ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Հայտնի WarGonzo տելեգրամ ալիքը հարցում է տեղադրել, թե ՀՀ քաղաքացիներն ու ընդհանրապես աշխարհասփյուռ հայությունն ում կցանկանար տեսնել ՀՀ վարչապետի պաշտոնում: Մի քանի թեկնածուների անուններ կան, որոնց մեջ է նաեւ դավաճան Նիկոլը: Եվ քվեարկության առնչությամբ քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ զարմանալի բան է նկատել. «Քանի որ վերջերս շատ եմ օգտվում Telegram-ի ալիքների տեղեկատվությունից, սկսեցի հետեւել նաեւ վերոնշյալ քվեարկության արդյունքներին: Ինչ-որ պահից նկատեցի, որ դավաճան Նիկոլի օգտին տրված ձայները սկսեցին մեծ տեմպով ավելանալ: Սկզբում մտածեցի, որ ֆեյքերի ֆաբրիկաներն են գործի դրվել, բայց հետո տեսա նաեւ դրա երկրորդ պատճառը` ադրբեջանցիների սրտացավությունը: Մենակ տեսնեք, թե ինչ ջանասիրությամբ են թշնամի օգտատերերը քվեարկում դավաճան Նիկոլի օգտին ու նաեւ խորհուրդ տալիս միմյանց անպայման օգնել Նիկոլին… Ինչ խոսք, այդպես էլ պետք է լիներ: Դավաճանն էլ երեւի նայում ու ուրախանում է»: Սակայն, ի դժբախտություն հողատուի, հենց քվեարկողները շատացան, նրա ցուցանիշն արագ իջավ մինչեւ 19 տոկոս, եւ չօգնեցին այլեւս ո՛չ ֆեյքերը, եւ ո՛չ էլ թուրքերը:
Մեր պաշտպանությունը մեր անպաշտպանվածության մեջ է` Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ արատավոր թեզին հիմա էլ զարմանալիորեն տեր կանգնեց պաշտպանության նախկին նախարար, ամռանը անչափ լոպազացող ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ իր ընդարձակ հարցազրույցում. «Իմ խորին համոզմամբ, 1994 թվականից հետո հայկական զինված ուժերի կողմից զբաղեցրած աշխարհագրական բնագծերի պայմաններում ամրաշինությունը, առաջնագծում մարտական հերթապահության կազմակերպումը եւ սպառազինումը ժամանակակից սպառազինությամբ եւ տեխնիկայով երկարաժամկետ առումով չէին լուծում արցախահայության անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման գերխնդիրը»: Լավ էլ լուծում էին, եթե քո հողատու Նիկոլը եւ անձամբ դո՛ւ` դավաճան, գերագույն ճիգեր չգործադրեիք բանակը թուլացնելու, պատերազմի ընթացքում միտումնավոր սխալ որոշումներ կայացնելու եւ միտումնավոր տանուլ տալու ուղղությամբ: Եվ զարմանալի է, որ Տոնոյանը ծնկաչոք մեղա գալու եւ Նիկոլի դեմ հրապարակավ ցուցմունք տալու փոխարեն դեռ մի բան էլ մուննաթ է գալիս հանրության, քաղաքական ուժերի եւ 2015-ի սահմանադրության վրա: Սակայն Տոնոյանի գլխավոր տողատակը հետեւյալն է` եթե Նիկոլն ինձ փուռը տա, ապա ես էլ իրեն փուռը կտամ... Կործանվող թիմի ճղճիմ տրամաբանություն:
Իսկ ռազմաքաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ հանգում է զարմանալի, բայց միաժամանակ տրամաբանական հարցադրման` որ Բաքուն միգուցե ապաստան տա հողատու դավաճանին. «Ժողովրդի մի մասը խաբված է, հուսալքված, որովհետեւ 2018 թվականին հավատաց նիկոլին, մի մասն էլ իր դարդ ու ցավից ուժասպառ է: Եվ ահա, այս զույգ դժբախտությունների վրա է պահում իր աթոռը անհայրենիք թշվառականը: Բայց մի մոռացեք, որ Հայն այնքան զորեղ Ազգ է, որ վշտի մեջ էլ կռվել ու պայքարել գիտի: Անառիկ ամրոցի դարպասները թշնամու առաջ ներսից դավադրաբար բացած նիկոլ եւ նիկոլանմաններ, այս ժողովուրդն անթասիբ չէ, ձեր դատ ու դատաստանը անելու է, անելու է իրեն խաբելու, թիկունքից խփելու, իր որդիների արյամբ պահած երկիրը վաճառելու համար, չկասկածեք: Ու շատ շուտով... Հա, ի դեպ, թուրքերը սոցհարթակներում հարցումներ են կազմակերպում եւ հազարներով քվեարկում նիկոլի օգտին: Բաքուն պատրաստվում է ապաստա՞ն տրամադրել իր հարճին»:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ