ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Միգուցե ես ամենաճիշտը չեմ». Սերգեյ Բագրատյան

13.06.2018 08:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Միգուցե ես ամենաճիշտը չեմ». Սերգեյ Բագրատյան

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ ժամը 14:00-ին, ամենայն հավանականությամբ, Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով վերջնական վճիռ կկայացնի: Նշենք, որ Ժ. Սեֆիլյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու անձնական երաշխավորությամբ հանդես են եկել Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության մի շարք պատգամավորներ եւ ԱԺ «Ելք» խմբակցության ՔՊ-ական պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Իսկ թե ինչո՞ւ հենց հիմա պատգամավորները հիշեցին Ժ. Սեֆիլյանին եւ միջնորդությամբ հանդես եկան, «Իրավունքը» պարզեց երաշխավորագիրը ստորագրածներից ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ տեսակետը:

«Սասուն Միքայելյանն իմ մարտական ընկերն է, բայց իր ասածը միանշանակ սխալ է»

– Ցանկացած նման խնդրի ժամանակ եւս մեկ անգամ սկսում ես մտածել դրա շուրջ, երբ ինչ-որ մի խումբ, ինչ-որ մի անհատ սկսում է կազմակերպել համապատասխան գործողություն եւ քեզ էլ առաջարկում են միանալ: Ժողովրդի մեջ խոսակցության առիթ է լինում նաեւ այն, որ եթե քեզ չեն դիմում, իրավունք չունես միջամտելու, որովհետեւ այդ միջամտությունը անհարկի է: Օրինակ, ընդունենք, թե Ժիրայր Սեֆիլյանը չի ցանկանում, որ խափանման միջոցը փոխվի: Բայց երբ արդեն ձեւավորվում է փաստաբանի, այլ մարդկանց կողմից որոշակի նախաձեռնություն, ովքեր տիրապետոում են խնդրին խորությամբ եւ դիմում են պատգամավորներին, այդ դեպքում պետք է ծանոթանալ գործին եւ որոշել՝ միանում ես ստորագրահավաքին, թե` ոչ: Կոնկրետ այս դեպքում, երբ սիրո եւ համերաշխության հեղափոխություն ենք իրականացրել համազգային շարժման արդյունքում, կարծես թե, ժամանակն է որոշակի խնդիրներ վերարժեւորելու, որովհետեւ տվյալ դեպքում պայքարը եղել է նախկին ռեժիմի դեմ: Եվ երբ հիմա նայում ենք, որ անցած ռեժիմի դեմ պայքարողը գտնվում է անազատության մեջ, կարծում եմ՝ առնվազն մարդասիրությունից ելնելով պետք է ստորագրեինք, որ կալանքը փոխվի: Այստեղ խոսքը քաղաքական մարդու մասին է, իսկ նման մարդիկ երբեք չեն խուսափում հանրային պարտավորություններից: Մարդիկ երկար ժամանակ կալանավորված են եղել եւ այսօր ազատության մեջ լինելով՝ կարող է շարունակվի քննությունը: Ամենեւին ցանկություն չունենք միջամտելու քննության ընթացքին, մեր ստորագրությունը որեւէ նման բան չի նշանակում:

- Դուք երաշխավորագիր էիք ստորագրել նաեւ մամուլի կողմից քրեական հեղինակություն որակված Նորատուսցի Ալիկ մականվամբ հայտնի Ալիկ Բանդուրյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ: Այս դեպքո՞ւմ էլ էիք դիտարկում, որ նա քաղաքական մարդ է:

–– Ալիկի դեպքում, իսկապես, քաղաքական ենթատեքստ կա: Ծանոթ չլինելով Ալիկին՝ ծանոթ եմ եղել իսկզբանե այն երեւույթին, թե ինչպես հասարակությունը նման մարդկանց կարող է հանցագործ դարձնել: Այսինքն` մենք պետք է ճիշտ հասկանանք, որ կան մարդիկ, որոնք անուղղելի են, եւ այդ մարդիկ որակվում են որպես հանցագործներ, ու նրանք բոլոր հասարակություններում եղել են ու կան: Բայց շատ մարդիկ կան, ովքեր ավտորիտար ռեժիմի  ժամանակ, հենց իրենց ազատատենչության արդյունքում դառնում են հանցագործներ: Եվ մեր բարոյական կարեւոր պարտքն է ժողովրդավարական արժեքների վերարժեւորման ընթացքում վերադաստիարակման հնարավորություն տալ նրանց: Որեւէ մեկը հանցագործ չի ծնվում,  եթե գենետիկորեն այդպիսին չէ, թեպետ նույնիսկ սա է վիճելի եւ ցանկացած իրավիճակում մեր պարտքն է մարդուն ուղղել, մարդասիրության մղել եւ դրական հատկանիշներով առաջնորդել: Վերադառնալով Ձեր հարցին՝ ասեմ, որ ինչքան տեղյակ եմ, իր դժբախտությունները կապված են եղել ռեժիմի գործիքակազմի հետ: Համապատասխան օրենքով սահմանված պատիժը հանցագործը չի կրել եւ արդյունքում դուրս են եկել մարդիկ Լինչի դատաստանի, որի հետեւանքով դարձել են հանցագործներ: Եվ այստեղ ավելի մեղավոր չէ՞ այն ռեժիմը, որը դարձրեց նրան այդպիսին, թե՞ տվյալ անձն է մեղավոր, որը գուցե չհաշտվեց այն իրողության հետ, որ հանցագործը կարող է ազատության մեջ շրջել՝ ընդամենը համապատասխան կաշառք տալով: Այդ դեպքում ոչ բոլոր մարդիկ են կարողանում համարժեք ընդունել մարտահրավերը, որովհետեւ չեն հաշտվում այն իրականության հետ, որ կյանքն անարդար է եւ պայքարում են դրա դեմ: Եվ ես, մանավանդ իմանալով, որ հիվանդ է եւ բժշկի կարիք ունի , որպես ՀՀ քաղաքացի, իմ բարոյական պարտքն եմ համարել անել մարդասիրական քայլ: Միգուցե ես ամենաճիշտը չեմ, բայց համոզված եմ, որ սա ճիշտ ճանապարհ է դեպի մարդասիրության, այլ ոչ թե մարդատյացություն:

Տարբեր ուժեր փորձում են ազատամարտիկներին վերահսկողության տակ վերցնել

- Իսկ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ինչպե՞ս է վերաբերում, որ իր թիմակիցները երաշխավորագրեր են ստորագրում թե՛ Ժիրայր Սեֆիլյանի, թե՛ Նորատուսցի Ալիկի համար:

– Պարոն Ծառուկյանը երկու դեպքում էլ չի արձագանքել, նման դեպքում միշտ փորձում է չմիջամտել, որ դու կարողանաս պաշտպանել քո տեսակետը՝  քո խղճով ու համոզմունքով առաջնորդվես, եւ մենք շնորհակալ ենք, որ նման մոտեցում կա մեր քաղաքական առաջնորդի կողմից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ս. Բագրատյանի հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА