o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պայքարելով կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ` խաղի կանոն է փոխվում»

21.05.2016 00:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Պայքարելով կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ` խաղի կանոն է փոխվում»

Ազգային ժողովի հերթական քառօրյան կրկին աչքի ընկավ որոշ ընդդիմադիր գործիչների պաթետիկ ու մտահոգ հայտարարություններով: Մասնավորապես` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ամենաընդդիմադիրները շտապեցին խոսել կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարի անհրաժեշտության մասին: Այս ամենը կարելի էր համարել լուրջ, եթե ժամանակին նույն այդ գործիչները մերժած չլինեին գործադիրի կողմից ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մաս կազմելու առաջարկը: Հիշեցնենք, որ ընդդիմադիր կուսակցություններից, այդ թվում նաեւ` նախկին ընդդիմադիր ՀՅԴ-ից, միայն «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միացավ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին, ինչի վերաբերյալ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ հետ:

​​​​​​​«Կառավարությունն ընդամենը մեկ գիշերվա ընթացքում կարող է կորցնել ժողովրդային աջակցությունն ու իշխանությունը»

«ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՐՑ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ, ՈՉ ԹԵ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՅԴ ՊԱՅՔԱՐԻՆ»

Պարոն Մելքումյան, որքանո՞վ է այսօր արդարացված ձեր գործընկեր ընդդիմադիրների` Ազգային ժողովում աղմկելը կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի մասին, երբ նրանք ժամանակին մերժեցին մաս կազմել այդ պայքարին:

– Նրանք, ուղղակի, այն ժամանակ չմասնակցեցին այդ ձեւաչափին ու այսօր էլ ընդամենը հարց են բարձրացնում, ոչ թե մասնակցում են այդ պայքարին: Չեմ ուզում մեկնաբանել այլ ուժերի քայլերը... Քաղաքական ուժեր կային, որ ասում էին, թե պայքարը պետք է օրենքով լինի: Այսինքն` օրենք պետք է ընդունենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին, պետք է ասեմ, որ, համենայնդեպս, ես ընդամենը մեկ անգամ եմ մասնակցել դրան: Իսկ փետրվարի 16-ին գրել եմ 10 կետից բաղկացած առաջարկ, որոնք գտել եմ նպատակահարմար եւ բազմիցս քաղաքական ամբիոնից հայտարարել եմ այդ կետերի մասին, այդ թվում` եւ մենաշնորհների: Եվ այն, ինչ օրեր առաջ հայտարարեց ՀՀ վարչապետը, մեծամասամբ համընկնում է իմ նշած կետերի հետ: Կարծում եմ, որ քաղաքական կամք է պետք դրսեւորել, ինչը հայտարարում ենք, մնում է դրանից հետո այն իրականացվի եւ իրացվի: Իսկ կա՞ այսօր այդ քաղաքական կամքը, որ իրացվի, սա պետք է հասկանալ: Կոնկրետ օրինակ բերեմ. եթե ասում ենք մենաշնորհների դեմ պայքար, պետք է նկարագրենք ու հասցեն տանք, թե որտեղ է այդ մենաշնորհը, կամ եթե մենաշնորհ չէ, այլ երկու-երեք սուբյեկտ է միշտ գործում, պետք է հասկանանք, թե ինչու 4-րդ կամ 5-րդը չի հայտնվում այդտեղ:

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՐԶ ԼԵԶՎՈՎ ԽՈՍԻ ՏՆՏԵՍՎԱՐՈՂԻ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ»

Հենց այդ մասին հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ընդգծելով, որ հիմա յուրաքանչյուր գործարար, ով ցանկություն ունի զբաղվել որեւէ բիզնեսով, կարող է զբաղվել: Եվ որեւէ գերատեսչության կողմից որեւէ մեկի նկատմամբ չի լինելու առաձնահատուկ վերաբերմունք, այլ լինելու են հավասար պայմաններ, ու բոլորը պետք է լինեն հավասար հարկային դաշտում: Ի՞նչ կասեք այս մասին:

– Սա նշանակում է, որ ինչ-որ տեղ կառավարությունն ընդունեց, որ շուկան մինչեւ այդ ազատ չի եղել: Այլապես կասեին միշտ էլ ազատ է եղել, ով ուզում էր թող գար ու հիմա էլ թող գա, ոչ թե կասեին, որ այսուհետ ով ուզում է` թող զբաղվի բիզնեսով: Իսկ եթե շուկան ազատ չի եղել, ուրեմն` ի՞նչ է եղել, այս մասին մենք պետք է ախտորոշում տանք: Փաստորեն, ինչ-որ ճնշում է եղել, կամ արգելք, որը չգիտենք: Իսկ մինչ չասենք, թե ինչ է եղել, չենք կարող խնդիրը լուծել: Պետք է եղածին գնահատական տալ, չէ որ երբ հիվանդություն է լինում, նախ ախտորոշում են, հետո նոր ասում են` վիրահատական, թե դեղորայքային բուժումով պետք է առաջ շարժվենք: Հիմա, որ ասում ենք բոլորը կարող են բենզին բերել կամ շաքարավազ, այսինքն` ստացվում է, որ մինչեւ այդ չէի՞ն կարող:

​​​​​​​«Հանգիստ սթրվեք տեղներդ». Միհրան Հակոբյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Այնուամենայնիվ, այս ամենը հասկանալու համար, ավելի ճիշտ ճանապարհն այն չէ՞ր, որ նույն ընդդիմադիր գործիչները մասնակցեին կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստերին, քան թե բավարարվեին ի տես լրատվամիջոցների հայտարարություններով:

– Համագործակցության տարբեր ձեւաչափեր կան, պարտադիր չէ, որ անպայման խորհուրդ լինի անունը, որ գործի: Իսկապես, այդ մասին խոսեցինք ու շատ խոսեցինք, բայց խոսելու հետ միասին, պետք է նաեւ աշխատել եւ գրագետ աշխատել: Ես 50/50 կգնահատեի այս գործընթացի հետագա արդյունավետությունը, որովհետեւ մարդիկ տարիներ շարունակ սովորել են, որ տնտեսվարելը, բիզնես անելը, տնտեսական գործընթացներին մասնակցելը ինչ-որ մի ոճով ու տրամաբանությանբ պետք է արվի, իսկ հիմա մենք դա փոխում ենք: Ուստի` բնական հարց է առաջանում` այդ մարդիկ այլեւս տեսնո՞ւմ են իրենց տեղը բիզնեսում, թե՞ փոխվում են խաղի կանոնները: Վերջիվերջո, պայքարելով կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ` խաղի կանոն է փոխվում, դրանք ազատականացվում են: Բայց արդյոք կառուցվածքը փոփոխելով` ինչ-որ բան կփոխվի, թե՞ հակառակը` կզարգանան նմանատիպ երեւույթները: Կամ միգուցե պետք է հիմնահատակ փլենք այն, ինչը կա եւ նո՞րը կառուցենք: Չմոռանանք, որ տարիների ընթացքում եղել ենք այդ երեւույթների կրողները: Ընդ որում, կրողները ոչ թե մարդիկ են եղել, այլ պետական ինստիտուտներ: Հիմա դրանք միայն բիզնես է եղել, թե քաղաքականությանը մոտ որոշումներ, պետք է պարզել: Ընդհանրապես, իշխանությունը պետք է պարզ լեզվով խոսի տնտեսվարողների եւ ժողովրդի հետ: Հիմա պետք է շատ արագ եւ ավելի համակարգային հարցերին մոտենալ ու հայտարարելուն զուգահեռ գործ անել եւ ցույց տալ արածը: Իսկ որպեսզի ցույց տաս, պիտի համեմատես այսօրվա վիճակի հետ: Այնպես չէ, որ կարող ենք ձեւ անել, թե ոչինչ չի եղել, ու շարժվենք առաջ, այդպես չի լինում:

«ԹԵԿՈՒԶ ՈՉ ՄԵԾ, ԲԱՅՑ ՔԱՅԼ ԱՌԱՋ Է»

Ի դեպ, կառավարությունում հայտարարություններին արդեն իսկ հաջորդել են գործնական քայլերը: Վառ օրինակ այն, որ գործադիրում կրճատվել է մոտ 800 ծառայողական ավտոմեքենա:

– Այո, թեկուզ ոչ մեծ, բայց քայլ առաջ է: Գիտեք, տեղ կա, որ այդ մեքենան պետք է, իսկ տեղ կա, որ պետք է հասկանալ, թե ընդհանրապես ինչի համար է: Ցանկացած պետական ծախսերի կրճատում, որը ուռճացված ծախսերի հետեւանք է, պետք է բխի պետական ծառայությունների մատուցման արդյունավետության մոտեցումից: Այսինքն` այդ մեքենան, եթե աշխատանքի արդյունավետության վրա զրո ազդեցություն ունի, պետք է հանվի: Իսկ եթե տվյալ տեղում պետք է, ուրեմն` թող տասնապատկի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА