ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՆԿԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ

05.10.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՆԿԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ

Մինչ հանրությունը զվարճանում էր եւ սրամտում այն լուսանկարի վերաբերյալ, թե ինչպես է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը «Այբ» կրթահամալիրում օգտվում  մանուկների համար նախատեսված սղարանից, սույն վայ-պաշտոնյան ԱԺ-ի գիշերային պաշարման հետքերով հասցրեց «բլթացնել», թե մինչեւ չլինեն արտահերթ ընտրություններ, սփյուռքահայերը Հայաստանում տներ չեն գնի: Հաջորդ օրն էլ նա շարունակեց. «Նաեւ ինձ հետ անհատական շփումներում խնդիր են դրել, ասում են` խոսում եք հայրենադարձության մասին, բայց մենք այսօր վստահ չենք, որ ներկայացված ենք նաեւ օրենսդիր մարմնում, հետեւաբար, շուտափույթ արեք արտահերթ խորհրդարանական ընտրություններ»: Դե ինչ ասես, ողբամ զքեզ հայոց աշխարհ, զի իշխանավորքդ մանկամիտ են: Բայց, այնուամենայնիվ, անդրադառնանք, թե հոկտեմբերի 2-ի դրամատիկ իրադարձությունների իրական իմաստը որն էր:

ԻՇԽԱՆԱԶԱՎԹԻՉՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԴԵՊԻ ԻԶԳՈՅ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ОПЯТЬ ВЛАСТЬ МЕНЯЕТСЯ?

Հոկտեմբերի 2-ի դեպքերում ամենակարեւորը ոչ թե այն էր, որ Ազգային ժողովը կարողացավ հրավիրել արտահերթ նիստ եւ ընդունել այն օրենքը, որով զրկում է Նիկոլին իր գրոհայինների միջոցով ճնշում գործադրել խորհրդարանի վրա եւ անցկացնել իրեն անհրաժեշտ օրենքներն ու որոշումները, այլ տեղի ունեցավ շատ ավելի կարեւոր քաղաքական իրադարձություն: Երեկ Հայաստանում, ըստ էության, տեղի ունեցավ իշխանափոխություն: Պառլամենտական երկրում, իսկ Հայաստանը դեռեւս, գոնե ըստ Սահմանադրության, այդպիսին է, խորհրդարանում մեծամասնություն կազմող կոալիցիան է համարվում իշխող քաղաքական ուժ: Եթե մինչեւ Նիկոլի մայիսյան հեղաշրջումը իշխող էր ՀՀԿ-ՀՅԴ կոլաիցիան, ապա հեղաշրջումից հետո իշխանությունը անցավ «Ելք», ՀՅԴ, «Ծառուկյան դաշինք» կոալիցիային, որն իր վարչապետին ընտրեց` ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Նույնիսկ հինգ ամիս չգոյատեւած Նիկոլի կոալիցիան փլուզվեց, եւ խորհրդարանում ձեւավորվեց, թեեւ դեռեւս ոչ պաշտոնական, սակայն նոր մեծամասնություն` ՀՀԿ-«Ծառուկյան դաշինք»-Դաշնակցություն: Նիկոլ Փաշինյանը դարձավ խորհրդարանական փոքրամասնության վարչապետ, որին, սակայն, նոր իշխող կոլաիցիան մինչեւ մայիս, ըստ Սահմանադրության, իրավունք չունի հայտնելու անվստահություն: Քաղաքակիրթ երկրներում նման պարագայում վարչապետը տալիս է հրաժարական, եւ նոր կոլաիցիան ընտրում է նոր վարչապետ, եւ ձեւավորվում է կառավարություն: Սակայն Հայաստանը քաղաքակիրթ երկիր չէ, այստեղ հարցերը լուծվում են «հու, հու, հա» տարբերակով: Եվ ի պատասխան իր կոալիցիայի փլուզման` Նիկոլը ոչ միայն հրաժարական չտվեց, այլ կառավարության կազմից հանեց իր նախկին կոալիցիոն գործընկերների ներկայացուցիչներին, ապա հայտարարեց, որ պետք է «արմատախիլ անել» մինչ այդ իրեն ընդդիմադիր, իսկ այժմ արդեն նոր կոալիցիա կազմած կուսակցություններն ու հաստատել միակուսակցական համակարգ, այնուհետեւ իր մի քանի հազար կողմնակիցներով գրավեց իրեն չենթարկվող Ազգային ժողովը եւ պատանդ վերցրեց պատգամավորներին: Պատմությանը հայտնի են հարյուրավոր նման դեպքեր, եւ բոլոր այդ դեպքերը կոչվում են իշխանության ուզուրպացիա կամ յուրացում, որը շատ ծանր քրեական հոդված է: Եվ եթե անգամ Նիկոլին հաջողվի իր գորահայինների միջոցով ցրել Ազգային ժողովը եւ որոշ ժամանակ պահպանել իր ձեռքում իշխանությունը, ապա, քանի որ ոչինչ հավերժ չէ, գալու է պահը, երբ Նիկոլը կանգնելու է դատարանի առաջ` իշխանության յուրացման հոդվածով: Այլ բան է, թե այդ ընթացքում ինչքան վնաս կտա նա Հայաստանի Հանրապետությանը եւ հատկապես Արցախին: Սակայն հանգիստ թողնենք ապագան ու վերադառնանք մեր օրերը: Այս պահի դրությամբ Նիկոլի ձեռքով կերտված արհեստածին քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիներ մատնանշողներ կան` սկսած ազգային համաձայնության կառավարություն կազմելու առաջարկությունից, ավարտած այն առաջարկությամբ, որ հարցն արագորեն լուծվի հանրաքվեով:

ՁԱԽՈՐԴՓԱՆՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱՑՄԱՆ» ՄԵԿՆԱՐԿ

ՀԱՆՐԱՔՎԵՆ` ՈՐՊԵՍ ՀՆԱՐԱՎՈՐ ԵԼՔ

Խոշոր հաշվով, Նիկոլ Փաշինյանը կարող էր արտահերթ ընտրությունների իր հռչակած նպատակը իրականացնել դեռ ամռան սկզբներին: Եթե մինչեւ մայիսի 8-ի ԱԺ նիստը սկսվելը նա ինքնաբացարկ հայտներ վարչապետի թեկնածուի պաշտոնից, ապա օրենքի ուժով ԱԺ-ն լուծարված կհամարվեր, եւ կնշանակվեին արտահերթ ընտրություններ: Եվ հեղափոխական խանդավառության ալիքի վրա նա կկարողանար թերեւս մեծամասնություն ունենալ այդ ԱԺ-ում: Բայց ոչ, երեւում է նա շատ էր շտապում կոչվել «պարոն վարչապետ» ու շոյել սեփական ինքնասիրությունը` պաշտոնական նամակներում «Ձերդ գերազանցություն» կոչվելով: Ի դեպ, ինքը` Փաշինյանը, մայրաքաղաքային ընտրությունները կոչում էր վստահության հանրաքվե: Բայց, խոշոր հաշվով, իսկական հանրաքվե էլ կազմակերպելը դժվար չէ` ՀՀ ամբողջ բնակչության դատին դնելով ԱԺ-ն լուծարելու ու թեկուզեւ դեկտեմբերին ընտրություններ նշանակելու հարցը: Ինչպես մատնանշում է ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը. «Ինչ վերաբերում է խորհրդարանը լուծարելուն, ապա դրա օրինական միակ ձեւը համապետական հանրաքվեն է, որի համապատասխան արդյունքների դեպքում միայն կարելի է գնալ արտահերթ ընտրությունների: Այդ ճանապարհը թեեւ երկար է, բայց` իրավական: Սակայն, նորից եմ կրկնում, ինչքանո՞վ է ճիշտ այս գերլարված աշխարհաքաղաքական իրավիճակում ամիսներ շարունակ ժողովրդին զբաղեցնել ընտրություններով, որոնք ոչ թե տանում են ազգային միասնության, այլ` պառակտության»:

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունն էլ իր տարածած հայտարարությունով ճիշտ է համարում հանրաքվեի տարբերակը: Կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի պլանը չի հավանում եւ առաջարկում է զերծ մնալ հրաժարական տալուց, որից հետո ԱԺ-ի վրա ճնշում գործադրելուց, ուստի իր հայտարարության մեջ կոչ է անում բոլոր հարցերը լուծել սահմանադրական ճանապարհով` առաջարկելով որպես տարբերակ հանրաքվեի անցկացումը. «Այս առումով վաղաժամ ենք համարում հրաժարական տալու վերաբերյալ վարչապետի որոշումը, քանի որ բացառված չէ հակամարտության վտանգը: Բոլոր վիճահարույց հարցերը, այդ թվում ԱԺ-ի արձակման հարցը, պետք է լուծել օրենքի տառին համապատասխան` օրինակ հանրաքվեի անցկացմամբ»:

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌԱՎ, ԾՆՎԵՑ ՄԻԱՀԵԾԱՆ ՍՈՒԼԹԱՆ-ԲՌՆԱՊԵՏԸ

Ի դեպ, հանրաքվեի տարբերակով չի պահանջվի նաեւ վարչապետի հրաժարականը, որը դարձել է ահավոր վախերի եւ շահարկումների առարկա, թե ԱԺ-ն այդ դեպքում պարզապես կընտրի այլ վարչապետ: Ինչքան էլ զարմանալի լինի, նաեւ փաշինյանական ճամբարում կան մարդիկ, ովքեր հրաժարականի տարբերակով հարց լուծելուն դեմ են: Այսպես, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը խուճապային տոնով հայտարարում է. «Ժողովուրդը դեմ է այդ հրաժարականին: Դա հայոց պատմության ամենաճակատագրական սխալը կարող է լինել, որովհետեւ մեզ հայրենիք, իսկ իրեն` կյանք կարող է արժենալ»: Եվ, ի դեպ, անգամ ԱԺ դարպասների մոտ փոքրիկ ցույց էր տեղի ունեցել, ուր հայտնվել էին պաստառներ, որոնցով պահանջվում էր հանրաքվե եւ հավանություն չէր տրվում վարչապետի հրաժարականի գաղափարին: Բայց ինչո՞ւ ժողովրդի վստահության քվեի մասին խոսող Նիկոլը հիմա խուսափում է այդ տարբերակից: Չէ՞ որ հենց հանրաքվեն կտա այն պատասխանը` նա իրավունք ունի՞ ժողովրդի անունից հանդես գալու, թե` ոչ: Սակայն նման է, որ «նորին գերազանցությունը» վախենում է այդ քաղաքակիրթ, սահմանադրական եւ օրինական ճանապարհից: Եվ պատճառները բավականին պարզ են: Երեւանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ նա ունի Երեւանի ընտրողների  34 տոկոսի վստահությունը: Իսկ Գելափի անցկացրած հարցախույզով` ամբողջ հանրապետությունում այդ ցուցանիշը կազմում է 24-25 տոկոս: Թերեւս հենց դա է Նիկոլին մղում գնալ հակասահմանադրական ճանապարհով` կիրառելով փողոցային խաժամուժին որպես ճնշման գործիք, եւ չարգելել իր կողմնակիցներին` համացանցը ողողելու ոչ միայն հայհոյանքներով ու սպառնալիքներով, այլեւ արդեն  կոնկրետ հաշվեհարդարների կոչերով: Ի դեպ, ըստ քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի, ԱԺ-ի գիշերային պաշարումը ոչ թե ուժեղացրեց, այլ թուլացրեց ժողվարչապետի դիրքերը. «Եթե համեմատելու լինենք մինչեւ հանրահավաքը եւ դրանից հետո Հայաստանի ներքաղաքական դաշտում տիրող իրավիճակը կարելի է հստակ արձանագրել, որ դա ոչ միայն դրական որեւէ արդյունք չբերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլ հակառակ գոյություն ունեցող տպավորության, դա կարելի է խորհրդարանական ուժերի դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի թույլ դիրքերի եւ հստակ զիջումների գնալու ապացույցը համարել»: Թերեւս հիմա Նիկոլը զգում է իրեն մի տեսակ անկյուն քշվածի վիճակում, եւ այդ պատճառով նրանից սպասելի են ցանկացած արկածախնդրություններ:

ԻՇԽԱՆԱԶԱՎԹԻՉՆԵՐԸ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԽՐՎՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՀՃՈՒՄ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА