o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼ» ԵՆՔ ՈՒՂԱՐԿՈՒՄ ՄԵԿԻՆ, ՈՎ ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՅԵՐԵՆ ՉԳԻՏԻ

18.02.2020 22:20 ՄՇԱԿՈՒՅԹ
ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼ» ԵՆՔ ՈՒՂԱՐԿՈՒՄ ՄԵԿԻՆ, ՈՎ ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՅԵՐԵՆ ՉԳԻՏԻ

Արդեն հայտնի է, որ «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի երգչուհի ԱԹԵՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ: «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին մասնակցող 12 մասնակիցներից ամենաշատը նա միավոր վաստակեց, ինչը թերեւս ամենեւին էլ նորություն չէր: Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ «Իրավունքը» գրել էր, որ արդեն իսկ «վերեւներում» որոշում է կայացվել` այսպես ասած, «առաջ բրդել» ԱԹԵՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ թեկնածությունը իր` «Շղթաներ քեզ վրա» երգով: Չնայած` նույնիսկ եփած հավի համար ակնհայտ էր, որ Աթենայի համար լրջորեն աշխատում են որոշակի շրջանակներ` հաշվի առնելով, թե նրա երգի յութուբյան դիտումները, թե մինչեւ մրցութային օրը իրականացված փիառ քայլերը: Ըստ էության, Հանրային հեռուստաընկերությունն արդեն իսկ բոլորի փոխարեն որոշել էր, թե ում է ուղարկելու «Եվրատեսիլ»:

«Արդա՞ր, երբ երգի մրցույթում հաղթում է Չերգը, էլ ի՞նչ ասես». Գուժ Դուրգարյանը՝ «Դեպի Եվրատեսիլի» մասին

Այդուհանդերձ, նշենք, որ sms քվեարկության արդյունքում ժողովուրդն ընտրել էր ՎԼԱԴԻՄԻՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ` նրան տալով ամենաշատ ձայները` շուրջ 60 միավոր, մինչդեռ Աթենա Մանուկյանը ստացել էր 50 միավոր: Ա. Մանուկյանին հաջողվեց առաջատար դարձնել միջազգային եւ ազգային ժյուրիի տված ձայների միջոցով, այսինքն` ժողովրդի ձայնն այս անգամ էլ որոշիչ չէր:

 

150 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ` ՀՈՒՆԱՀԱՅ ԵՐԳՉՈՒՀՈՒ ԵՐԱԶԱՆՔՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ողջ տարին Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալած երգիչները, որոնք քրտնաջան աշխատում են` տեսահոլովակներ են թողարկում, մասնակցում այս կամ այն անվճար, բարեգործական, եւ ոչ միայն, համերգներին ու միջոցառումներին, հեռավոր նպատակ ունենալով, որ վաղը իրենց բախտն էլ կժպտա ու հնարավորության դեպքում կմեկնեն «Եվրատեսիլ»: Բայց, արի ու տես, որ թերեւս ՀՀ նոր կառավարությունը երկու տարի առաջ վճռեց ու Սփյուռքի նախարարությունը փակեց, ասելով, որ մեզ Սփյուռքը պետք չէ ու պետք է տուրք տանք տեղականը զարգացնելուն, բայց «Եվրատեսիլի» հայաստանյան պատասխանատուները, անտեսելով դա, ապավինեցին Սփյուռքին ու հայաստանյան հարկատուների` ՀՀ քաղաքացիների վճարած գումարներով, Հայաստանի անունից վճռեցին մրցույթին ուղարկել մեկին, ով դրսում ապրելով, երբեւէ չի հիշատակել իր հայ լինելը, ավելին` նույնիսկ հայերեն մի բառ անգամ չգիտի: Հատկանշական է, որ իշխանափոխությունից հետո մինչ Հայաստանում առաջնորդվում ենք մերժողական քաղաքականությամբ, Եվրոպան այս ընթացքում արդեն երկու անգամ հասցրեց մերժել հայաստանյան պատվիրակներին` «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում: Արդյունքում, արդեն երկու տարի անընդմեջ Հայաստանի մասնակիցը Եվրոպայի ճաշակով չէ ու, բավարար միավորներ չտալով մեր պատվիրակներին, չի հաջողվում հաղթահարել կիսաեզրափակիչն ու, եզրափակչում հայտնվելն այդպես էլ անկատար երազանք է մնում: Թեպետ, այսքանից հետո Հայաստանում դեռ կան միամիտներ, որ շարունակում են երեւակայել, թե հայաստանյան վերջին իրադարձություններից հետո Հայաստանի վարկանիշը բարձրացել է մի քանի անգամ, ու ողջ աշխարհը հիացած է հայերով: Այ, հենց այդ հիացած «վարկանիշն» արտացոլվեց մերժողականությամբ: Իսկ նոր իշխանության եկած եվրոպամետ ղեկավարները ինչո՞ւ չեն իրենց հեղափոխական «վարկանիշն» ու «կապերը» ծառայեցնում այս հարթակում փայլելու համար: Կամ, ընդհանրապես, ինչու չենք մերժում ամենաքաղաքականցված «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը, որը վնասում է մեր պետությանը, թե՛ ֆինանսական, թե՛ բարոյական եւ թե՛ ազգային արժեքների հարցում: Ստացվում է, որ հերթական անգամ, որպես պատերազմող երկիր, մեր հարկերից գոյացած սուղ բյուջեից կլորիկ գումար ենք վճարում` 150 հազար դոլար, Եվրոպական հեռարձակողների միությանը, որ մեր երկրի պետական ալիքը խրախուսի Հայաստանի հետ կապ չունեցող, Հայաստանին հարկեր չվճարող, Հայաստանի մասին իր կարիերայի ընթացքում երբեւէ չհիշատակող «իմպրտնի» մի երգչուհու, ով մեր հաշվին իր սեփական երազանաքներն է իրականացնում, ընդ որում` Հունաստանի անունից մի քանի անհաջող փորձերից հետո:

«Դեպի Եվրատեսիլին» ժողովուրդն ընտրեց Վլադիմիրին, Հ1-ը՝ Աթենա Մանուկյանին

 

Ի ԴԵՊ

«Եվրատեսիլ 2020»-ին Հայաստանը ներկայացնող Աթենա Մանուկյանը եկել է Հունաստանից: Աթենան դեռ մանուկ հասակում մի անգամ արդեն իսկ փորձել է հանդես գալ եվրատեսիլյան բեմում, բայց ոչ թե Հայաստանը ներկայացնելու համար, այլ Հունաստանը, բայց անգամ նախընտրական փուլը չէր հաղթահարել: Դա հեռավոր 2008 թվականն էր` «Մանկական Եվրատեսիլի» ժամանակ:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА