o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԵՆՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ` ԱՆԿԱԽ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»

06.03.2019 17:09
«ՄԵՆՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ` ԱՆԿԱԽ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»

ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆԸ երեկ «Ազդակ» լրագրողական ակումբում հանդիպեց «Իրավունք մեդիա» հոլդինգի խմբագրակազմի հետ: ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, ողջունելով դեսպանի այցը խմբագրություն, նշեց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հարգարժան Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինին, որ ընդունեց «Իրավունք մեդիա» հոլդինգի ղեկավարության հրավերը: «Իրավունք» թերթը հիմնադրվել է դեռ 30 տարի առաջ, եւ այս տարի մենք նշում ենք մեր 30-ամյակը: Հիմնականում այստեղ մարդիկ են, ովքեր աշխատել են ավելի քան 20 տարի եւ կարծում եմ` մենք իրավունք ունենք ասելու, որ այս 30 տարիների ընթացքում թերթն օբյեկտիվ քաղաքականություն է վարել եւ երբեք չի փորձել միջազգային հարաբերություններում տարաձայնություններ մտցնել ժողովուրդների միջեւ, հատկապես հայ-ռուսական հարաբերություններում»:

 

«ՄԵՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏ ԽՈՐՆ ԵՆ ԵՎ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԱԿԱՅԵԼ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ»

Մինչ խմբագրակազմի հարցերին անդրադառնալը` ՌԴ դեսպանը դիմեց Հ. Բաբուխանյանին, ապա անդրադարձավ 30-ամյա «Իրավունքին»:

– Շնորհակալ եմ հրավերի համար, Հայկ Բորիսիչ, մենք Ձեզ հետ մտերիմ հարաբերություններ ունենք, բայց Ձեր մեդիա հոլդինգում առաջին անգամ եմ եւ շատ հաճելի է հանդիպել ձեր թիմի հետ: Ընդ որում` մի թիմի, որը, ինչպես հասկացել եմ, հավատարիմ մարդիկ են, որոնք չեն փոխում իրենց քաղաքական, մարդկային համոզմունքները եւ անկախ բուռն գործընթացներից, փոփոխություններից, ներքին եւ արտաքին ճնշումներից, պահպանում են իրենց համոզմունքներն այնպիսին, ինչպիսին ի սկզբանե ունեցել են: Մեզ համար սա շատ կարեւոր է, որովհետեւ Դուք անձնապես եւ ձեր մեդիա հոլդինգը կարեւոր դերակատարություն ունեք մեդիա դաշտում` բարձրացնելով այն ուժերի ձայնը, որոնք համոզված են, որ Հայաստանի շահերից է բխում լինել միասին Ռուսաստանի հետ: Եվ փաստը, որ այս գիծը պահպանվում է 30 տարի, խոսում է այն մասին, որ սա իսկապես, անկեղծ համոզմունք է: Այս փոփոխությունների շրջանում շատ կարեւոր է, որ նման համոզմունք ունեցող մարդկանց ձայնը հնչի եւ լինի լսելի, ինչի համար կարեւոր է նաեւ, որ ձեր ընթերցողները շատ լինեն: Բացի այն, որ դուք տեղեկատվական դաշտում կարեւոր աշխատանք եք կատարում, արժեքավոր է նաեւ հասարակական դաշտում իրականացվող աշխատանքները, մասնավորապես` կոնֆերանսները, որոնք անցկացնում եք` երիտասարդներին ներկայացնելով հայ-ռուսական հարաբերությունների պատմական ճշմարտությունը եւ միգուցե դրանով օգնում եք, որպեսզի նրանք ճիշտ կողմնորոշվեն այն գործընթացներում, որոնք տեղի են ունենում, եւ կարողանան ձեւավորել սեփական աշխարհայացքն այնպիսին, որը թույլ կտա նրանց ձեռք բերել իմունիտետ, երբ փորձեր կանեն նրանց գիտակցությանը, կողմնորոշումներին մոնիպուլացիայի ենթարկել: Մենք գիտենք, որ այսօր «շատ լավ» տեխնոլոգիաներ են մշակված, որոնք ակտիվ գործարկվում են, այդ թվում` նաեւ Հայաստանում, ընդ որում` զանգվածաբար, եւ դրա հետ կապված կարեւոր է, որ երիտասարդ սերունդը լինի իրականում պրոհայկական եւ ճիշտ գնահատի այն տեղն ու դիրքը, որում գտնվում է իր երկիրը, ազգը եւ իրենց դիրքորումներում, կողմնորոշումներում, քայլերում գիտակցաբար որոշումներ ընդունեն: Այն դիրքորոշումները, որոնք արտահայտում եք Դուք, վստահ եմ, որ արտահայտել են Հայաստանի նախորդ սերունդները` անկախ այն փորձերից, որոնք լավ կազմակերպված, վճարված են, որպեսզի ամեն գնով փոխեն հանրության հոգեբանությունը: Ամեն դեպքում, մեր եղբայրական հարաբերությունների արմատները, որոնք կան մեր ժողովուրդների միջեւ, շատ խորն են եւ կարող են դիմակայել յուրաքանչյուր բացասական ճնշումների: Իհարկե, հանգստանալ պետք չէ, որովհետեւ աշխարհը փոխվում է, նոր սերունդն է գալիս, եւ շատ կարեւոր է, որ այն արմատները, որոնք կան, սնուցվեն: Մենք պետք է ադապտացնենք մեր աշխատանքները այն նոր իրողությունների, հանրային գիտակցության այն յուրահատկությունների հետ, որոնք այսօր ունեն երիտասարդները: Վստահ եմ` Դուք էլ սա շատ լավ գիտակցում եք եւ կիրառում եք նոր մեթոդներ, նոր տեխնոլոգիաներ: Ես ձեզ ցանկանում եմ ստեղծագործական հաջողություններ, եւ Դուք միշտ կարող եք հենվել դեսպանատան աջակցության եւ մեր բարիդրացիական հարաբերությունների վրա: Մենք գնահատում ենք հավատարիմ ընկերներին` անկախ քաղաքական փոփոխություններից, եւ գտնում ենք, որ շատ կարեւոր է, որ Հայաստանում բաց հնչի ձայնն այն քաղաքական եւ հասարական ուժերի, որոնք պաշտպանում են հայ-ռուսական հարաբերությունները:

 

«ՀԱՊԿ-Ի ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԿՈՆԿՐԵՏ ՄԵԾ ԱՇԽԱՏԱՆՔ»

Դեսպան Ս. Կոպիրկինը սիրով պատասխանեց նաեւ խմբագրության լրագրողական հարցերին, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ:

– Պարոն դեսպան, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը շարունակում է թափուր մնալ: Ինչպե՞ս կգնահատեք ստեղծված իրավիճակը:

– Դուք գիտեք, որ ամեն ինչ սկսվեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակով, երբ նա Հայաստանի կողմից հետ կանչվեց: Որքանով տեղյակ եմ, այս հարցը քննարկվում էր նախեւառաջ առաջին դեմքերի մակարդակով, եւ ծագեցին որոշակի տարաձայնություններ: Այդ ամենը պայմանավորված  էր նրանով, որ ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերում հստակ գրված չէ, թե նման դեպքում ինչպես պետք է լուծվի գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: Գուցե, սա նորմալ է, որովհետեւ կազմակերպությունը դեռ ձեւավորվում է եւ բախվելով նման խնդիրների հետ` ադապտացվում եւ կատարելագործվում է: Որքանով տեղյակ եմ,  հստակեցումներ են կատարվում` կանոնադրական փաստաթղթերում ձեւակերպելու այդ ամենը, որպեսզի ապագայում նման իրավիճակների համար հստակ գրված լինի գործողությունների հերթականությունը եւ չառաջացնի ինչ-որ տարաձայնություններ: Սա նաեւ Հայաստանի դիրքորոշումն է, որն ի սկզբանե ասում էր, որ վերջիվերջո, խնդիրը ոչ թե անձերի մեջ է, այլ այն, որ հստակեցվի վերջնականապես գործողությունների հերթականությունը` նման իրավիճակների համար: Ինչ վերաբերում է նոր գլխավոր քարտուղարի նշանակմանը, հարցը մի փոքր կասեցված է` այդ պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի թեկնածության հետ կապված: Չեմ կարծում, որ սկզբունքորեն որեւէ մեկը դեմ է դրան, բայց, ամեն դեպքում, այս պահին աշխատում են խնդրի կոմպլեքսային, կանոնադրական լուծման վրա:

– Որքանո՞վ այս ամենն իր ազդեցությունն ունեցավ ՀԱՊԿ-ի աշխատանքի արդյուանվետության վրա:

– Կազմակերպության աշխատանքի արդյունավետությունը չի տուժել: Հիմա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարում է ՌԴ ներկայացուցիչը` Վալերի Սեմերիկովը, որը շատ փորձառու մարդ է` թե՛ իր պրոֆեիսնոլաիզմով եւ թե՛ իր գործունեությամբ, որը ղեկավարել է ՀԱՊԿ-ի տարբեր ենթակառուցվածքներ` լինելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը: Դրա համար կարծում եմ` պրակտիկորեն այս իրավիճակը ՀԱՊԿ-ի աշխատանքների վրա չի ազդել: Իհարկե, բնական է, որ ԶԼՄ-ներն ուշադրություն են դարձնում առաջին հերթին սուր խնդիրների վրա, բայց ուզում եմ նշել, որ ՀԱՊԿ-ը ռազմական, հատուկ ծառայությունների, միգրացիայի բաժինները կոմպլեքսային խնդիրներ են լուծում մեր երկրներում, մեր տարածաշրջաններում: ՀԱՊԿ-ի  շրջանակներում կատարվում է կոնկրետ մեծ աշխատանք` պրոֆեսիոնալների փոխգործակցությամբ: Ցավոք, այն տեսանելի չէ, դրա համար էլ տպավորություն է ստեղծվում, որ ՀԱՊԿ-ը մի կազմակերպություն է, որտեղ ինչ-որ ճգնաժամեր են խմորվում: Մինչդեռ այդպես չէ, գուցեեւ նման  տպավորության պատճառը որոշ հրապարակումներ են, բայց իրականության հետ դրանք չեն համապատասխանում: ՀԱՊԿ-ում շարունակական աշխատանքներ են իրականացվում, եւ այստեղ կատարելագործվելու տեղ կա այն առումով, որ նաեւ պետք է ներկայացվի անդամ երկրներին այն աշխատանքների մասին, որոնք կատարվում են:

 

«ԱՅՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՆ, ՉԷԻՆ ԿԱՐՈՂ ՉԱԶԴԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ»

– Նիկոլ Վովայիչը, վստահեցնում է, որ հայ-ռուսական հարաբերությունները լավ են, քան երբեւէ եւ նշում է, որ արդեն հաշիվը կորցրել է, թե քանի անգամ են զրուցել Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ: Հետաքրքիր է` իրո՞ք, այդպես է, եթե համեմատենք հայ-ռուսական հարաբերությունները մինչեւ իշխանափոխությունը եղած ժամանակահատվածի հետ: Օրինակ, ինչպես Սերժ Ազատիչի, Ռոբերտ Սեդրակիչի ժամանակ էր...

– Ինձ համար դժվար է համեմատություն անելը, քանի որ ես Հայաստան եմ եկել նախորդ տարվա հունիսի 1-ին` հենց այն ժամանակ, երբ արդեն տեղի էին ունեցել փոփոխություններ: Ի դեպ, իմ գալը համընկավ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա հետ: Իհարկե, այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան, եւ եկան նոր մարդիկ, ընդ որում` տարբեր քաղաքական, հասարակական անցյալ ունեցող, չէին կարող չազդել ռուսաստանյան ընկալումների վրա եւ մի շարք հարցեր չառաջացնել: Հասկանալի է, որ կային որոշ սպասումներ, եւ Ռուսաստանը ուշիուշով հետեւում էր այն գործընթացներին, այն քայլերին, որոնք տեղի էին ունենում, եւ այն հայտարարություններին, որոնք հնչեցվում էին նոր ղեկավարության կողմից: Եվ այս ամենը չէր կարող որոշակի մթնոլորտ չստեղծել մեր հարաբերությունների վրա: Օրինակ, այն գործողությունները, որոնք կատարվեցին «Հարավկովկասյան երկաթգծի» հետ կապված,  մինչեւ հիմա ինձ համար անհասկանալի է, թե ինչ նպատակ էր հետապնդում: Բայց սա մեդալի մի կողմն է, որովհետեւ մյուս կողմից հայաստանյան նոր ղեկավարությունը միանգամից ընդգծեց, որ հայ-ռուսական ռազմական, դաշնակցային հարաբերությունները պահպանվում են, ինտեգրացիոն գործընթացները` շարունակվում: Ռուսաստանը հետաքրքրված է, որպեսզի չփչացնենք եւ պահպանենք մեր հարաբերությունները, որովհետեւ այն մեր խորին համոզմամբ` բխում է Հայաստանի եւ Ռուսաստանի շահերից: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ, ամեն դեպքում, մինչեւ հիմա մեզ այն հաջողվել է անել: Ընդհանուր առմամբ` ամենաբարձր մակարդակով հանդիպումները շատ են եղել, այդ երկխոսությունը մշտապես ընթանում է, այդ թվում` հեռախոսային զանգերը տարբեր հանդիպումներին ընդառաջ: Սա, իհարկե, շատ դրական դեր ունեցավ որոշակի փոխըմբռնման համար երկու կողմից էլ: Միշտ չէ, որ ամեն ինչ հեշտ է, բայց այդ երկխոսությունը կա, եւ մեր երկրի կողմից պատրաստակամություն կա երկխոսելու, ինչը փաստում է, որ մենք, իրոք, առաջնորդվում ենք նրանով, որ մեր հարաբերություննները պետք է պահպանվեն` անկախ քաղաքական փոփոխություններից: Մենք հարգում ենք հայ ժողովրդի ընտրությունը, ինչի համար էլ տեղի ունեցածի վերաբերյալ մեր մեկնաբանություններում եւ դիրքորոշումներում շատ զգույշ եւ խնամքով ենք արտահայտվում: Բոլորովին հետաքրքված չենք, որ Հայաստանում ապակայունացում լինի, խնդիրները աճեն, քանի որ մենք, իսկապես, փոխկապակցված ենք, եւ Հայաստանը մեծ է դեր ունի ինչպես մեր երկու երկրների հարաբերություններում, այնպես էլ ինտեգրացիոն գործընթացներում: Ռուսաստանում դրական ընդունվեց ՀՀ վարչաետի ելույթը ԵԱՏՄ կոլեգիայի նիստի ժամանակ, որտեղ նա  պատրաստակամություն հայտնեց փոխգործակցել ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի ինտեգրացիոն գործընթացներին: Շատ կարեւոր է, թե ինչպես այն գործնականում կկիրառվի: Մեր ավանդական համագործակցությունը ամբողջովին պահպանվել է միջազգային կառույցներում: Մենք զգում ենք հայաստանյան կողմի աջակցությունը, այդ թվում` մեզ համար ոչ սովորական հարցերում, որոնք լինում են, օրինակ, ՄԱԿ-ում: Այս ամենը մենք գնահատում ենք եւ գնահատում ենք նաեւ այն առաքելությունը, որը կատարում է Հայաստանից ուղարկված հումանիտար խումբը Սիրիայում` չնայած խոչընդոտների եւ որոշ երկրների արձագանքի: Շատ կարեւոր է նաեւ, որ քաղաքական հարթակում, բացի պետական ղեկավարության հարաբերություններից, չլռեն նաեւ քաղաքական ուժերը: Մեզ համար շատ կարեւոր է Ձեր (դիմում է Հ. Բաբուխանյանին, - հեղինակ), ձեր կուսակցության, մեդիա հոլդինգի դիրքորոշումը, քանի որ քաղաքական դաշտում պետք է բարձրաձայնվի այս գծի մասին, եւ ավելացվեն դրական տրամադրվածությունները:

Հանդիպման ավարտին` Հ. Բաբուխանյանը դիմելով դեսպանին` մասնավորապես ասաց. «Շնորհակալ ենք, ոգեւորող եւ միեւնույն ժամանակ, մեծ պատասխանատվություն ավելացնող գնահատականների համար: Առաջին հերթին մենք աշխատում ենք` ի շահ Հայաստանի եւ կարծում ենք, որ պետք է պահպանել, ավելացնել ռազմավարական, դաշնակցային եղբայրական հարաբերությունները ՌԴ-ի հետ: Սա մեզ համար կարեւոր նախապայման է` կայուն, ապահով եւ անվտանգ զարգացման եւ մեր երկրի սուվերենության պահպանման համար: Ռուսաստանը ցուցաբերում է աջակցություն մեր երկրի անվտանգության եւ սահմանների պաշտպանության հարցում»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА