ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԱՎՇԱԿՐՈՆՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՐԳ

16.05.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹԱՎՇԱԿՐՈՆՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՐԳ

Նիկոլ Փաշինյանի կազմած կառավարությունը, եթե դիտարկենք պարտադրված քաղաքական փոխզիջումներից անջատ, կարելի է բնութագրել դրա գաղափարախոսությունը ներկայացնող նոր եզրույթով` թավշակրոններ: Յուրային թիմից նախարարական պաշտոնների նշանակված կադրերը թեեւ շատերի կողմից համարվում են լիբերալներ, սակայն դա դասական լիբերալիզմ չէ, քանզի լիբերալիզմին այդտեղ գումարված է մոլի առաջնորդապաշտությունը եւ պոպուլիզմի հսկայական չափաքանակը: Այդ պատճառով ընտրեցինք «թավշակրոն» եզրույթը, քանզի այդ մարդիկ թեեւ շատ հարցերում դեռեւս չգիտեն, թե իրենք ինչ են, սակայն գիտեն, թե հաստատապես ինչ չեն ուզում լինել: Իսկ չեն ուզում լինել ցեղակրոն:

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՐԱՑՈՂՆԵՐԸ, «ՋԱՐԴՈՂ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ» ԵՎ ԱՅԼՔ

 

ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ԹԻՄԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Առաջինը, ինչ աչքի է զարնում մաքուր նիկոլական կազմում` հանրային կյանքի ռազմականացման, «Ազգ-բանակ» հայեցակարգի ժխտման ցանկությունն է: Պատահական չէ, որ նորանշանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն առաջնահերթ հայտարարեց, որ հետ է կանչվելու դպրոցական ռազմահայրենասիրական դաստիարակության նախագիծը: Վիգեն Սարգսյանի իրականացրած բարեփոխումներին սակայն իրենք դեռեւս դիպչել չեն կարող, քանզի օրենսդիր մարմնում ի վիճակի չեն ապահովել քվեների բավարար քանակ: Բացի այդ, բնազդի մակարդակով նստած ողջախոհությունը հուշում է, որ առավել անվտանգ է պացիֆիստական փիլոյաբանություններով զբաղվել այն պայմաններում, երբ երկրի անվտանգությունն ապահովված է լիովին այլ, ազգի կենսական շահից եւ տարածաշրջանի առանձնահատկություններից բխող գաղափարական հենքի վրա: Հենց նաեւ դա էր պատճառը,  թե ինչու թավշյա հեղափոխության հաղթանակից հետո ուժային բլոկը եւ արտաքին գերատեսչությունը նրանք գերադասեցին ամենեւին էլ չհեղափոխել: Եվ արդյունքում, ելնելով ինչպես ուժերի ռեալ դասավորությունից, այնպես էլ վերը հիշատակված բնազդային ողջախոհությունից, ուժային բլոկը մնաց փաստացի որպես ՀՀԿ-ի ազդեցության տիրույթ: Դե, իսկ իրենց թիմին բաժին հասած ոլորտներում առանձնապես ռեալ լծակներ չկան: Ճիշտ է, կրթության եւ մշակույթի բնագավառում իրենք կարող են երկարաժամկետ կտրվածքով աստիճանաբար իրականացնել թավշակրոնական փոփոխություններ, դա որոշ չափով հնարավոր է նաեւ ՀՀ արդարադատության նախարարության մակարդակով, սակայն հաստատ ոչ ավելին, այլ նույնիսկ պակաս, քան կարողանում էր անել նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: Թավշակրոնության ներկայացուցիչ նախկին նախարարին զսպող հանգամանքը լիիշխան ՀՀԿ-ն էր, որը, սակայն կաշկանդված էր տարատեսակ միջազգային պարտավորությունների շրջանակներով: Հիմա նույն ՀՀԿ-ն լինելով ընդդիմադիր, բայց միաժամանակ պահպանելով ԱԺ մեծամասնությունը, արդեն չունի այդ կաշկանդող հանգամանքը եւ ի զորու է հենց ազգային պահպանողական գաղափարախոսության տեսանկյունից արգելափակել տարատեսակ թավշակրոնական օրենսդրական նախաձեռնությունները: Եվ դրան գումարվում է նաեւ նախարար Արտակ Զեյնալյանի` ազատամարտիկի անցյալը, որն այնքան էլ հեշտ չէ մի կողմ դնել...

Ինչեւէ, «Ելք» դաշինքի տիրապետության տակ անցած ոլորտների վերաբերյալ նաեւ այսպիսի թեւավոր խոսք է շրջանառվում` ավելի լավ է այդ նախարարները ոչ մի բան չանեն եւ բավարարվեն զուտ մեծ-մեծ խոսելով, քանզի դրանով գոնե վնաս չեն հասցնի: Ի դեպ, հենց իրենց ոլորտների ներսում բավականին հետաքրքիր պահեր կան: Այսպես, պարտադիր կուտակայինի դեմ մշտապես ճակատամարտող Մանե Թանդիլյանը այժմ ինքն է բախվելու թոշակները վճարելու խնդրին, եւ ինչ-որ տեղ ստացվելու է, որ ժամանակին ինքն է հասցրել կտրել այն ճյուղը, որի վրա այժմ նստած է:

ՔԱՆԻ՞ ՏԻՐՈՋ ԾԱՌԱ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԿԱՐԵՎՈՐ ԴԻՐՔԵՐԸ` ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ԲԱԺԻՆ

Նիկոլ Փաշինյանի վարչակարգի ամենաթույլ կետը Գագիկ Ծառուկյանի հետ կնքած ժամանակավոր դաշինքն է, քանզի այդ դաշինքի բուն իսկ գոյությունը դատարկ խոսքի է վերածում օլիգարխիկ համակարգը վերացնելու վերաբերյալ բոլոր խոստումները: Դա ձեռքի հետ թուլացնում է եւ մարտիմեկյան ողբերգության լրիվ բացահայտման խոստումը, քանզի 2008-ի հուզումները ճնշելու գործում բավականին զգալի էր օլիգարխների թիկնազորի դերը: Սակայն դրանից էլ էական պահ կա: ԲՀԿ-ի  բաժին են դառել մեկ փոխվարչապետի եւ չորս նախարարների պաշտոնները: Ընդ որում, խոսքը կարեւոր նախարարությունների մասին է: Եթե անտեսենք 5-րդ անիվի դեր խաղացող Սպորտի եւ երիտասարդության նախարարությունը, ապա Էներգետիկայի եւ Տրանսպորտի ու կապի նախարարությունները իրենք իրենցով վիթխարի տնտեսական ռեսուրս են, իսկ ԱԻՆ-ը գրեթե ուժային կառույց է, որը կարող է նաեւ օգտագործվել որպես ճնշման լծակ` այս կամ այն տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ: Գումարած դրան, նույն ԲՀԿ-ն նախարարական պաշտոններ տրամադրել է այնպիսի անձանց, ովքեր, մեղմ ասած, հանրային համակրանքի միավորներով չեն ապահովելու Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Դրան գումարվում է նաեւ այն հանգամանքը, որ Ծառուկյան դաշինքը ամենեւին էլ չի շտապում քաղաքական առումով կիսել պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի թիմի հետ: Մյուս ժամանակավոր դաշնակիցը` ՀՅԴ-ն, դեռ Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից ընկալվում է  որպես «ռեժիմի մաս», եւ ՀՅԴ-ն որպես կուսակցություն, այդ կառավարությանը վստահության միավորներ բերել չի կարող: Ամենեւին էլ հաջողակ նախարար չհամարվող Արծվիկ Մինասյանը որեւէ դրական բան Նիկոլ Փաշինյանի վարչակարգին բերել չի կարող, իսկ գյուղատնտեսական ոլորտը ՀՅԴ-ի հսկողության տակ փոխանցելը նշանակում է տնտեսական շատ կարեւոր լծակ այդ կուսակցության բաժին դարձնել: Այդ ամենին  գումարվում են եւ այլ դժվարություններ: Թավշակրոնները որեւէ լծակ ու հնարավորություն չունեն փոխելու ո՛չ գլխավոր դատախազին, ո՛չ Դատական  խորհուրդը, եւ ընդհանրապես դատական համակարգը, ո՛չ էլ Սահմանադրական դատարանը, գործնականում նրանց անհասանելի են Կենտրոնական բանկը, Հեռուստառադիոխորհուրդը, տարատեսակ անկախ հանձնաժողովները: Դա պայմանավորված է ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ ԱԺ-ում մեծամասնություն չունենալով:

«...ԶԻ ԵՐԿՐԻԴ ԻՇԽԱՆԱՒՈՐՔ ՄԱՆՈՒԿ ԵՆ»

 

ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ

Ինքը` Նիկոլ Փաշինյանը, իր կարեւորագույն հեղափոխական կետերից մեկի` արտահերթ ընտրությունների մասին արտահայտվել է այնպես, թե դա կլինի մեկ տարվա ընթացքում: Սակայն այդտեղ շատ բան առնչվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ: Անհապաղ արտահերթ ընտրություններն այս պահին առավել քան ձեռնտու են ԲՀԿ-ին, քանզի գործադիրում այդ կուսակցությունն ունի կարեւորագույն լծակները` ի դեմս իր տիրապետած նախարարությունների, գումարած նաեւ ընտրողների քվեները ծախու ապրանքի դիտակետից ընկալելու առավել քան ռեալ ռեսուրսներ: Սակայն ոչ Նիկոլ Փաշինյանի թիմին, ոչ էլ ՀՀԿ-ին հենց այս պահին արտահերթ ընտրությունները ձեռնտու չեն: Թեեւ դրդապատճառները տարբեր են, սակայն դժվար է նաեւ պատկերացնել, որ թավշակրոններն ու ՀՀԿ-ն Ընտրական օրենսգրքի շուրջ գան ընդհանուր հայտարարի: Այլ հարց է կառավարության ծրագիրը: Հարկ է հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանի` որպես վարչապետի թեկնածուի, ե՛ւ մայիսի 1-ի, ե՛ւ մայիսի 8-ի ելույթները գրեթե ամբողջովին բաղկացած էին ՀՀԿ-ի վերաշարադրված ծրագրից, որին համեմունքի տեղ ավելացված էր պոպուլիզմը եւ պաթոսը: Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանի թավշակրոն թիմը այլ ճար չունի, քան ներկայացնել ՀՀԿ-ի համար ընդունելի կառավարության ծրագիր: Քանզի ծրագիրն ընդունելու ժամանակ չի կարող հույսը դնել ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ էլ ՀՅԴ-ի վրա, ու ՀՀԿ-ից նրան կպահանջվի ամենեւին էլ ոչ 10 կամ 13 քվե, այլ էապես ավելի շատ: Արդյունքում կարող է ստացվել, որ արտահերթ ընտրություններ այդպես էլ չլինեն, ընտրությունները մնան 2022-ի բաժին, իսկ թե մինչեւ այդ արդյոք թավշակրոնները կգերադասեն մնալ փոքրամասնության կառավարություն, թե կհրաժարվեն գործադիր լծակներից, դժվար է ասել: Ինչեւէ, այժմյան դարաշրջանում քաղաքական գործընթացները զգալիորեն տարբերվում են այն դասական սխեմաներից, որ նկարագրված են հիմնականում 19-րդ եւ 20-րդ դարերում գրված քաղաքագիտական դասագրքերում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА