o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եկեք մեր հողերը թուրքի ձեռքից վերցնենք, հետո կորոշենք` որը հայի տարածքն է, որը` քրդինը»

25.03.2016 15:44 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Եկեք մեր հողերը թուրքի ձեռքից վերցնենք, հետո կորոշենք` որը հայի տարածքն է, որը` քրդինը»

Իրաքում, Սիրիայում եւ Թուրքիայում շարունակվում է քրդերի պայքարն ու կոտորածը: Այս տարածքներից մեկում կամ սահմանագծում Քրդստանի ստեղծման, ներկա իրավիճակի ու հայ-քրդական հարաբերությունների մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ ԿՆՅԱԶ ՀԱՍԱՆՈՎԻ հետ, ով նախեւառաջ նշեց, թե ինչ իրավիճակում են այսօր հայտնվել քրդերը Թուրքիայի տարածքում:

«Մենք նրբերշիկ չենք, որ բոլորիս մի կաթսայում եփեն ու դնեն վաճառասեղանին» (Տեսանյութ)

«ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՀԻՄՆՈՎԻՆ ՈՉՆՉԱՑՆԵԼ ՔՈՒՐԴ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

–Թուրքիայում քրդերի վիճակը շատ ծանր է, նրանք ենթարկվում են ցեղասպանության: Թուրքական իշխանությունները պատեհ, թե անպատեհ արտակարգ դրություն եմ մտցնում Դիարբեքիրում, Սուր եւ Ջեզրե քաղաքներում, եւ առանց դատ ու դատաստանի կոտորում են քուրդ ժողովրդին: Իսկ ղեկավարությանը ձերբակալում են, բանտ նետում ու խոշտանգում: Ջեզրեն հիմա վերածվել է ավերակների, ու թեպետ քաղաք է, բայց ոչ մի բան չկա: Նույնը Սուր քաղաքը, որը, եթե չեմ սխալվում, նախկինում կոչվել է Տիգրանակերտ: Թուրքիայի նախագահ Էրդողանն այսպիսով ուզում է հիմնովին ոչնչացնել քուրդ ժողովրդին եւ մարել ազատության կրակը, որ այսօր կա քրդերի մեջ:

– Ինչո՞վ է պայմանավորված, որ Իրաքում քրդերը համագործակցում են Թուրքիայի իշխանությունների հետ, իսկ Սիրիայում եւ հենց Թուրքիայում` պայքարում նրանց դեմ:

– Իրաքյան քրդերը գտնվում են ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ազդեցության տակ, որովհետեւ այնտեղից թուրքերը նավթ են գնում, եւ այսօր իրաքյան Քրդստանն իր գոյությունը պահպանում է այդ նավթային գումարներով: Այնտեղ ծանր է վիճակը, ու դրա համար էլ ինչ-որ տեղ թուրքական ազդեցությունն ավելի մեծ է: Իսկ Սիրիայի ու Թուրքիայի քրդերն այսօր առաջին հերթին իրենց հույսը դրել են սեփական ուժերի վրա: Եվ երկրորդ` ռուսական ազդեցությունը, կարծես թե, մտել է իրենց մեջ: Բայց վերջերս հայտարարեցին, որ պետք է մի ընդհանուր համագործակցություն լինի քրդերի մեջ, եւ մեկը մյուսին պաշտպանի:

- Այնուամենայնիվ, Սիրիայի քրդերի վիճա՞կն է ավելի լավ, թե՞ Թուրքիայի:

- Չէի ասի, թե մի տեղ ավելի լավ է վիճակը, մյուս տեղն` ավելի վատ: Սիրիայի քրդերի բոլոր քաղաքները քանդվել են, հազարավոր զոհեր կան, իսկ մեծ մասը, որոնք Թուրքիայի միջոցով պետք է անցնեին Եվրոպա, ծովի մեջտեղում սպանվեցին ու խեղդվեցին: Սա քողարկված ցեղասպանություն է: Այնպես որ, բոլորի վիճակն էլ շատ ծանր է ու ընդհանրապես, ցեղասպանության եզրին կանգնած ժողովուրդ ենք:

«ԴՐԱՆՔ ՁԵՐ ՀՈՂԵՐՆ ԵՆ ԵՂԵԼ, ԻՆՉՊԵՍ ԱՌԱՋ ԷՐ»

–Որքանո՞վ եք իրատեսական համարում, որ Թուրքիայի տարածքում մի օր հնարավոր կլինի ստեղծել Քրդստան:

– Քրդերը ոչ մի այդպիսի հայտարարություն չեն արել, թե Թուրքիայում Քրդստան են ուզում ստեղծել, նույնը կարող եմ ասել Սիրիայի տարածքում ապրող քրդերի մասին: Նրանք միայն ուզում են իրենց ինքնությունն ապահովել եւ պահպանել: Այսօր ե՛ւ Սիրիայում, ե՛ւ Թուրքիայում քրդերը սահմանադրությամբ, որպես ազգ, չեն համարվում: Քրդերն ուզում են գոնե Թուրքիայի սահմանադրությունը փոխվի, որպեսզի իրենց անձնագրերում «թուրք» բառի փոխարեն, կարողանան գրել` «քուրդ»: Մեր երեխաները մինչեւ հիմա իրենց լեզվով չեն սովորում, արգելված է նույնիսկ քրդերեն երգելը, խոսելը. այս ամենը ֆաշիզմ է: Դրա համար են քրդերն ուզում ստեղծել մի ինքնավար կազմավորում, որպեսզի կարողանան իրենց իրավունքները պաշտպանել: Սիրիայում արդեն իսկ այդ ինքնավարությունը, կարծես թե, դե ֆակտո կա: Նրանք ինքնակառավարման մարմիններ ու ինքնապաշտպանական ջոկատներ են ստեղծել այնտեղ, եւ այսօր տեսնում ենք, որ աշխարհով մեկ քրդերի մասին խոսում են` ասելով, որ լավ աշխատողներ են եւ ինքնուրույն ապրելու համար ուժեղ պայքարողներ: Իսկ գերտերությունները, իրենց շահերից ելնելով, ինչ-որ չափով աջակցում են քրդերին եւ որոշակի վերապահումներով էլ ուզում, որ քրդերը նաեւ ինքնավարություն ունենան:

Ի դեպ, գերտերությունների ազդեցության մասին. Ինչպե՞ս կգնահատեք ՌԴ նախագահ Վ. Պուտինի դիրքորոշումը Սիրիայի հարցում:

– Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Օբաման, կոպիտ ասած, իրենց նավթային շահերով են առաջնորդվում: Եթե իրենց շահերը համընկնում է քրդերի շահերի հետ, ապա քրդերին պաշտպանում են: Հիմա բոլոր ռուսական հեռուստաալիքները քրդերի մասին են խոսում, թե թուրքերը սխալ են, որ կոտորում են նրանց: Բայց թուրքերը դարերով են քրդերին կոտորել: Այդ գերտերությունները իրենց ձայնն են բարձրացնում այնքանով, որքանով դա բխում է իրենց շահերից: Իսկ այսօր 20 միլիոն քրդերին Թուրքիայում կոտորում են, ոչ մեկը ձայն չի հանում, որովհետեւ  այնտեղ դեռեւս շահեր չունեն: Իսկ Սիրիայի 3-4 միլիոն քրդերի մասին, որոնք կռվում են, բարձրաձայնում են, որովհետեւ այնտեղից Վ. Պուտինն ուզում է նավթը տանել իրեն, Օբաման` իրեն:

«Փաշինյանը 3 անգամ սխալ թույլ տվեց ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ». Վ. Լեպեխին

– Սեւրի պայմանագրով նույն այդ տարածքներում, որտեղ հիմա Թուրքիայի լծի տակ ապրում են քրդերը, հայկական հողեր են եղել: Չե՞ք կարծում, որ եթե քրդերն ինքնորոշվեին Հայաստանին պատմական արդարությամբ վերադարձված տարածքներում, կկարողանային հանգիստ ու խաղաղ ապրել:

– Գիտեք, Արեւմտյան Հայաստան եղել է, բայց այսօր չկա, Քրդստան ասում ենք, բայց դա էլ չկա, այլ կա թուրքական պետություն: Դրա համար էլ մեր առաջնորդը, որը հայ ժողովրդի մեծ բարեկամն է, ասում է, որ այդ տարածքները հայերինն ու քրդերինն են, իսկ թուրքերը եկվորներ են, եկեք մենք մեր հողերը թուրքի ձեռքից վերցնենք, հետո մենք` եղբայր ժողովուրդներով, իրար մեջ կորոշենք` որը հայի տարածքն է, որը` քրդինը: Ի դեպ, անցած տարի Դիարբեքիրի քաղաքապետը Հայաստանում էր եւ մի շարք հանդիպումներ ունեցավ այստեղ: Այդ թվում եղավ նաեւ Հայաստանի ռադիոյում, որտեղ կա քրդական հաղորդումների բաժին: Սա մեծ տպավորություն էր թողել Թուրքիայում ապրող քրդերի վրա, որովհետեւ այնտեղ արգելված է, իսկ այստեղ` Հայաստանի ռադիոյով, կարծես թե, ազգային զարթոնք են ապրում: Եվ Դիարբեքիրի քաղաքապետն ասաց. «Ես իմ լեզվին տիրապետելու համար պարտական եմ երկու մարդու` մեկը իմ մորը, որն ինձ ծնել եւ սովորեցրել է քրդերեն, եւ մեկ էլ Հայաստանի ռադիոյին, որ իմ մեջ ազգային զարթոնք արթնացրեց»: Նա ասում էր, որ հայերը եւ քրդերը Դիարբեքիրում ապրել են միասին եւ հիմա իրենք աղքատ ենք զգում իրենց, որովհետեւ մեր հայ եղբայրները չկան, ու հորդորում էր, որ էլի իրար հետ ապրենք` ասելով, որ դրանք ձեր հողերն են, ձեր տարածքները, ինչպես առաջ էր: Քուրդ ժողովրդի կողմից ջերմ բարեկամություն կա այսօր հայերի նկատմամբ: Քրդերը չվախենալով` թուրքական մեջլիսում 6 անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն են առաջ քաշել, ինչի համար ենթարկվել են մի շարք ճնշումների, եւ այսօր էլ Թուրքիայի Քրդական կուսակցությունն իր ծրագրերում ունի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

«21-ՐԴ ԴԱՐՈՒՄ ԱՆԳԱՄ ՔՈՒՐԴԸ ՔՐԴԻՆ Է ՍՊԱՆՈՒՄ»

–Կարո՞ղ ենք ասել, որ այսօր քրդերը գիտեն, թե ով է իրենց բարեկամն ու ով` թշնամին, որովհետեւ Հայոց ցեղասպանության ժամանակ քրդերի երկու բեւեռ կար ` մի քանիսը օգնում էին հայերին, մյուսները` կոտորում...

– Քրդերը պետություն չեն ունեցել ոչ հայերի ցեղասպանության ժամանակ, ոչ էլ հիմա: Թուրքերն են պետական մակարդակով ցեղասպանություն կատարել, եւ այդ ցեղասպանության զոհերից եղել են նաեւ քրդերը: Քրդերը իրենց տներում, երբ պահում էին հայ բարեկամ-հարեւաններին, այդ ժամանակ նրանք նաեւ քրդերին էին սպանում: Այսօր` 21-րդ դարում, անգամ քուրդը քրդին է սպանում, որովհետեւ թուրքական իշխանությունը իր բանակում կռվող քրդերին դոլարային ռոճիկ է տալիս, որպեսզի գնան ու պայքարեն քրդական PPK-ի դեմ: Եվ եթե նրանք կարողանում են 21-րդ դարում քրդին քրդի դեմ հրահրել, ինչո՞ւ չէին կարող այն ժամանակ հայերի դեմ հրահրել, կամ հայերին քրդերի դեմ: Ցեղասպանության ժամանակ ե՛ւ քրդերին են օգտագործել, ե՛ւ հայերին: Անգամ վերջերս լսեցի, թե ինչպես են թուրքերը հայերի միջոցով հենց հայ հրամանատարներին թունավորել: 

Ամեն դեպքում, այսօր հայկական ու քրդական հարցի լուծում տեսնո՞ւմ եք հայերի եւ քրդերի համագործակցությամբ:

– Այսօր արդեն կա այդ համագործակցությունը: Վառ օրինակ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը», որի ցուցակով թուրքական մեջլիսի պատգամավոր ընտրվեց Գարո Փալյանը, եւ հիմա նա մեջլիսում պաշտպանում է հայերի իրավունքները եւ կարողանում է ազատորեն առաջ քաշել հայերի հետ կապված խնդիրներն ու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА