ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սա դավաճան տեսակը բուծելու եւ դավաճաններին հերոսացնելու հեղափոխություն էր»

14.06.2018 20:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
«Սա դավաճան տեսակը բուծելու եւ դավաճաններին հերոսացնելու հեղափոխություն էր»

Ո՜վ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի, դու չես հաղթել, այլ քեզ ուղղակի խաբել են:

Սա քո հեղափոխությունը չէր, ո՜վ ՀՀ հպարտ քաղաքացի, սա 5 ու 10 հազար դրամով կաշառվածների հեղափոխությունն էր, որովհետեւ արագաչափ սկոչելու համար 5 հազար էին տալիս, փողոց փակելու համար էլ շատերին` 10 հազար, իսկ հետո էլ 28 միլիոն դոլարի տուգանք ներեցին մարդկանց ու էլի կաշառեցին: Ընդ որում, փողոց փակողների մեջ շատ էին հենց ՀՀԿ-ականները, հա՛, հա՛, հենց ՀՀԿ-ականները, ՀՀԿ-ի շտաբների աշխատողները, ՀՀԿ-ի դավաճանները:

«Չի կարելի ամեն ինչ իջեցնել այսքան ցածր մակարդակի»

Սա ՀՀԿ-ի դավաճանների հեղափոխությունն էր, ո՜վ ՀՀ հպարտ քաղաքացի, սա ֆելիքսցոլակյանների, այսինքն` դավաճան տեսակի հեղափոխությունն էր:

Սա մեր արժեհամակարգի պղծման հեղափոխությունն էր, որովհետեւ սրա արդյունքում դավաճան Ցոլակյան Ֆելիքսը հռչակվեց հերոս, իսկ հարգանքի արժանի ու սկզբունքային Վարդանյան Աղվանը հռչակվեց դավաճան, ու դրանով լրիվ պղծվեց մեր արժեհամակարգը: Սա դավաճան տեսակը բուծելու եւ դավաճաններին հերոսացնելու հեղափոխություն էր:

Սա նախկին կառավարության այն ղեկավարների ու այն նախարարների հեղափոխությունն էր, ովքեր իրականում դավաճանաբար թաքուն աշխատում էին Սերժ Սարգսյանի դեմ:

Սա դավաճան ՀՀԿ-ականների հեղափոխություն էր, էն ՀՀԿ-ական պատգամավորների, ովքեր հազարներով մարդ էին բերում Նիկոլի ցույցերի համար:

Մարդ էին բերում նաեւ օլիգարխները, Ծառուկյանը: Իսկ Սուքիասյան Խաչատուրը ֆինանսավորում էր: Հետեւաբար սա նաեւ օլիգարխների հեղափոխությունն էր, ո՜վ ՀՀ հպարտ քաղաքացի:

Թե՞ դու կարծում էիր, ամբողջը ինքնաբուխ է ու փողոցում միայն դու ես: Բա դու չէիր նկատո՞ւմ, որ «Եհովայի վկաներ» եւ «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպությունների տասնյակ հազարավոր անդամներ դուրս էին բերվել փողոց: Սա նաեւ աղանդավորների հեղափոխությունն էր, ո՜վ ՀՀ հպարտ քաղաքացի:

Սա Նիկոլի պապաների, ՀՀԿ-ի դավաճանների, օլիգարխների, աղանդավորների պալատական հեղաշրջումն էր, իսկ դու այստեղ ընդամենը օգտագործվեցիր, ո՜վ ՀՀ հպարտ քաղաքացի: Քեզ նորից խաբեցին:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА