ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ենիգոմշյանի կենսագրությունը հակասությունների կծիկ է

29.06.2017 13:42 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ենիգոմշյանի կենսագրությունը հակասությունների կծիկ է

Շուրջ քսան օրից կլրանա մեկ տարին, ինչ մի խումբ զինյալներ գրավեցին ՊՊԾ գունդը՝ իրենց արարքը որակելով որպես ապստամբություն, իսկ օրեր անց իրավապահներին հանձնվելը՝ որպես ռազմական գերեվարություն: Հասկանալի է, որ այս գործողությունն իր վրա սևեռեց հասարակության ուշադրությունը՝ հանրային կարծիքը բաժանելով երկու մասի: Դրանցից առաջինը, որ միավորում էր ագրեսիվ փոքրամասնությանը, «Սասնա ծռերին» համարում է մերօրյա հերոսներ՝ դյուցազուններ, որոնք զենքը ձեռքին դուրս եկան ազգի իրավունքները սեփական երկրում պաշտպանելու համար: Երկրորդ մասի համար «Սասնա ծռերը» քրեական հանցագործներ են՝ մարդասպաններ, որոնք հայրենասիրության քողի տակ փորձում էին պետական հեղաշրջում իրականացնել, ընդ որում՝ դրա համար որպես գործիք օգտագործելով անզեն ժողովրդին: Բոլոր դիտարկումներով այս խումբը մեծամասնություն է, բայց պահվածքն ագրեսիվ չէ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը կեղծում է իր կենսագրությունը. AntiFake.am

Ըստ էության, թե՛ առաջին, թե՛ երկրորդ խումբն անհամբերությամբ սպասում էին «Սասնա ծռերի» գործով դատավարությանը՝ հույսով, որ հենց դատավարությունն ու դրա ընթացքում ի հայտ եկած հանգամանքները հնարավորություն կտան հիմնավորել սեփական տեսակետը: Գոնե առայժմ, սակայն, բուն դատավարությունը դրա հնարավորությունը չի տալիս, քանի որ իրենք՝ ամբաստանյալները, ամեն ինչ անում են դատավարական գործընթացը տապալելու համար: Ըստ որում, այս գործընթացում ներգրավված են բոլորը՝ թե ամբաստանյալները, թե՛ նրանց դատապաշտպանները, և թե՛ նրանք, որոնք հանդես են գալիս «Սասնա ծռերի» արտադատավարական խոսափողի դերում:

Ի դեպ, քանի որ խոսք եղավ «ծռերին» տեղեկատվական կամ, եթե կուզեք, քարոզչական դաշտում «օժանդակող խմբի» մասին, հարկ է նկատել, որ այն, ճիշտ է, այնքան էլ մեծ չէ, սակայն ինչ-որ առումով առեղծվածային է, քանի որ նախ այնքան էլ հասկանալի չէ, թե ով ի՞նչ գործառույթ ունի և, բացի դրանից, քիչ թե շատ երևացող անձանց միավորում է մեկ հիմնական հատկանիշ՝ նրանց մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Մասնավորապես, Ալեք Ենիգոմշյանը, որը 2016 թվականի հուլիսի 27-ին ձերբակալվեց ի պաշտպանություն «Սասնա ծռերի» ցույցեր կազմակերպելու մեղադրանքով, սակայն հետագայում ազատ արձակվեց, թերևս, եղածներից ամենահանելուկային կերպարներից է: Ըստ որում, եթե համեմատում ենք նրա պաշտոնական կենսագրությունը իրականության հետ, պարզ է դառնում, որ տարօրինակ ոչինչ չկա Ենիգոմշյանի՝ սեփական կյանքը կողմնակի աչքերից թաքցնելու մեջ:

Խնդիրն այն է, որ Ալեք Ենիգոմշյանի կենսագրությունը հակասությունների կծիկ է և այդ իսկ պատճառով թե՛ նա, թե՛ նրա մերձավորագույն շրջապատը աշխատում են հասարակությանը ներկայանալ միայն այն գեղեցիկ փաթեթով, որը տարիներ շարունակ ներկայացվել է որպես միակ ճշմարտություն: Օրինակ, հայտնի փաստ է, որ Ենիգոմշյանը տեսողությունից և ձախ ձեռքից զրկվել է Շվեյցարիայում, երբ հյուրանոցային համարում պայթել է ինքնաշեն պայթուցիկը, որը, նույն Ենիգոմշյանի պաշտոնական կենսագրականի համաձայն, ԱՍԱԼԱ-ի գործողություններից մեկի շրջանակում նախատեսված էր թուրք հյուպատոսի համար: Մինչդեռ իրականում ոչ մի թուրք հյուպատոսի մասին խոսք անգամ չկար, իսկ պայթուցիկը նախատեսված էր Ենիգոմշյանի և նրա ընկերների հետ չհամաձայնելու համարձակություն ունեցած շվեյցարահայ բարերար ու հայրենասեր  մի գործարարի համար, ով ի դեպ հսկայական աջակցություն է ցուցաբերել Արցախյան հերոսամարտին:

Մեկ այլ մութ պատմություն էլ Ենիգոմշյանի կենսագրության մեջ կապված է սեփական ընտանիքի հետ. անհասկանալի պատճառներով Ալեքը խնդիրներ է ունեցել հարազատ եղբայր Հակոբի հետ, ով դաշնակցական պաշտոնյա էր: Եվ առհասարակ, հայտնի չէ՝ Ենիգոմշյանն ինչո՞ւ է ԱՍԱԼԱ-ի կողմից հռչակվել դավաճան և ինչ հարաբերությունների մեջ է նախկին գործընկերների հետ: Այս ամենը բավականին լուրջ մեղադրանք է Ենիգոշյանի հասցեին, ուստի նա լավ կանի «երկրագնդի վրա արդարություն հաստատելու» փորձերից զատ մեկընդմիշտ պարզաբանի այս  և այլ խոսակցությունները:

Օրինակ՝ հրապարակավ հաստատի կամ հերքի, թե ճի՞շտ են տեղեկություններն այն մասին, որ 1990-91 թվականներին, երբ ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկներից ոմանք որոշեցին վերադառնալ Հայրենիք և միանալ Արցախյան ազատագրական պատերազմին, նրանց և Վազգեն Սարգսյանի միջև տեղի է ունեցել փակ հանդիպում, որի ընթացքում նախկին ԱՍԱԼԱ-ականները բոլոր սրբություններով երդվել են Հայաստանում երբևէ զինված պայքար չմղել, առաջին հերթին՝ միմյանց դեմ, ավելին՝ չզբաղվել քաղաքականությամբ:Եթե այո, ՊՊԾ-ի դեպքերին նույն Ենիգոմշյանի ակտիվ մասնակցություննարդյոք այդ պայմանավորվածությունից շեղում չէ՞:

Այսուհանդերձ, նույնիսկ դեպքերից մեկ տարի անց չկա հարցի պատասխանը, թե, ի վերջո, ի՞նչ նպատակ էին հետապնդում «Սասնա ծռերը» կամ, որքան էլ տարօրինակ չհնչի, արդյո՞ք նրանք որևէ նպատակ ունեին: Խնդիրն այն է, որ ՊՊԾ-ն գրաված անձանցից, թերևս, միայն Վարուժան Ավետիսյանը կարող էր ինչ-որ չափով ներկայանալ որպես առաջնորդին հատուկ որակներ ունեցող անձ: Գործողության մնացած մասնակիցները, հաշվի առնելով նրանց ինտելեկտուալ կարողությունները, կարող էին ընդամենը կատարողներ լինել, ԱՍԱԼԱ-ի ենիգոմշյանական թևին բնորոշ տերմինաբանությամբ՝ «էշ նահատակներ», ովքեր սեփական անձնազոհությամբ նպաստում են բոսերի քաղաքական ու այլ շահերի իրացմանը:

Իրավապահները կզբաղվե՞ն Ալեք Ենիգոմշյանի հայտարարությամբ. «Ժամանակ»

Եվ, թերևս, հենց այստեղ էլ սկսվում է «Սասնա ծռերի» ողբերգությունը: Չի բացառվում, որ գործողության իրական առաջնորդները, մասնավորապես Ժիրայր Սէֆիլյանը, Ալեք Ենիգոմշյանը, ինչպես նաև կալանավորումից խուսափած, և փախուստի մեջ գտնվող Գարեգին Չուքասզյանը, ավելի լայնամասշտաբ գործողություն էին պլանավորել, սակայն Սեֆիլյանի ձերբակալությունը խափանել էր այն: Եվ չի բացառվում, որ Վարուժան Ավետիսյանի որոշմամբ «ծռերը» գնացին ավանտյուրայի, որը գուցե նպատակ ուներ ժողովրդին փողոց հանել, ոստիկանության պատնեշը ճեղքելն ու ՊՊԾ-ում առգրաված զենքի միջոցով փորձ անել միայնակ իրականացնել պլանավորվածը: Բայց վերջնարդյունքում այդ ավանտյուրան ոչինչ չտվեց, և տասնյակ ճակատագրեր խեղեց:

Եթե հաշվի առնենք այն, որ ցանկացած գործողություն կամ իրադարձություն գնահատվում է իր հետևանքներով, ապա ստիպված պիտի լինենք ընդունել, որ 2016-ի հուլիսյան գործողությունը, մեղմ ասած, արկածախնդրության, անհեռատեսության և, թող թույլ տրվի ասել, հիմարության մի այնպիսի պայթուցիկ համադրություն էր, որ գոնե ժամանակակից պատմության մեջ դրան համարժեք գտնելը բավական բարդ գործ է: Նախ, գրավելով ՊՊԾ-ն, «Սասնա ծռերը», կամա թե ակամա, հաստատեցին իրեն գաղափարական կնքահորը՝ Ժիրայր Սէֆիլյանին, իշխանությունների կողմից առաջադրված մեղադրանքները: Զուտ քաղաքական առումով նույնպես գործողությունն իր նպատակին ոչ միայն չծառայեց, այլև ճիշտ հակառակ էֆեկտ ունեցավ այն պարզ պատճառով, որ ամրապնդեց գործող վարչախմբի դիրքերը: Հայտնի ճշմարտություն է, որ երբեք իշխանությունը չի համախմբվում այնքան, որքան այդ իշխանությանն առաջացած սպառնալիքի առկայության դեպքում: Եվ այդ իմաստով «Սասնա ծռերի» գործողությունը յուրատեսակ կրակոց էր օդ, որն իշխանություններին առանձնակի վնաս չհասցրեց (ավելին՝ նույնիսկ հեղինակություն ավելացրեց, քանի որ դժվար է հիշել մի դեպք, երբ շենք-շինություն գրավող և պատանդառու խմբի անդամների վնասազերծման արդյունքում ոչ մի զոհ չի լինում և դա, անկասկած, դեռ տեղ է գտնելու հատուկ ծառայությունների դասագրքերում), սակայն այն աստիճան համախմբեց, որ իշխող կուսակցությունն առանց լուրջ ջանքերի կարողացավ խորհրդարանական որոշիչ մեծամասնություն կազմավորել՝ այդպիսով գոնե հինգ տարով երաշխավորելով իր անփոխարինելիությունը: Եվ, բացի դրանից, այս գործողության արդյունքում իշխանությունները հնարավորություն ստացան գործի դնել ձեռքի տակ եղած ռեպրեսիվ մեխանիզմները՝ զինված պայքարի կողմնակիցներին չեզոքացնելու նպատակով, և դա արեցին գոյություն ունեցող օրենքների շրջանակում: Հետևաբար, որքան էլ դա հակասական չհնչի, «Սասնա ծռերը» ոչ միայն չխարխլեցին գործող ռեժիմի հիքմերը, այլև մեծապես նպաստեցին դրա լեգիտիմացմանը: Իսկ ինչպես նման դեպքերում ասում էր Ֆրանսիայի արտաքին գործոց նախարար Թալեյրանը՝ դա ավելին է, քան հանցագործությունը: Դա սխալ է: 

Հակոբ Հակոբյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА