի փոքրիկ աշխատակազմով, ինչը հաստատ առնվազն աշխատանքային ծավալների առումով չի կարող բավարար լինել: Ու եթե այդ մեկ անձն էլ ամերիկահպատակ է, դա էլ «դագաղի կափարիչին խփված վերջին մեխի» տեղը կբռնի: Ամեն դեպքում, նման ահազանգեր ստանում էինք դեռ այն ժամանակներից սկսած, երբ նոր-նոր էր օրակարգ մտել թեման, որ ամերիկյան կոնկրետ հաստատությունների ցանկությամբ Փաշինյանը հենց Զարեհին է նշանակելու այդ պաշտոնին: Բավական է նշել միայն այն կարծիքը, որ այդ լուրերի ֆոնին մեզ հայտնեց մոսկվայաբնակ հայազգի հայտնի գործարարներից մեկը. «Թե ինչ հեղինակություն եւ ազդեցություն ունի ամերիկահայության մոտ այդ անձնավորությունը, ես չգիտեմ: Սակայն վստահեցնում եմ, որ ռուսահայությունը նրան բացարձակապես չի ճանաչում, այսինքն` նաեւ չի վստահում: Առավել եւս, որ խոսքը ԱՄՆ քաղաքացու, հետեւաբար` այդ երկրին իր բոլոր հնարավորություններով ծառայելու պարտավորություն ունեցող անձի մասին է: Դա նորմալ է, մարդն ապրում է ԱՄՆ-ում, պետք է նման պարտավորություն ունենար: Բայց մենք էլ ապրում ենք ՌԴ-ում, ունենք մեր պարտավորություններն այս երկրի հանդեպ: Եվ թե ինչպես է վարվելու տվյալ պաշտոնյան, եթե նրա գործունեության արդյունքում հակասությունների մեջ մտնի ռուսական եւ ամերիկյան շահերի միջեւ, հասկանալի է: Իսկ որ նման հակասությունների պակաս չի լինի, դա էլ է տարրական ճշմարտություն: Հենց դա էր պատճառը, որ ռուսահայ համայնքից վերջին ժամանակներս քանիցս ազդակներ է գնացել ՀՀ վարչապետին, որ նման քայլը ճիշտ չէ, Սփյուռքի հետ հարաբերությունների խնդրով պետք է բացառապես զբաղվի ՀՀ քաղաքացի, եթե Սփյուռքի նախարարությունից հրաժարվելու սխալ քայլին արդեն գնացել են: Միայն այդ դեպքում էր հնարավոր շահերի բալանս ապահովել, եւ հիմա, վստահեցնում եմ, որ տվյալ նշանակման արդյունքում ռուսահայության հետ մեր հայրենիքի հարաբերություններն էապես տուժելու են: Մինչդեռ մեկ պարզ ճշմարտություն չպետք է մոռանալ. ո՞ր երկրում է հայության առավել մեծ քանակություն բնակվում, որտեղի՞ց է Հայաստանն առավելագույն օգնություն ստանում` անձնական մակարդակով եւ ներդրումների տեսքով. առյուծի բաժինը գալիս է ռուսահայությունից: Ու հիմա ինչ է ստացվում, ամերիկահպատակը պետք է փորձի այդ ամենը համակարգե՞լ: Իսկ Հայաստանի իշխանությունները մտածե՞լ են, թե այդ պարագայում ինչպիսին կլինի ՌԴ իշխանությունների ռեակցիան. այո, շատ դեպքերում առնվազն խորհրդի մակարդակով կլինեն հուշումներ` հեռու մնալ ամերիկահպատակի հետ ավել-պակաս շփումներից: Այսինքն, այդ նշանակման նպատակը Հայաստան-ռուսահայություն հարաբերություններին հարվածե՞լն էր. այո, թե` ոչ, սակայն հենց դրան էլ հասնում են»:

Նկատենք, մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ սա ամենեւին էլ միայն իր անձնական կարծիքը չէ, այդ կերպ են մտածում նրա գործընկերներից շատերը, թեեւ. «Շատ-շատերն էլ, ովքեր դեռ գործնական կամ մասնավոր-ֆինանսական հարաբերություններ ունեն հայրենիքի հետ, պարզապես դեռ տեղյակ չեն նման նշանակումից, սակայն նրանց դիրքորոշումը հազիվ թե էապես տարբերվի»:

Ք. ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА