ՇԱՏ ԹԱՆԿ ՎՃԱՐԵՑԻՆՔ ՄԵՐ ՍԽԱԼՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Հասարակություն
Դատելով քաղաքացիների շրջանում տիրող տրամադրություններից, որոնք նաեւ սոցցանցերում են տեղ գտնում, ոչ բոլորն են ցանկանում պատվաստվել քովիդի դեմ: Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում, օրինակ, շատերը դժգոհել են «AstraZeneca»-ից՝ պնդելով, որ այդ պատվաստանյութը որակյալ չի կարող լինել: Առհասարակ, պատվաստանյութերի դրական եւ բացասական կողմերի մասին «Իրավունքը» զրուցեց վիրուսաբան ՀՈՎԱԿԻՄ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ, ում դիտարկմամբ.
- Ոչ թե պատվաստանյութի գնով է որոշվում դրա արդյունավետությունն ու անվտանգությունը, այլ՝ կլինիկական հետազոտությունների արդյունքներով: Քովիդի դեմ ստեղծվող պատվաստանյութերը կարող են շատ տարբեր գներ ունենալ, անգամ իրարից տարբերվել երկու կամ երեք անգամ, եւ դա ունի մի քանի պատճառ: Օրինակ, գնագոյացման մեջ էական դեր է խաղում այն տեխնոլոգիան, որի հիման վրա ստեղծվել է: «Աստրազենեկայի» եւ «Սպուտնիկ V»-ի հիմքում մի տեխնոլոգիա է, որը երկար ժամանակ հայտնի է, հետեւաբար՝ արտադրական տեսակետից լավ ավտոմատացված, ինչը նվազեցնում է ծախսերը եւ վերջնական արժեքը: «Մոդեռնայի» պատվաստանյութի դեպքում օգտագործվել է լրիվ այլ տեխնոլոգիա, որը բավական ծախսատար է: Նորից եմ կրկնում, որ բոլոր այն պատվաստանյութերը, որոնք ստանում են հավաստագիր, դրանք արդյունավետ են եւ անվտանգ, անկախ իրենց գնից եւ արտադրող ընկերության անունից:
- Պարոն Զաքարյան, հայտնի է, որ արդեն մարտից մեզ մոտ ռիսկային խմբի անձինք կսկսեն պատվաստվել: Առկա պատվաստանյութերը ի՞նչ դրական եւ բացասական կողմեր ունեն:
- Բոլոր այն պատվաստանյութերը, որոնք անցել են կլինիկական փորձարկումների փուլերով, ստացել են հավաստագրեր: Օրինակ, «Սպուտնիկ V», «Մոդեռնայի» պատվաստանյութերը ունեն 90%-ից բարձր արդյունավետություն եւ անվտանգ են: Հետեւաբար, նման պատվաստանյութերի կիրառման միջոցով հնարավոր կլինի էապես նվազեցնել վիրուսի տարածումը: Ավելին ասեմ, եթե հնարավոր լինի ազգաբնակչության մեծ մասին պատվաստել, ինչպես օրինակ հիմա անում են Իսրայելում, ապա համավարակը մեզ համար կդառնա անցյալ: Մենք շատ թանկ գին վճարեցինք մեր սխալների ու անկազմակերպվածության պատճառով, հետեւաբար հիմա պետք է ամեն ինչ անել, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ պատվաստվեն, եւ կանխեք ապագա դեպքերը:
- Միջազգային մամուլում հատկապես շատ են լուրերն առ այն, որ կորոնավիրուսը կազմակերպված համավարակ է, եւ դրա նպատակներից մեկն էլ այն է, որպեսզի պատվաստումները տարբեր երկրներում դարձնեն պարտադիր:
- Գիտեք, դավադրության տեսությունները միշտ էլ ուղեկցել են պատվաստումային ծրագրերին: Բայց իրականությունն այն է, որ մենք շրջապատված ենք վիրուսներով, հազարավոր տեսակի վիրուսներ վարակում են կենդանիներին, այդ թվում՝ մարդկանց հետ շփվող կենդանիներին, օրինակ՝ կատուներին, շներին, եւ այլն: Միշտ կա հավանականություն, որ որեւէ մի կենդանու վիրուս կարող է թռիչք կատարել իր հին տիրոջից մարդու վրա: Գրիպը դրա ամենավառ օրինակն է: Գրիպի վիրուսը շատ տարածված է կենդանական աշխարհում՝ թռչունների, խոզերի մոտ: Եվ եղել են դեպքեր, երբ թռչուններին վարակող գրիպի վիրուսը սկսել է վարակել նաեւ մարդկանց, այդպես առաջացել է թռչնագրիպը: Հիմա նման բան տեսնում ենք կորոնավիրուսի հետ կապված: Այս վիրուսը նույնպես շատ տարածված է, օրինակ, չղջիկների մոտ: Տվյալ վիրուսի գենոմի հետազոտությունները եւ համեմատություններն այլ կորոնավիրուսների գենոմների հետ թույլ են տալիս հստակ պնդում անել, որ այս վիրուսի նախնին չղջիկների կորոնավիրուսների հետ կապ ունի: Մյուս կողմից՝ մենք գիտենք, որ Չինաստանում շատ տարածված է նման կենդանիների օգտագործումը սննդի մեջ: Հետեւաբար, շատ հավանական է մի վիճակ, երբ վարակված չղջիկի հետ կոնտակտից հետ, մարդը ձեռք է բերել կորոնավիրուս, որն ունակ է վարակել շնչառական ուղիների բջիջները:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ