ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ «ՊՂԾԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

30.05.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ «ՊՂԾԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

Անշուշտ, հանրության վրա ամենացնցող տպավորությունը թողել էր այն, որ սըր Էլթոն Ջոնի եւ նրա «ամուսնու» ժամանման գործընթացում կտրուկ ակտիվացավ, այսպես կոչված, «ԼԳԲՏ իրավունքների» թեման: Ընդ որում, այնպիսի դոզայով, որ հանրությունը «մշակութաբանական» շոկ ապրեց:

ԵՐԿՐԻ ԿՐԿԵՍԱՑՈՒՄԸ ՄՏՆՈՒՄ Է ԿՏՐՈՒԿ ԱՐԱԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ

 

ԻՆՉՈ՞Ւ ՀԻՄԱ ԵՎ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ

Ի դեպ, Էլթոն Ջոնի պերճախոս լուսանկարներն ու տեսանյութերը նախագահ Սարգսյանի եւ վարչապետ Փաշինյանի հետ, գումարած նաեւ` երգչի կողմից ԼԳԲՏ անսքող քարոզչությունը, որի հետեւանքով ֆեյսբուքյան օգտատերերի մի մասը նրան արդեն կնքել են «սատանայի դեսպան», իր ամբողջ տհաճությունով հանդերձ, ամենեւին էլ միակ հակազդային դրսեւորումը չէր: Ոչ հաճելի նստվածք է թողել եւ վարչապետի ելույթը Առաջին հանրապետության 100-ամյակին, ուր խնամքով շրջանցվել էր Ղարաքիլիսայի ճակատամարտը եւ Գարեգին Նժդեհի անունը: Գումարած դրան, վարչապետն արտահայտեց այնպիսի միտք, իբր 1918-ին հայերն առաջին անգամ հպատակից վերածվեցին քաղաքացու, «մոռանալով» Հայոց պետականության բազմահազարամյա պատմությունը` իր բազում թագավորություններով եւ մշտապես աշխարհից թերեւս ամենաառաջադեմ օրենսդրությամբ: Եթե դրան գումարում ես ԱԽՔ Արմեն Գրիգորյանի եւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի զազրելի հարձակումները «Ազգ-բանակ» հայեցակարգի դեմ, ինչպես նաեւ Սարդարապատում յարխուշտայի փոխարեն «Կալինկա» պարելու պես տարակուսելի դետալը, ապա ուրվագծվում է ազգային արժեհամակարգի դեմ կատաղի գրոհի պատկերը: Սակայն հարց է առաջանում` ինչո՞ւ այդպիսի տեմպերով: Չէ՞ որ անընդունելին քայլ առ քայլ օրենք դարձնելու «Օվերթոնի պատուհանի» տեխնոլոգիան ենթադրում է աստիճանական քայլեր այնպիսի տեմպով, որ հանրությունը չհասցնի ուշքի գալ եւ կռահել, թե ինչ  է կատարվում: Առավել եւս, արագացված գրոհը էլ ավելի հղի է ընդվզումով այն իրավիճակում, երբ հետհեղափոխական շրջանում դեռեւս չի մարել զանգվածների էներգետիկան: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանին զորակցած զանգվածի մի մասը հասցրեց այդ ամենից դառը հիասթափություն ապրել: Շատերը իրենք իրենց հարց են տալիս` մի՞թե սրա համար էինք պայքարում, սոցիալական ցանցերում սկսել են շրջանառվել նկարներ, ուր նիկոլական «պայքարական» սիմվոլիկան զուգակցվում է ԼԳԲՏ ծիածանագույնի հետ: Ավելին, բանը հասել է նրան, որ «Սասնա ծռերի» ֆանատների մի մասն անգամ «ծիածանագույն» նոր իրողությունների առնչությամբ արդեն սկսել են կարոտախտով հիշել Սերժ Սարգսյանին...

Այսպես ասած, կոնսպիրոլոգիայի տեսակետից այդ արագ տեմպերին բացատրություններ կան: Առաջին «թաքնագիտական» վարկածն այն է, որ աշխարհի ստվերային հզորները ու, մասնավորապես, Բրիտանական թագավորական տունը ծրագրում են հետագայում Եվրոպայում իրականացնել կոնսերվատիվ հեղափոխություններ եւ իշխանության բերել ազգայնական վարչակարգեր: Եվ այդ տեսանկյունից Հայաստանում պարզապես փորձարկում է կատարվում` իրագործելու կոնսերվատիվ հեղափոխություն, եւ դեռեւս բարձր էներգետիկա ունեցող զանգվածներին ամենազազրելի բաները մեծ դոզայով մատուցելը կոչված է հրահրելու այդպիսի ընդվզում: Առավել եւս, որ ըստ հեղինակավոր կենտրոնների հետ հետազոտությունների` Հայաստանում բնակիչների 97 տոկոսը մերժում են «ծիածանագույնը»: Մյուս «թաքնագիտական» վարկածը ավելի կոպիտ է` որ տարածաշրջանում ու, մասնավորապես, Արցախի ուղղությամբ պատրաստվում են իրականացնել հայոց համար անընդունելի սցենարներ, եւ այդ բոլոր զզվելի ցուցադրական խաղերը կոչված են հանրության ուշադրությունը շեղելու արտաքին վտանգից եւ զբաղեցնելու «հակասոդոմական» պայքարով: Սակայն այդ ամենում հնարավոր են եւ ավելի պրոզայիկ պահեր: Առաջինը` որ սոցցանցերի մոնիթորինգով այսպիսի զազրելի սադրանքից հետո մեկ առ մեկ հայտնաբերել  եւ հաշվառել դիմադրության ներուժ ունեցողներին: Եվ երկրորդը` բավականին նման է, որ աշխարհի հզորները ամենեւին էլ Նիկոլ Փաշինյանի թիմին չէ, որ տեսնում են ապագայում Հայաստանի ղեկին:

 

«ԵՎՐԱՀՈԳՆԱ» ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզզեպե Գալատին ու Յուլիա Լովոչկինան, ովքեր մայիսի 23-ից 25-ը Հայաստանում էին փաստահավաք այցով, հանդես են եկել հայտարարությամբ: Բազում հաճոյախոսություններ շռայլելով հանդերձ «թավշյա հեղափոխության», քաղաքական ուժերի զսպվածության, եվ այլն, եւ այլնի վերաբերյալ, այնուամենայնիվ, հայտարարել են բաներ, որոնք ակնհայտորեն զսպում են ԱԺ արտահերթ ընտրությունների ձգտող բոլոր խաղացողներին, առաջին հերթին «Ելքին» ու «Ելքից» ավելի «տերվռազ» ԲՀԿ-ին: Այսպես, համազեկուցողները նշել են երկրում խորը եւ արագ բարեփոխումների խիստ բարձր ակնկալիքները` դրված ժողովրդի կողմից նոր իշխանությունների առաջ: Այս համատեքստում համազեկուցողներն ընդգծում են, որ ներառական կառավարության նշանակումն ու նոր վարչապետի հստակ մտադրությունը` ստեղծել կայուն ու ժողովրդավարական միջավայր, ստեղծել են անհրաժեշտ պայմաններ ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության ու երկրի ազգային անվտանգության համար: Դե, իսկ եթե հաշվի առնենք, թե ընտրական օրենսդրության առումով ինչպիսի չհամընկնող շահեր ունեն «Ելքը», ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն, ապա ստացվում է, որ «եվրաստանդարտներին» համապատասխանող արտահերթ ընտրությունները կլինեն կամ շատ ուշ, կամ ընդհանրապես չեն լինի, քանզի ընտրական օրենսդրության շուրջ կոնսենսուսը դժվար է պատկերացնել: Անշուշտ, առաջին հերթին դա ոչ հաճելի նորություն է ԲՀԿ-ի համար, որին  ձեռք է տալիս «ինչքան շուտ, այնքան լավ» տարբերակը, քանզի այդ դեպքում ֆինանսական եւ գործադիր լծակների համակցումով ԱԺ մեծամասնությունը նվաճելու շանս են ստանում: Բայց կա նաեւ հետեւյալը` ժամանակի ընթացքում Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկման գործոնը: Իսկ այն, ինչ տեղի է ունենում հանրային տրամադրություններում «ծիածանագույն» վերջին խաղերի կապակցությամբ, միայն արագացնում է Փաշինյանի վարչակարգի վարկանիշի անկումը, այն էլ` կտրուկ: Դրա ֆոնի վրա նույնիսկ աննկատելի է դառնում որոշ պատանի նախարարների արդեն անեկդոտի աստիճանի հասնող անգրագիտությունը, մանր քինախնդրության` հասուն մարդուն ոչ արժան դրսեւորումները ու այլ անհասկանալի քայլերը: Ի դեպ, համազեկուցողները մի նոր, վարկանիշը քանդուքար անող «սյուրպրիզ» են պատրաստել Փաշինյանի վարչակարգի համար. «Համազեկուցողները ողջունում են նոր իշխանությունների ցանկությունը` շարունակել երկրում մարդու իրավունքների հետ կապված օրենսդրության շարունակությունն ու խորացումը: Այս առումով համազեկուցողները հույս են հայտնում, որ խտրականության դեմ պայքարի օրենքը կընդունվի, ինչպես նաեւ Ստամբուլի ու Լանզարոտի կոնվենցիաների վավերացումը շուտով կլինի Ազգային ժողովի օրակարգում»: Այդ կոնվենցիաները հենց «ծիածանագույն» եւ ընտանիքաքանդ դրույթներին են վերաբերում` այն ամենին, ինչը կտրականապես մերժելի է ՀՀ քաղաքացիների համար: Կարելի է պատկերացնել, թե նշյալ կոնվենցիաները ԱԺ բերելով, ինչքան կվարկաբեկվի կառավարությունը, եւ ինչպիսի հաճույքով ընդդիմադիր ՀՀԿ-ն դա ջարդուխուրդ կանի: Եվ, ի դեպ, այդ նույն եվրոպացիները հայտարարության տեքստում նաեւ սաստում են նիկոլականներին` «թավշյա տեռորի» առումով: Նրանք կրկնել են իրենց մտահոգությունը սոցիալական ցանցերում նախկին իշխանության նկատմամբ շրջանառվող «ատելության խոսքի» կապակցությամբ: Ասել կուզե` չեն պատրաստվում զորակցել Փաշինյանի վարչակարգին` ընդդիմության հանդեպ բիրտ ճնշումների կամ բռնության կիրառման հարցում: Ըստ էության, ստացվում է, որ Փաշինյանի հեղափոխական վարչակարգը շատ մոտ է հեղափոխական թակարդում հայտնվելուն: Ու թեեւ հանրության մի մասը փորձում է ինքն իրեն խաբել` ակնհայտ փաստերը կատաղիորեն ներկայացնելով որպես կեղծիք, սակայն այդ թմբիրը երկար տեւել չի կարող: Եվ արտահերթ ընտրություններ կարող են եւ չլինել, իսկ լինելու դեպքում` չարդարացնել այդպես էլ կոալիցիա չկազմող «Ելքի» ու ԲՀԿ-ի սպասելիքները, ինչպես առանձին-առանձին, այնպես էլ` միասին:

ԵՐԲ ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐԸ ԹՌՉՈՒՄ ԵՆ, ԿԱՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆԱՔԱՆԴՈՒԹՅՈՒՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА