ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չի կարելի ամեն ինչ իջեցնել այսքան ցածր մակարդակի»

18.07.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Չի կարելի ամեն ինչ իջեցնել այսքան ցածր մակարդակի»

Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը, որը ղեկակավարվում է հայտնի հակաեկեղեցական շարժման կողմից հատեց տրամաբանության բոլոր սահմանները: Նախ զավթեցին դիվանատունը, ապա հարձակվեցին Մայր Աթոռի վրա, այնուհետեւ նաեւ շրջափակեցին ու վիրավորանքներ հասցրին Ամենայն Հայոց կաթողիկոսին, որն ուխտի էր մեկնել Գնդեվանք: Իսկ այս ամենին լուռ հետեւում են քաղաքական մի շարք գործիչներ, կուսակցություններ, ինչը, մեղմ ասած, տարօրինակ է: Իսկ թե, օրինակ, ի՞նչ են մտածում այս ամենի շուրջ Ազգային ժողովի մեծամասնությամբ երկրորդ քաղաքական ուժը` «Ծառուկյան» դաշինքը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՑ: Մեզ հետ զրույցում նա նախ շեշտեց, որ այս հարցում ներկայացնում է իր անձնական կարծիքը:

Մահացել է «Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիայի նախագահ Ս. Հակոբյանի մայրը

«ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԷ»

- Այն, ինչ տեղի է ունենում, տգեղ է, ցավալի է: Հասկանում եմ, որ Մայր Աթոռում կան խնդիրներ: Ինքս, որպես լրագրող, ժամանակին բարձրացրել եմ Մայր Աթոռում առկա բազմաթիվ խնդիրներ, որոնք անպայմանորեն հոգեւոր մեծ ժողովի ընթացքում պետք է քննարկվեին եւ չեն քննարկվել, բայց նման ձեւով հրապարակայնացնել խնդիրները եւ փորձել նման լուծում տալ, չեմ կարծում, որ ճիշտ եւ ազնիվ ճանապարհ է: Հորդորում եմ երկու կողմերին մի կողմ դնել ամբիցիաները, մի կողմ դնել` «ես եմ ամենավերջնական ճշմարտությունը» մտայնությունը եւ նստել «կլոր սեղանի» շուրջ ու փորձել քննարկել հարցեր: Երբ մարդիկ այդ բարդույթից ձերբազատվեն, որ իրենք անքննելի եւ անքննադատելի են, թե իրենք են միակ ճշմարիտը, եւ պատրաստակամություն հայտնեն նստել ու քննարկել, վստահեցնում եմ ձեզ, որ լուծումներ միշտ գտնվելու են: Եկեղեցին մեր սրբությունը եղել է եւ կա, չի՛ կարելի ամեն ինչ իջեցնել այսքան ցածր մակարդակի: Այո, մեր Առաքելական եկեղեցում, մասնավորապես` Մայր Աթոռում, կան բազմաթիվ խնդիրներ, բայց ինքս ինձ թույլ չեմ տա բարձրաձայնել այդ խնդիրների մասին, որովհետեւ այդ խնդիրները չպետք է լուծվեն բարձրաձայնելու եւ հանրայնացվելու միջոցով: Այդ խնդիրները պետք է լուծվեն հոգեւոր համայնքի ներսում եւ, ըստ իս, մեր հոգեւորականները կգտնեն իրենց մեջ այնքան ուժ` այն լուծելու:

– Տիկին Զոհրաբյան, որպես ԱԺ Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ երբ Գնդեվանքի ճանապարհին հարձակվեցին Ամենայն Հայոց կաթողիկոսի վրա, որեւէ արձագանք չեղավ` ո՛չ միջազգային կառույցների, ո՛չ դեսպանների կողմից, մինչդեռ եթե որեւէ աղանդավորական կազմակերպության առաջնորդի վրա նման հարձակում լիներ, կարծում եմ` պատկերացնում եք, թե ինչ մեծ աղմուկ կբարձրանար:

– Չեմ բացառում, որ նաեւ անդրադարձ լինի: ՄԻՊ-ը դրա վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է, մենք` առանձին պատգամավորներս, մեր դիրտարկումը հայտնում ենք, որ հարցերը նման կերպ չեն լուծվում: Բռնությունը երբեք հարցի լուծման ճանապարհ չէ, հարցերը պետք է լուծվեն` միմյանց հետ երկխոսելով: Կոնֆուցիոսը մի հայտնի խոսք ուներ. «Եթե դու ինձ հետ չես երկխոսում, ուրմեն` կա՛մ ես եմ քեզ կորցնում, կա՛մ դու ես ինձ կորցնում»: Իսկ լուծում միշտ կա, եթե կա ցանկություն: Եթե չկա ցանկություն, բնականաբար, միշտ կարելի է գտնել պատճառներ` երկխոսությունից փախչելու համար: Սա այդ տարբերակը չէ, այստեղ դրված է եկեղեցու հեղինակության խնդիրը, մեր` որպես Հայ Առաքելական եկեղեցու նվիրյալների հավատը: Արդյոք պիտի տեսնենք այն, ինչ այսօր կատարվում է, ցավ եմ ապրում` տեսնելով այս ոչ պատշաճ տեսարանը:

«Միակը, ով հող տալու կողմնակից է եղել եւ կա, առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն է»

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Ո՞Վ Է ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ ԲՀԿ ՑՈՒՑԱԿԸ

– Անդրադառնանք նաեւ մամուլում շրջանառվող լուրերին, թե առաջիկա Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին Դուք եք լինելու քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածուն:

– Կարող եմ միայն ասել, որ այս պահին մենք մեկ որոշում ունենք` «Բարգավաճ Հայաստանն» անպայմանորեն մասնակցելու է Երեւանի ավագանու արտահերթ ընտրությանը, որը տեղի կունենա, կարծում եմ, կա՛մ սեպտեմբերի կեսին, կա՛մ վերջին: Մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ իմ տարերքը ծովն է, եւ ես ունեի ուղեգիր, բայց ստիպված այն սրտի մեծ կսկիծով տարել հետ եմ վերադարձրել եւ, բնականաբար, որպես քաղաքական թիմի անդամ, պետք է լինեմ Երեւանում: Իսկ թե ով կգլխավորի Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստանի» թիմը, այս պահին, ամենայն անկեղծությամբ եմ ձեզ ասում` վերջնական որոշում չկա, քննարկումները շարունակվում են: Առաջիկա օրերին մենք կհրապարակենք մեր ավագանու ցուցակի առնվազն մի քանի անուններ, ովքեր վստահաբար կարող եմ ասել, որ հրաշալի տիրապետում են Երեւանի խնդիրներին, գիտեն երեւանցու հոգսերը եւ առավել եւս գիտեն դրանց լուծման կարճ, օպտիմալ տարբերակը: Վստահեցնում եմ, որ մեր թիմում չեք գտնելու մարդիկ, որոնց կենսագրության, որոնց արած գործերի եւ որոնց սկզբունքայնության եւ պարկեշտության վրա որեւէ մեկը կարող է կասկածել:

– Ամեն դեպքում, եթե քաղաքական թիմը Ձեզ առաջարկի գլխավորել ցուցակը, պատրա՞ստ եք ստանձնել այդպիսի պատասխանատվություն:

– Այս հարցին չեմ պատասխանի այն պարզ պատճառով, որովհետեւ մեծ քաղաքական թիմի անդամ եմ, եւ իմ քաղաքական թիմի ցանկացած որոշում` ինձ համար կլինի ընդունելի:

«ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԿՐԵԼ ՆԱԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ` ԴՐԱ ԲՈԼՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

– Որեւէ նորություն կա՞ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի քրեական գործից, որը թեպետ չկա որեւէ բողոք, բայց կասկածվում է ազատամարտիկ Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ:

– Մենք ասել ենք, որ խնդիրը չենք քաղաքականացնում, եւ այն գտնվում է իրավապահ տիրույթում: Կան նաեւ բազմաթիվ ցուցմունքներ, այդ թվում ` Վյաչեսլավ Հարությունովի կողմից, եւ ակնկալում եմ, որ դատարանը կառաջնորդվի բացառապես հենվելով օրենքի եւ օրինականության վրա:

«Վարչապետի ելույթում ակնհայտ հարձակումներ կային սահմանադրական կարգի նկատմամբ»

– Մի փոքրիկ միջադեպի հետեւանքով, ընդ որում` երբ անգամ բողոքներ չկան եւ նույնիսկ Վ. Հարությունովի կինն էլ պնդում էր, որ միջադեպ էլ չի եղել, այսօր շարունակում է ձերբակալված մնալ Է. Բաբայանը: Մինչդեռ ազատության մեջ են ՊՊԾ գունդը գրաված խմբավորման անդամները, ինչու ոչ, նաեւ կոռուպցիոն մեծ սկանդալների մեջ հայտնված անձինք: Այս ամենն առնվազն տարօրինակ չէ՞:

– Կարծում եմ, որ Էդուարդ Բաբայանի մասով բազմաթիվ հարցականներ կան, եւ հույս ունեմ, որ Վերաքննիչ դատարանը քննության ընթացքում այդ ամենը հաշվի կառնի: Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» տղաներին, պնդում եմ իմ վստահ դիրքորոշումը` այդտեղ ակնհայտորեն եղել է քաղաքական մոտիվացիա: Եվ ես, որպես պատգամավոր, ով նրանից շատերի համար տվել է միջնորդություն եւ վաղը կամ մյուս օրը նույնպես տալու է, գտնում եմ, որ իրենց խափանման միջոցը պետք փոխվի, իրենք պետք է լինեն ազատության մեջ եւ նոր Հայաստանի նոր դատական համակարգում մասնակցեն դատական գործընթացին: Պատրաստ եմ նաեւ կրել պատասխանատվություն` դրա բոլոր հնարավոր հետեւանքների համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА