ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱԽԿԻՆՈ՞ՒՄ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ, ԹԵ՞ ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ԹՌԻՉՔԻ ՄԵՋ ԵՆ

29.05.2019 21:30 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԿԻՆՈ՞ՒՄ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ, ԹԵ՞ ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ԹՌԻՉՔԻ ՄԵՋ ԵՆ

Օրերս ՊԵԿ-ի ներկայացրած այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, հետեւյալ իրողություններն է ջրի երես հանում: Ցանկում ներառված մի շարք հայտնի ընկերությունները կտրուկ ավելացրել են իրենց վճարած հարկերից ծավալները, սակայն ակնհայտորեն գործունեության նման ավելացում չունեն: Այսինքն, ակնհայտ է, որ առնվազն մեկ տարի առաջ այդ ընկերություններն արհեստականորեն են քիչ վճարել, կոպիտ ասած, գողացել են: Ու դրանից հետո պարզ հարց է ծագում՝ նման ավելացումից հետո ինչո՞ւ այդ ընկերությունների տերերը կամ ղեկավարները չհայտնվեցին կալանքի տակ:

ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ «ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ» ՃԱԽՐԱՆՔՆԵՐ ԵՆ

Սակայն խոշոր ընկերությունները դեռ այսբերգի վերին մասն են: Նկատի ունենք, որ կան համեմատաբար քիչ հայտնի հարկ վճարողներ, որոնց մոտ հարկային թռիչքը համաշխարհային բացարձակ ռեկորդներ է սահմանում: Ընդ որում, նման ընկերությունները շատ-շատ են, ուստիեւ կարող ենք բերել միայն մի քանի պատահական օրինակներ: Սկսենք «ԱԿՎԻԼՈՆ ԹՐԵՅԴ» գրեթե անհայտ ընկերությունից, որի մասին եթե հարցնես, անգամ ամենագետ «Գուգլը» զարմանքից «կկախվի»: Կան միայն հատուկենտ տվյալներ, որ այդ ընկերությունը զբաղվում է թուրքական հագուստի մեծածավալ ներկրմամբ: Այսպես, «ԱԿՎԻԼՈՆ ԹՐԵՅԴՆ» անցած տարի եռամսյակային 332 միլիոն դրամ հարկերով համեստ, աննկատ տեսք ուներ: Բայց ահա այս տարի վճարել է 3.4 միլիարդ՝ միանգամից հայտնվելով հայաստանյան ամենախոշոր ընկերությունների կողքին: Սկսել է 10 անգամ շա՞տ հագուստ ներկրել, այսինքն՝ Հայաստանում մարդիկ 10 անգամ շատ հագո՞ւստ են գնում: Թե՞ պարզապես անցած տարի 10 անգամ պակաս է հարկեր վճարել. սրա պատասխանը եւս ՊԵԿ-ը պետք է տա: Հագուստի հետ առնչվող մեկ այլ դեպք. «Չիմեգ» ընկերությունը եւս մինչ այս առանձնապես աչքի չի ընկել, թեեւ այն հրապարակավ կապվում է Չինաստանից հագուստի ներկրման, «Հագուստի աշխարհ» խանութների ցանցի եւ, ամենակարեւորը, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի անվան հետ: Եվ ահա այս ընկերությունն անցած տարվա 480 միլիոնի փոխարեն վճարել է 1.2 միլիարդ: Տասնապատկում չէ, բայց էլի պակաս տպավորիչ ցուցանիշ չէ՝ դրանից բխող հասկանալի նույն հարցադրումներով հանդերձ: Սակայն ամենացցունը, թերեւս, «ԱՎՏՈՆԵՐԿՐՈՂ -10»-ն է. նման անվամբ ընկերությունն անցած տարի վճարել է 85 միլիոն, այս տարի՝ 1.26 միլիարդ: Ճիշտ է, անցած տարի կար նաեւ «ԱՎՏՈՆԵՐԿՐՈՂ» կոչված ընկերությունը, որին այս տարվա ցանկում գտնել չհաջողվեց: Կապ ունե՞ն դրանք իրար հետ, եթե այո, արդյոք չե՞ն միաձուլվել. սակայն այս երկրորդ տարբերակի դեպքում անգամ անցած եւ այս տարվա տարբերությունը ահռելի կլիներ: Ցցուն դեպքերից մեկն էլ «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ն է: Ընկերությունն անցած տարի վճարել է 214.3 միլիոն դրամ, այս տարի՝ մոտ 1 միլիարդ: Արտահանո՞ւմն են հնգապատկել, թե երկրի ներսում են 5 անգամ ավել «Ջերմուկ» խմում. թող հենց ընկերությունն էլ բացատրի: Ցցուն է նաեւ կենցաղային տեխնիկա ներկրող եւ «Վեգա» խանութների ցանցը սպասարկող «ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ»-ի հարկային թռիչքը՝ 473 միլիոնից այս տարի՝ 911 միլիոն: Կրկնակի շատ տեխնիկա՞ են սկսել վաճառել, թե՞ անցած տարի հարկերն են թաքցրել. սա էլ է պարզելու հարց: Բայց եթե ընդունենք, որ Հայաստանում սկսել են կրկնակի ավել տեխնիկա գնել, ինչպե՞ս հասկանանք, որ մեկ այլ նման ընկերություն՝ «ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ»-ը, էլի ունի ցցուն աճ՝ մոտ 500 միլիոնից՝ մոտ 845 միլիոն, կրկնակի աճի բնագծից մի փոքր ետ է մնացել: Չնայած, երեւում է, այս ոլորտում ամենալավը «ԶԻԳԶԱԳ»-ի գործերն են. անցած տարվա մոտ 207.5 միլիոնի փոխարեն այս տարի վճարել են մոտ 633 միլիոն: Եռակի թռիչք, այսինքն, պետք է որ եռակի շատ տեխնիկա վաճառեին: Ու շեշտենք. օր օրի աղքատացող ժողովրդի պարագայում. սրանից էլ լավ տնտեսական հրա՞շք: Անցնենք ՏՏ ոլորտին: Այս ուղղությամբ գործող հայտնի ընկերություններից մեկի՝ «Սինոփսիս Արմենիայի» հարկերն անցած տարվա մոտ 580 միլիոնից դարձել են մոտ 835 միլիոնի կարգի: Լավ, 30 տոկոսին ձգտող աճ է, ընդունենք, որ ՏՏ ոլորտում նման թռիչքներ կան: Այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք, որ նախանցած տարի էլի վճարել էր մոտ 580 միլիոն: Ինչ է, Նիկոլը եկավ, ՏՏ ոլորտն էլ այդպես կատաղե՞ց: Բայց չէ՞ որ դրանից առաջ էլ ՏՏ ոլորտի ընկերությունները մշտապես խոսում էին բարձր աճից, այսինքն՝ ստո՞ւմ էին: Մեկ այլ ակնառու օրինակ. «ԴԵԿՈՐԱ», «Դոմուս», «Տեկա», «Դուսոն» խանութների ցանցով հայտնի եւ կահույքով եւ հարակից աքսեսուարներով զբաղվող «ԴԵԿՈՐԱ-ԳՐՈՒՊ»-ն անցած տարվա մոտ 415 միլիոնի դիմաց այս տարի վճարել է մոտ 770 միլիոն հարկ: Էլի 100 տոկոսին ձգտող հարկային թռիչք, եւ, իհարկե, պետք է ենթադրել, որ Հայաստանում կենցաղային տեխնիկայից զատ մարդիկ նաեւ մոտ կրկնակի ավել արտասահմանյան կահույք են սկսել գնել: Համենայնդեպս, այն տպավորությունն է, որ ՊԵԿ-ում հենց այդ կարծիքին են: Փոխարենը, մեկ նման համեմատություն. «Սպայկա» ընկերությանը, ինչպես հայտնի է, մեղադրում են միլիարդներով հարկեր թաքցնելու մեջ: Մինչդեռ ընկերությունն անցած տարվա մոտ 574.6 միլիոնի փոխարեն, այս տարի վճարել է մոտ 784.7 միլիոն: Էլի աճ կա՝ 200 միլիոնից ավել, մի 35 տոկոսի կարգի, եւ միգուցե սա էլ հիմք տա՝ անցած տարի հարկեր թաքցնելուց խոսելու համար: Բայց եթե 35 տոկոս ավելացումը նման հիմք տա, ավելին, ընկերությանը մեղադրում են միլիարդներ թաքցնելու մեջ, ապա ինչո՞ւ տասնյակ անգամներով հարկեր ավելացվածների մասին ձայն ու ծպտուն չի լսվում պատկան մարմիններից:

ՔՊ-ԱԿԱՆ ՌԵԿՏՈՐԻ ՕՐՈՔ ԲՈՒՀԻ ՎԻՃԱ՞ԿՆ Է ՎԱՏԱՑԵԼ, ԹԵ՞ ՍՏՎԵՐՆ Է ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ

 

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА