ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՋԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ

15.11.2016 18:24 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՋԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ

Կիրակի օրը նախագահական ընտրություններ էին Մոլդովայում եւ Բուլղարիայում: Արդյունքներն առավել քան ուշագրավ են: Մոլդովայում հաղթանակ տարավ Սոցիալիստական կուսակցության առաջնորդ, մինչ ընտրությունները ոչ այնքան հայտնի քաղաքական գործչի համարում ունեցող Իգոր Դոդոնը: Բուլղարիայում հաղթողը եւս սոցիալիստների առաջնորդն էր՝ գեներալ Ռումեն Ռադեւը:ԵՎՐՈՊԱՅՈՒՄ 
ԴԵՌ ՈՒՇՔԻ ՉԵՆ ԵԿԵԼ
Հայաստանում հազիվ թե, բացի նեղ մասնագետներից, ծանոթ լինեն Մոլդովայի եւ Բուլղարիայի նոր նախագահների անուններին: Հետեւաբար՝ նրանց մասին միայն մեկ փաստ նշենք՝ երկուսն էլ համարվում են ՌԴ-ի հետ հարաբերությունները արմատապես վերանայելու ջատագովներ: Ավելին՝ փորձագետները համարում են, որ հատկապես այդ ուղղությամբ քարոզչության արդյունքում նրանք հաղթանակի հասան, չնայած այն բանին, որ ողջ պետական ապարատն աշխատում էր այլ թեկնածուների համար: Իսկ դա փաստում է, թե Մոսկվայի հետ հարաբերությունների արմատական վերանայման գաղափարն ինչ խորը արմատներ ունի այդ երկու երկրներում: Ընդ որում, այդ փաստն այնքան ակնհայտ է, որ արեւմտյան մամուլն էլ չի կարողացել շրջանցել: Օրինակ՝ հեղինակավոր « Wall Street Journal»-ն այս մեկնաբանությունն է ներկայացրել՝ «Մոլդովայում եւ Բուլղարիայում ընտրությունների արդյունքները վկայում են, որ Ռուսաստանը ձեռք բերեց երկու նոր դաշնակից Արեւելյան Եվրոպայում»:
Սակայն պակաս ուշագրավ չէ այս ընտրությունների հետ կապված մեկ այլ մեկնաբանություն: Մի շարք վերլուծական աղբյուրներ ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ երկու երկրներում էլ ամերիկյան դիվանագիտական եւ այլ կառույցներն ընտրությունների առաջին փուլում միանգամայն ակտիվ էին: Բայց ահա երկրորդ փուլում, որը հաջորդեց Թրամփի ընտրվելուն, չասենք պասիվ, բայց նախկին ակտիվության հետքն էլ չէր մնացել: Իսկ այս մեկնաբանությունը շատ հետաքրքիր է. «Ամերիկացիները մի տեսակ կաշկանդվեցին, միգուցե չկողմնորոշվելով, թե ինչ ուղղությամբ գործեն: Իսկ դա կաշկանդեց նաեւ այդ երկրների պետական համակարգերին՝ ետ պահելով ամեն գնով իրենց թեկնածուին առաջ տանելու մտքից. ինչ իմանաս, թե իրավիճակն ինչպես կզարգանա, եթե գնաս կեղծարարության եւ հանկարծ զրկվես ամերիկյան աջակցությունից: Արդյունքում՝ լսելի դարձավ ընտրողների իրական նախապատվությունը...»:
Այս իրավիճակը միանգամայն հասկանալի է. եթե անգամ ՆԱՏՕ-ի վերնախավը չի կողմնորոշվում, թե ինչ պետք է սպասի Թրամփից, ապա էլ ինչ անեն Մոլդովայի եւ Բուլղարիայի կարգի փոքրիկ երկրներում ամերիկյան խեղճուկրակ դեսպանները: Իսկ որ ՆԱՏՕ-ում իրոք ծանր մտորումներ են տիրում, հաստատեց նաեւ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ով կարծես այլ տարբերակ չունենալով, ստիպված բրիտանական «The Guardian»-ի էջերով էր դիմել Թրամփին՝ փորձելով համոզել՝ ՆԱՏՕ-ից չհրաժարվել. «Մենք կանգնած ենք անվտանգության առումով խոշորագույն մարտահրավերների առաջ: Հիմա ժամանակը չէ կասկածի տակ դնել Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների միջեւ համագործակցության արժեքավորությունը...»: Պարզ է, թե ՆԱՏՕ-ում, ասենք՝ նաեւ Եվրոպայում եւ անգամ ԱՄՆ մերձավոր դաշնակից Բրիտանիայում այսքան վախեցած են. իր նախընտրական քարոզչության ժամանակ Թրամփը խոսել էր ոչ միայն ՌԴ-ի հետ հարաբերությունները բարելավելու անհրաժեշտության եւ Ղրիմը ճանաչելու հնարավորության մասին, այլ այդ ամենի ֆոնին, ՆԱՏՕ-ն համարել էր «հնացած կազմակերպություն»: Այսինքն, Թրամփը, ի տարբերություն ամերիկյան եւ եվրոպական դեռ գործող վարչակազմերի, ՌԴ-ից ռազմական վտանգ չի սպասում: Իսկ այդ դեպքում, ըստ Թրամփի տարաբնույթ նախընտրական հայտարարությունների, էլ ԱՄՆ-ի ինչի՞ն է պետք «հնացած» ՆԱՏՕ-ն, որը միայն անիմաստ տեղը տրիլիոնավոր դոլարների ծախսեր է տարել: 
Իհարկե, ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի համար միշտ էլ համարվել է Եվրոպայում վերահսկողություն ունենալու գործիք: Բայց դեռ հարց է, թե իրականում Վաշինգտո՞նն է իր ծախսերի հաշվին դա պահելով՝ ավելի մեծ օգուտ ստացել, թե՞ Գերմանիան, որ իրեն է կցել ողջ եվրոպական տնտեսությունը՝ ՆԱՏՕ-ի հաշվին անվտանգության ծախսերը հասցնելով նվազագույնի: Արդյունքում՝ մեծ հարց է, թե իրականում ՆԱՏՕ-ի, զուգահեռաբար՝ նաեւ Եվրոպայի եւ ՌԴ-ի հետ կապված ի՞նչ պլաններ ունի Թրամփը. առհասարա՞կ կհրաժարվի դաշինքից, կբավարարվի միայն Եվրոպայից զորքերը դուրս բերելո՞վ, կամ միգուցե զորքերն էլ կթողնի եւ միայն Եվրոպայից կպահանջի ՆԱՏՕ-ում էականորեն ավելացնել իրենց ծախսերը: Համենայնդեպս, այս երեք տարբերակն էլ ՆԱՏՕ-ի փորձագետները համարում են միանգամայն հավանական, ընդ որում` երեքն էլ Եվրոպայի սրտովը չէ: Բայց ամենավատը այս պահի անորոշությունն է, որը ոչ միայն խուճապի է մատնել եվրոպական քաղաքականությանը, այլ՝ անգործունեության: Հասկանալի է, դեռ կարելի է ասել՝ ժամանակավոր անգործունեության: Բայց դա էլ միանգամից բերեց կորուստների եւ ռուսական դիրքերի տեսանելի ամրապնդման:

ԱՄՆ-ի ԶԼՄ-ները զգուշացրել են միջուկային պատերազմի վտանգի մասին

ՀԱԿԱԱՍԱԴՅԱՆ ՈՒԺԵՐՆ 
ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ
Սակայն ԱՄՆ-ի հետագա քայլերի հետ կապված այդ նույն անորոշությունն առկա է ոչ միայն եվրոպական, այլ նաեւ՝ Մերձավոր Արեւելքի խաղատախտակին այն տարբերությամբ, որ պատերազմն այստեղ էլ ավելի արագ եւ արմատական իրավիճակային փոփոխություններ է առաջ բերում:
Այն, որ ամերիկյան ընտրություններից հետո Մոսուլի ուղղությամբ այդքան քարոզված հարձակումը պետք է սառեցման փուլ մտներ, սպասելի էր: Նույնքան սպասելի էր սիրիական Մոսուլի՝ Հալեպի ուղղությամբ գերակտիվացումը:
Երբ ահա հազիվ էր Թրամփի հաղթանակի լուրը հայտնի դարձել,  սիրիական բանակն անցավ մասշտաբային հարձակման: Նախ՝ դեպի Հալեպից արեւելք, որի խնդիրն էր առավելագույնս ահաբեկիչների հետ արտաքին ճակատային գիծը հեռացնել քաղաքի կենտրոն-արեւելյան հատվածներում ահաբեկչական կառույցների վերահսկողության տակ գտնվող շրջափակված տարածքներից: Դա նախ զրոյացնում է դրսից այդ շրջափակված գոտիներ ճեղքել-դուրս գալու հնարավորությունը: Եվ դրանից էլ ելնելով, անհուսալի վիճակն էապես կթուլացնի շրջափակման մեջ գտնվող խմբավորումների բարոյահոգեբանական մակարդակը: Առավել եւս, որ նրանց մոտ էլ կա լրջագույն անորոշություն՝ նախկինի պես կարո՞ղ են ստանալ արտաքին ուժերի աջակցությունը, թե՞ Թրամփը, ինչպես եւ խոստացել է, իրականում էլ Սիրիայում կպատերազմի ոչ թե Ասադին տապալելու, այլ՝ ահաբեկչության դեմ: Ընդ որում, նույն անորոշությունը նաեւ ահաբեկիչների հետ կապերն ու օգնության տեղ հասնելն իրականացնող հատուկ ծառայությունների մոտ կա. ի՞նչ կլինի, եթե Թրամփն իրականում էլ իր խոստման ետեւից գնա. համենայնդեպս, ընտրություններից հետո էլ է ակնարկել, որ ԱՄՆ-ի խնդիրը ոչ թե Ասադին տապալելն է համարում, այլ՝ ահաբեկչության դեմ իրական պայքարը: Չէ՞ որ նման շրջադարձի դեպքում հատուկ ծառայությունների շատ, այդ թվում՝ բարձրաստիճան ներկայացուցիչներ կարող են մինչեւ իսկ մեղադրվել ահաբեկչությանն օժանդակելու մեջ: Իսկ դա այնպիսի մեղադրանք է, որ «հրաման ենք կատարել» արդարացումը հաստատ չի աշխատի:
Այսպիսով, այս իրավիճակում սիրիական բանակը կարծես թե պատրաստվում է Հալեպի շրջափակված տարածքների ազատագրմանը: Համենայնդեպս՝ ռուսական աղբյուրները տեղեկացնում են, որ ՌԴ Էնգելսի ավիաբազայում ստրատեգիական հրթիռակիր ավիացիան պատրաստ, անձնակազմերը՝ մարտական հերթապահության վիճակում սպասում են մարտական թռիչքի հրամանի ¥հենց այս ռազմաբազայից է ռուսական ստրատեգիական ավիացիան քանիցս թռել` Սիրիայում հարվածներ հասցնելու համար¤: Նույն աղբյուրները փոխանցում են նաեւ, որ մարտական բարձր պատրաստվածության վիճակում են նաեւ սիրիական ափերի մոտ գտնվող ռուսական նավատորմի ֆլագմանները` «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը, «Պյոտր Վելիկիյ» ծանր հրթիռակիրը, «Մոսկվա» հրթիռակիր հածանավը եւ այլն: 
Իհարկե՝ մարտադաշտում իրավիճակը միշտ էլ կարող է անգամ ամենաանկանխատեսելի հունով ընթանալ, եւ իրադարձություններից առաջ չընկնենք: Սակայն շատ նման է, որ Հալեպի տարիներ տեւած ոդիսականը մոտենում է ավարտին: Ընդ որում` նկատենք, որ այս անգամ այն ողջ աղմուկը, որ բարձրացնում էր Արեւմուտքը՝ Հալեպում ամեն մի գործողության հետ կապված, գործնականում չկա: Այսինքն` նաեւ արեւմտյան քարոզչամեքենան եւ այս ուղղությամբ աշխատող մյուս խոսափողերը եւս նույն անորոշության մեջ են. եւ ի՞նչ քարոզեն, երբ ոչ միայն պատկերացում չկա, թե ինչ պատվեր է լինելու, այլ նաեւ՝ պատվեր լինելո՞ւ է, թե՝ ոչ: Եվ եթե այս իրավիճակից օգտվելով, ռուս-սիրիական կողմին վերջապես հաջողվի լուծել Հալեպի խնդիրը, դա միանշանակ բեկումնային կդառնա ողջ սիրիական պատերազմի համար: Հաշվի առնելով նաեւ, որ այն պատկառելի ուժերը, որ այսօր կենտրոնացած են Հալեպում, ազատվելով, արագորեն կտեղափոխվեն այլ ուղղություններ: Կարճ ասած՝ միանգամից տեսանելի կդառնա սիրիական պատերազմի վերջը:
Եվ այդ դեպքում, անկախ նրանից, թե իրականում ինչ ծրագրեր ունի Թրամփը, նա պարզապես ստիպված է լինելու բոլոր պլանները կառուցել հենց այդ փաստացի վիճակից ելնելով:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА